ԵՊՀ-ն և «Լիդիան Արմենիա»-ն հուշագիր են ստորագրել՝ միավորելու ջանքերը երկրաբանության, հանքարդյունաբերության, հանքավայրերի շահագործման և այլ ոլորտներում

ԵՊՀ-ն և «Լիդիան Արմենիա»-ն հուշագիր են ստորագրել՝ միավորելու ջանքերը երկրաբանության, հանքարդյունաբերության, հանքավայրերի շահագործման և այլ ոլորտներում

Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը հունվարի 12-ին ստորագրել են մտադրությունների հուշագիր՝ միավորելու իրենց ջանքերը երկրաբանության, հանքարդյունաբերության, հանքավայրերի շահագործման, լեռնամետալուրգիական, հիդրոերկրաբանության և այլ ոլորտներում որակյալ մասնագետներ պատրաստելու, գիտահետազոտական համատեղ աշխատանքներ ու կրթագիտական այլ ծրագրեր իրականացնելու համար։

ԵՊՀ հաղորդագրության համաձայն՝ հուշագրի շրջանակում կողմերը համատեղ կազմելու են աշխատակիցների որակավորման բարձրացման ծրագրեր, կատարելու են փորձարարական, գիտական, հետազոտական ու կրթական աշխատանքներ, կազմակերպելու են կառուցվածքային առանձին ստորաբաժանումների համատեղ քննարկումներ, խորհրդատվություններ, վերապատրաստման ու որակավորման բարձրացման դասընթացներ և այլ միջոցառումներ։

Բացի դրանից՝ ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ու ֆակուլտետում գործող Կայուն զարգացման կենտրոնի փորձագետների ու ընկերության մասնագետների համատեղ ուսումնասիրությունների արդյունքում մշակվելու են տեխնոլոգիական մեթոդներ, կազմակերպվելու են դրանց ստացման լաբորատոր և արտադրական եղանակների փորձարկումներ։

Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ուսանողների շրջանում հանքարդյունաբերության գործունեության վերաբերյալ գործնական գիտելիքների ձեռքբերման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով համատեղ մշակվելու են դասընթացներ և դաշտային պրակտիկ աշխատանքներ։ Բացի դրանից՝ ուսանողները հնարավորություն են ստանալու իրենց  ուսումնական ու արտադրական պրակտիկաները կազմակերպելու, ինչպես նաև փորձնակություն (ինթերնշիփեր, մենթորշիփեր) անցնելու ընկերությունում։

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը փաստել է՝ ոլորտները, որոնց զարգացման նպատակով հաստատվել է համագործակցություն, կարևոր են մեր երկրի համար, ուստի որակյալ կրթության տրամադրումն ու արհեստավարժ կադրերի պատրաստումը, հիմնախնդիրների վերհանումն ու դրանց լուծումը պետք է առաջնահերթություն լինեն․

«Իսկ որակյալ և ներկայիս պահանջներին ու չափանիշներին համապատասխան կրթություն տրամադրելու երաշխիքներից մեկը հենց աշխատաշուկայի հետ արդյունավետ կապն է»։

«Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը նշել է, որ պատրաստ են ներդնելու իրենց ռեսուրսները և աջակցելու ֆակուլտետի զարգացմանը, երկրաբանության և հանքարդյունաբերության հետ կապված հետազոտական նախագծերի իրագործմանը և այլ ծրագրերի կատարմանը։ Նա նաև ասել է, որ ընկերությունը պլանավորում է կրթաթոշակներ սահմանել ֆակուլտետի բարձր առաջադիմությամբ ուսանողների, ինչպես նաև՝ Ամուլսարի շրջակա համայնքների այն դիմորդների համար, որոնք կնախընտրեն երկրաբանություն մասնագիտությունը:

ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Սարգիս Քելյանը, խոսելով ֆակուլտետի զարգացմանն ուղղված ծրագրերի մասին, կարևորել է գիտական ներուժի արդյունավետ կիրառման, դասախոսների վերապատրաստման ու դիմորդների շրջանում մասնագիտության նկատմամբ հետաքրքրությունը բարձրացնելու անհրաժեշտությունը և հույս հայտնեց, որ համագործակցությունը կնպաստի դրանց իրագործմանը։

Հանդիպմանը կողմերը քննարկել են հուշագրով սահմանված առաջիկա անելիքներն ու համագործակցության ընդլայնման նոր հնարավորությունները։