Գյումրիում մեկնարկել է «Խելացի համայնք, խելացի գյուղ, խելացի բնակիչ» ծրագիրը

Գյումրիում մեկնարկել է «Խելացի համայնք, խելացի գյուղ, խելացի բնակիչ» ծրագիրը
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այսօր ներկա է գտնվել Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնում տեղի ունեցած «Խելացի համայնք, խելացի գյուղ, խելացի բնակիչ» ծրագրի պաշտոնական մեկնարկի միջոցառմանը, որին մասնակցել են ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Յուտակա Աոկին, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը, դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ, հյուրեր։ Այս մասին տեղեկացնում են Շիրակի մարզպետի աշխատակազմից։
Ծրագիրն իրականացվում է «Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» հիմնադրամի կողմից՝ ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատան ֆինանսավորմամբ:
Միջոցառման մասնակիցներին ողջունել ու ծրագրի կարևորւթյան մասին է խոսել Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը՝ նշելով, որ լիազորությունների շրջանակում պատրաստ է աջակցելու մարզի զարգացմանը միտված նախաձեռնություններին․ «Ինձ համար աշխատանքի ուղղորդիչ մոտեցում է դարձել՝ սիրում ես երկիրդ՝ շենացրու մարզդ կարգախոսը, այս սկզբունքով եմ մոտենում խնդիրների լուծմանն ու ծրագրերի իրականացմանը։ Այս ծրագրի մեկնարկի միջոցառումը ևս մեկ առիթ է շեշտելու տեղեկատվական տեխնոլոգիաների և նորարական մոտեցումների կարևոր դերն ու նշանակությունը, ինչի շնորհիվ հնարավորություն է ստեղծվում նպաստել համայնքի զարգացմանը, բարելավել համայնքի բնակչի կենսամակարդակը։ Ուրախալին այն է, որ Շիրակի մարզում ռիսկերի կառավարմանն ու համայնքի կայուն զարգացմանն ուղղված նորարական այս մոտեցումների շնորհիվ հնարավոր կլինի ձևավորել մաքուր էկոհամակարգ, ունենալ տեխնոլոգիական հստակ արտադրանք, տեղադրել արևային վահանակներ, ինչպես նաև Գյումրու երիտասարդ ինժեներների կողմից կստեղծվեն հոսանքի և այլ ծառայությունների խելացի կառավարման համակարգեր։ Առհասարակ, որքան զարգացած է համայնքը տեխնոլոգիական լուծումներով, այնքան դրական ազդեցություն կունենա ինչպես տեղի բնակիչների, այնպես էլ հյուրերի սպասարկման մակարդակի վրա: Մաղթում եմ ձեզ բարի երթ և նոր ձեռքբերումներ»։
Միջոցառման ժամանակ քառակողմ համագործակցության հուշագիր է ստորագրվել ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Շիրակի մարզպետի աշխատակազմի և Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի միջև, ինչպես նաև ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Յուտակա Աոկիի և ԳՏՏԿ-ի գործադիր տնօրեն Ամալյա Եղոյանի միջև պայամանագիր է կնքվել՝ ՀՀ-ում առաջին Կանաչ տեխնոլոգիական կրթական կենտրոնի («ԳրինԹեք») հիմնման վերաբերյալ:
Ծրագրի նպատակն է ստեղծել կանաչ տեխնոլոգիաների հաբ, ավանդական ոլորտներում կիրառելի տեխնոլոգիական հստակ պրոդուկտներ, ձևավորել կանաչ և էկոլոգիապես մաքուր էկոհամակարգ, մեծացնել տեխնոլոգիական և էկո զբոսաշրջությանը խթանող «Chill with Tech» կացարանների թիվը: