Էկոնոմիկայի նախարարությունը չորս ընկերության հետ պայմանագրեր է կնքել․ նախատեսվում է իրականացնել մոտ 17 մլրդ դրամի ներդրում

Էկոնոմիկայի նախարարությունը չորս ընկերության հետ  պայմանագրեր է կնքել․ նախատեսվում է իրականացնել մոտ 17 մլրդ դրամի ներդրում
Հունվարի 12-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում, նախարար Վահան Քերոբյանի ներկայությամբ, տեղի է ունեցել 4 կազմակերպությունների («Յու Էմ Ագրո» ՍՊԸ, «Ագրոպրո» ՓԲԸ, «Եվրոպլաստ 999» ՍՊԸ, «Ջի Էն Սի ալֆա» ՓԲԸ) հետ Էկոնոմիկայի նախարարության՝ «Ենթակառուցվածքներ ներդրումների դիմաց» օժանդակության տրամադրման միջոցառման շրջանակում փոխհատուցման տրամադրման վերաբերյալ պայմանագրերի կնքման արարողությունը։ Էկոնոմիկայի նախարարության կողմից պայմանագրերը ստորագրել է նախարարության գլխավոր քարտուղար Կարեն Սարգսյանը։
Ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության՝ չորս ընկերությունների հետ կնքվող պայմանագրերով նախատեսվում է իրականացնել մոտ 17 մլրդ դրամի ներդրում, ստեղծել 668 աշխատատեղ  Արագածոտնի և Կոտայքի մարզերում, նաև Երևանում։ Նախնական ներկայացված տվյալների համաձայն՝ կառուցված ենթակառուցվածքների դիմաց նախատեսվում է տրամադրել 1,031 մլրդ դրամ օժանդակություն։
Միջոցառման շրջանակում ենթակառուցվածքներ են համարվում ճանապարհները, ջրամատակարարման (այդ թվում՝ ոռոգման նպատակով), ջրահեռացման, գազամատակարարման, էլեկտրամատակարարման և հեռահաղորդակցության համակարգերը։