2024-ից ձկնաբուծարանները պետք է անցնեն արտադրության փակ ցիկլի

2024-ից ձկնաբուծարանները պետք է անցնեն արտադրության փակ ցիկլի

Կառավարության  այն որոշումը, որ  2024-ից ձկնաբուծարանները պետք է անցնեն արտադրության փակ ցիկլի, ձկնարտադրողների մոտ դժգոհություններ է առաջացրել` ընդհուպ փակվելու վտանգ  են կանխատեսում:

Նշենք, որ 2000-ականներից, երբ Արարատյան դաշտում մեծ թափով սկսեցին բացվել ձկնաբուծարաններ, այն ինչ տեղի ունեցավ հետագայում միայն մասնագետներն էին կանխատեսել: Արտեզյան ավազանի մակարդակը նվազեց, ինքնաշատրվանող աղբյուրները ցամաքեցին, որակազրկվեց Արարատյան դաշտի բերրի հողը և Արարատյան դաշտը բռնեց  անապատացման ուղին: Բացի բնապահպանական և ջրային ռեսուրսների խնդիրները, ձկնաբուծարանները նաև հարված են հասցրել գյուղատնտեսության, մի կողմից որակազրկված հողի, ոռոգման վատ կազմակերպման հետևանքով բանջարաբոստանային կուլտուրաների վատ աճ, մյուս կողմից  հիմնականում գյուղերի արոտավայրերի և գյուղնշանակության տարածքների վրա ձկնաբուծարանների հիմնում:

Ըստ մամուլի տարբեր տարիների հրապարակումների, որոնք չեն հերքվել, «սնանկացող» ձկնարտադրողների թվում են Սամվել Ալեքսանյանը, Հովիկ Աբրահամյանը  և այլն:

Բացի այդ, կա, իհարկե, տնտեսական կողմը: Տարիներ շարունակ արհեստական լճակների արտադրանքը ապահովում էին բնակչությանը ձկնամթերքով, իհարկե ձկան որակական հատկանիշները դեռ քննարկման ենթակա են: Արտահանման ավելացմանը զուգահեռ, տեղի սպառողի համար իշխան ձկան գինը տարբեր փուլերում հասել է մինչև 3.500 դրամի:

Շրջակա միջավայրի նախարարությունն Իրավական ակտերի և նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ e-draft.am հարթակում, շրջանառել է «Մակերևութային ջրերի օգտագործված պաշարների և ստորերկրյա քաղցրահամ և թերմալ ջրերի արդյունահանված պաշարների հաշվառման նպատակով տվյալների առցանց փոխանցմամբ ջրահաշվիչ (ջրաչափիչ) սարքերի տեղադրման, կնքման և շահագործման կարգերը սահմանելու մասին» նախագիծը։

Նշվում է, որ անհրաժեշտություն է առաջացել մշակել և հաստատել մակերևութային, ստորերկրյա քաղցրահամ և թերմալ ջրերի օգտագործված (արդյունահանված) պաշարների հաշվառման նպատակով տվյալների առցանց փոխանցմամբ ջրահաշվիչ (ջրաչափիչ) սարքերի տեղադրման, կնքման և շահագործման կարգերը։

 «Էքսպորտ Արմենիա» հայ արտահանողների ասոցիացիայի համահիմնադիր Էմիլ Ստեփանյանի հետ խոսեցինք խնդրի տնտեսական կողմի մասին:

Նա հիշեցրեց, որ Հայաստանը թիվ  մեկ սաղմոնազգի ձուկ արտահանող երկիրն է դեպի Ռուսաստան և երրորդը՝ աշխարհում. Նորվեգիայից և Շվեդիայից հետո: Նա նաև ընդգծեց, որ կենդանական ծագման արտադրանքի արտահանումը խնդիր է, քանի որ երկրները պաշտպանում են իրենց արտադրողին և պետությունն է աջակցում նոր շուկաներ գտնելու հարցում: Հայաստանի ձկնարտադրողների պարագայում արտադրողները կարողացել են ինքնուրույն գտնել այդ շուկաները և այժմ թե կապեր կան, թե առևտրային ուղիներ, թե պայմանագրեր ու  շփումներ, որոնք տարիների ձեռքբերում են:

-Հայաստանը տարեկան մինչև  100 մլն դոլարի արտահանում ունի, 2020թ-ին 60 մլն դոլարի էր: Եվ այս առումով պետությունը մատը մատին չի տվել: Այժմ հայկական իշխանը բրենդ է դարձել,- ասաց նա, միաժամանակ շեշտելով, որ այժմ ունեն մրցակից շուկայում` Թուրքիան է իր ձկնամթերքով:

Ինչ վերաբերում է փակ ցիկլ տեղադրեք, որովհետև Արարատյան դաշտում ջրի խնդրի կա, այս հարցում Էմիլ Ստեփանյանն ունի իր մոտեցումը: Պնդում է, որ Հայաստանի շատ տարածքներում ոռոգման և խմելու  ջրի խնդիր կա, որ կապված չէ Արարատյան դաշտի հետ: Նա համոզված է, որ ջրի օգտագործման  փակ ցիկլի անցնելուց ջրային ռեսուրսների խնդիրը չի լուծվելու, քանի որ ջրային ոլորտում կառավարման խնդիր կա:

-Ջրային ռեսուրսների կառավարման ձախողումը կապում են ձկնաբույծների հետ, քավության նոխազ են գտել ու բիզնեսները աչք են ծակում: Մարդիկ տարիներով քարը քարին են դրել` տնտեսություն են ստեղծել: Մենք տեսնում ենք միայն հաջողված ձկնաբույծների, սակայն կան նաև տասնյակ սնանկացածները,- ասաց Է. Ստեփանյանը:

Իսկ ինչո՞ւ է  ջրի փակ ցիկլին անցնելն այդքան անհանգստացրել ձկնաբույծներին հարցին, պատասխանեց, որ այդ համակարգը թանկ արժե և ոչ բոլորն են ի վիճակի ներդնել ։  Խնդրի լուծման համար առաջարկում է, որ պետությունն աջակցի ձկնաբույծներին․  ֆինանսապես` տոկոսները սուբսիդավորելով կամ  որևէ այլ կերպ, որպեսզի փոփոխությունն անցնցում լինի և եղածը չքանդվի:

Նա նաև հիշեցրեց, որ 1,5 տարի է  արդեն հայկական դրամը արժևորվել է  40 տոկոսով, դրա ընդհանրապես ժամանակը չէ նման կտրուկ որոշումների, և թվարկում է, որ թուրքական ձկան արտահանումը ճնշում է Հայաստանից ձուկ արտահանողներին: 40 տոկոս մարժայի պայմաններում անցնել փակ ցիկլի` ուղղակի ժամանակը չէ և այս կտրուկ մոտեցումը, համոզված է, որ  քանդելու է  ձկնարտադրությունը և բացի այդ, համոզված է, որ ջրի խնդիրը չի լուծվելու, ինչպես եղել է`  այնպես էլ մնալու է:

Էմիլ Ստեփանյանը գտնում է, որ ջրի խնայողության և ջրի օգտագործման փակ ցիկլի անցնել պետք է, քանի որ իրոք խնդիր կա, սակայն  մասնագետները, փորձագիտական խումբ, ձկնաբույծների ներկայացուցչական միությունը և բոլորը պետք է համատեղ աշխատելով հասնեն խնդրի հավասարակշռված լուծմանը: Նա կարևորում է տեխնոլոգիայի ներդրումը` արտահանումը չկորցնելու պարագայում:

-Ձկնաբույծների բիզնեսներին պետք չէ վերաբերվել որպես գիշատիչի, իրենք ևս ռիսկ են կրում` արտաքին շուկաների հետ են աշխատում, և կտրուկ մոտեցումից շոկի մեջ են ընկնում: Չմոռանանք, որ նրանք հարկեր են վճարում,- ասաց նա և հավելեց, որ ձկան ինքնարժեքի հարցը պետք է լուծվի` տեղադրվեն արևային կայաններ և այսօր շատերն ունեն։ Կերի խնդիր ևս առկա է, այն բավականին թանկ է:

-Հայաստանի համար ձկան արտադրությունը և արտահանումը ազգային արժեք է և ազգային ձեռքբերում, մնացած որոշումներն արդեն ածանցյալ են: Իհարկե, չպետք է  մոռանալ նաև բնությանը վնաս չտալու մասին: Սակայն ճիշտ չէ նաև կատեգորիկ և թշնամական վերաբերմունք ցուցաբերել  դեպի ձկնարտադրողները,-ամփոփեց Էմիլ Ստեփանյանը:

Հայաստանի Ազգային ագրարային համալսարանի Ջրային և հողային ռեսուրսների կառավարման ամբիոնի վարիչ, դոկտոր, պրոֆեսոր  Գուրգեն Եղիազարյանն անդրադարձավ խնդրի բնապահպանական կողմին և նշեց, որ  վերջին 20 տարիներին Արարատյան դաշտի արտեզյան ավազանի ինտենսիվ շահագործումը բերել է նրան, որ գրանցվել է ստորերկրյա ջրային ավազանի, գրունտային ջրերի մակարդակի կտրուկ իջեցում, որոնք հանգեցրել են բարդ ագրոէկոլոգիական իրավիճակի:

Պնդեց, որ գրունտային ջրերերի նվազումը և արտեզյան ավազանի կրճատումը բացասաբար են ազդել Արարատյան դաշտի մելիորատիվ հողերի, խմելու և ոռոգման ջրի ջրամատակարարման, տարբեր նպատակով շահագործվող խորքային հորերի աշխատանքային ռեժիմի վրա:

-Փակ ցիկլի անցումը նպատակ ունի  գործող արտեզյան ավազանի ինքնաշատրվանող հորերը բերել նորմատիվային դաշտ, որովհետև ստորերկրյա ջրային ավազանից թույլատրելի շահագործման պաշարները սահմանված են տարվա կտրվածքով 31-32 խոր.մետր / վրկ ելք, սակայն շահագործման ընթացքում այդ ցուցանիշը հասել էր 50  խոր.մետր/ վրկ և ավելիի, գործող ջրառը 1,6-1.7 անգամ գերազանցել է թույլատրելի նորմաները,- ասաց նա:

Բացի այդ, կարևորեց միավոր արտադրանքի վրա թողարկելու ջրի քանակը բերել նորմատիվային դաշտ, որ այն նպաստի  համակարգի կայուն կառավարման  և ոչ թե միայն մեկի ճյուղի շահութաբերությանը:

Այս պահին ի՞նչ իրավիճակ է Արտեզյան ավազանում հարցին պատասխանեց, որ նայել է Մելիորացիա ՓԲԸ-ի անցյալ տարվա հաշվետվությունը, որից երևում է, որ  շնորհիվ կոնսերվացման, փակման կամ փականային ռեժիմի բերման աշխատանքների, նկատվում է գրունտային ջրեր բարձրացման միտումներ:

Համոզված է, որ իրավիճակը հուսադրող չէ և ջրառը այսպես շարունակելու դեպքում Արտեզյան ավազանի վերականգնման համար շատ լուրջ դժվարությունների առջև կկանգնի երկիրը, սակայն այս պահին էլ ուշ չէ, որ կարողանանք վերականգնել  ստորգետնյա ջրի հաշվեկշիռը:

Իսկ ի՞նչ է կատարվում այն ջրաքանակի հետ, որը ձկնաբուծարանում օգտագործվելուց հետո դուրս է հոսում հարցին պատասխանեց, որ  հետադարձ ջրերը Արարատյան կոլեկտորային համակարգի միջոցով ՀՀ տարածքից հեռանում են և խնդիրը նաև այստեղ է, որ այդ թանկարժեք, խմելու ջրի ցուցանիշներ ունեցող ջուրը անխնա օգտագործվում է ձկնաբուծության մեջ և դուրս հոսելուց հետո չի օգտագործվում ոռոգման կամ այլ նպատակներով:

-Արարատյան դաշտի արտեզյան ավազանը անվերջ չէ, այն ունի երկու մեծություն` ստատիկ պաշար, դինամիկ պաշար, պետք է դինամիկ պաշարից ավելի ջրառ չկատարել, որովհետև ստատիկ պաշարը պետք է մնա, որ կարողանանք այդ համակարգը պահապանել,- ասաց Գ. Եղիազարյանը և հավելեց, որ դինամիկ պաշարը սահմանված էր, և ջրառը չպետք է  գերազանցի տարեկան 1 մլրդ խոր.մետր , և  հատկապես ձկնաբուծական տնտեսությունների  հիմնումից հետո, ջրառը կազմել է ավելի քան 2 մլրդ խոր.մետր տարեկան և պետք է  վերադառնալ նախկին նորմատիվներին, որպեսզի հնարավոր լինի վերականգնել Արտեզյան ավազանի պաշարները:

Հարցին, թե ինչպե՞ս է ազդել գրունտային ջրերի նվազումը Արարատյան դաշտի բերրի հողերի վրա, ասաց, որ գրունտային ջրերի նվազումից հետո ֆերմերները  խորքային հորերից  ավելի մեծ ջրաքանակ են վերցվում, քանի որ մեկ քառ մետր ոռոգելու համար ավելի շատ ջուր է անհրաժեշտ:

Ներկայացրեց, որ դրենաժային համակարգով ձկնաբուծարանից հեռացող մեծ ջրաքանակը ոչ միայն հոսում է  հանրապետությունից դուրս, նաև լցվում է հարակից հողատարածքների վրա` առաջացնելով ճահճացում և կրկնակի աղակալում. Ստացվում է, որ մի կողմից ունենք սակավաջրություն, մյուս կողմից հողերի աղակալման և ճահճացման երևույթներ:

Հարցին, թե ինչպե՞ս վարվել ձկնաբուծարանների հետ, քանի որ արդեն կայացած կառույցներ են, ասաց, որ եթե բիզնեսը շահութաբեր է, պետք է  տեղադրել այդ համակարգերը, նաև  հաշվարկել, թե մեկ կգ ձուկ արտադրելու համար քանի՞ խոր.մետր ջուր է օգտագործվում:

-Մեծաքանակ ջուր հանելով ընդերքից` այնտեղ առաջանում են դատարկ խոռոչներ, որն էլ կարող է բերել նստվածքների, դեֆորմացիաների, երկրաշարժերի և որպեսզի կարողանանք բնական հավասարակշռությունը վերականգնել` պետք է  տեղադրվեն ջրի փակ ցիկլի համակարգերը,- ասաց Գ. Եղիազարյանը և հավելեց, որ պետք է  սահմանափակվի օգտագործվող ջրային ռեսուրսը, որը համազգային ռեսուրս է և բացի այդ, անվտանգային հարցեր կան ձկնաբուծարանները պետք է  ներդրումներ կատարեն, նաև գիտական միտքը պետք է աշխատի, որ միավոր քանակի ջրով բարձր արտադրողականություն ապահովեն, նաև անթույլատրելի ջրառ չկատարվի: