1800-ից ավելի խախտում՝ 100-ից ավելի ուսումնական հաստատությունում. տեսչական մարմինն ամփոփում է տարին

1800-ից ավելի խախտում՝ 100-ից ավելի ուսումնական հաստատությունում. տեսչական մարմինն ամփոփում է տարին

ՀՀ կրթության տեսչական մարմինը 2023 թվականին կրթական հաստատություններում կատարել է 152 ստուգում, որից 140-ը նախատեսված է եղել տարեկան ստուգումների ծրագրով։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավար Վաղարշակ Մատիկյանը նշեց, որ տարեկան ստուգումների ծրագրով նախատեսված ցուցանիշն ավելի է 2022 թվականի համեմատ։

«Ստուգված 120 դպրոցում հայտնաբերվել է օրենսդրության 1716 խախտում։ Ստուգված 11 նախադպրոցական հաստատություններում հայտնաբերվել է 71 խախտում, 9 նախնական և միջին մասնագիտական հաստատություններում արձանագրվել է 89 խախտում։ Առավել հաճախ կրկնվող խախտումները նախադպրոցական ուսումնական հաստատություններում վերաբերել են սաների համակազմի ձևավորմանը, մանկավարժական աշխատողների նշանակմանը և ֆիզիկական միջավայրի ապահովմանը։ Դպրոցների պարագայում հաճախ հանդիպող խախտումներ են մանկավարժական աշխատողների նշանակումը, խորհրդակցական մարմինների ձևավորումն ու դրանց գործունեությունը։ Մասնագիտական կրթության ոլորտում կրկին մեծ թիվ են կազմում մանկավարժական աշխատողների նշանակման խախտումները, ուսանողների ընդունելությունը, նրանց վերականգնումը և այլն»,-ասաց Վաղարշակ Մատիկյանը։

Տարվա ընթացքում ՀՀ կրթության տեսչական մարմինն իր աշխատանքներում շեշտադրումներ է կատարել կանխարգելիչ միջոցառումների վրա՝ հանդիպումներ ունենալով շահագրգիռ կողմերի հետ՝ աշակերտներ, ուսանողներ, մանկավարժական կազմ, կրթական հաստատությունների ղեկավարներ։ Կանխարգելիչ միջոցառումների առանցքում իրազեկումն է։

«Ուսանողներից, աշակերտներից ամենատարբեր խնդիրների մասին ենք լսում։ Ուսանողների պարագայում տեղափոխման, ընդհատված կրթության շարունակականությունն ապահովելու հետ կապված հարցեր են բարձրացվում։ Շատ դեպքերում ուսանողները բողոքում են գրադարանների հին ֆոնդից։ Դպրոցներում արձանագրել ենք, որ ՆԶՊ առարկայի ուսուցիչը սովորողներին մասնակից չի դարձրել հրաձգության ռազմակիրառական մարզաձևերի ու քաղպաշտպանության, համայնքային, մարզային հանրապետական մրցումներին։ Մեկ այլ դեպքով տնօրենը ստուգմամբ ընդգրկված ժամանակահատվածում չի հաստատել մանկավարժական աշխատողների ուսումնական պլանը։ Դպրոցներից մեկում արձանագրել ենք, որ նախատեսված է եղել գերմաներենի դասավանդում, սակայն գործնականում չի արվել և այլն»,-ասաց Վաղարշակ Մատիկյանը։

Այս տարի փոփոխություններ են սպասվում տեսչական մարմնի ստուգման աշխատանքներում։ Մասնավորապես, նախկինում տեսչական մարմնի ուշադրության  կենտրոնում է եղել այն, թե որքան է տվյալ ուսումնական հաստատության գործունեությունը համապատասխանում գործող օրենսդրությանը։ Այսուհետ վերահսկողությունը կդառնա առավել բովանդակային, որպեսզի հանրակրթության նոր չափորոշիչների ներդրմանը զուգընթաց այն առավել արդյունավետ և առարկայական լինի։ Այժմ ստեղծվում է գնահատման նոր գործիքակազմ, որը պետք է իր անմիջական ազդեցությունը ունենա կրթության որակի բարելավման ուղղությամբ։