ՀՀ կենտրոնական բանկի դրամավարկային նոր հիմնակարգի մեկնարկը՝ ռիսկերի խելամիտ կառավարման մոտեցում դրամավարկային քաղաքականությանը

ՀՀ կենտրոնական բանկի դրամավարկային նոր հիմնակարգի մեկնարկը՝ ռիսկերի խելամիտ կառավարման մոտեցում դրամավարկային քաղաքականությանը
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը մտադիր է 2024 թվականին գործարկել նոր վերլուծական համակարգ, որը հայտնի է որպես Երկրորդ սերնդի կանխատեսումների և քաղաքականության վերլուծության համակարգ (ԿՔՎՀ II) (FPAS Mark II): Այս մասին տեղեկացնում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը։
ԿՔՎՀ II-ը կառուցվում է գործող ԿՔՎՀ-ի վրա՝ շեշտադրելով անորոշությունների և թափանցիկության դերը դրամավարկային քաղաքականության իրականացման գործընթացում: Կենտրոնական բանկի կարծիքով, նոր համակարգն ապահովում է կառուցվածքային ու հիմնարար մտածողություն՝ դրամավարկային քաղաքականությունը որպես ռիսկերի կառավարում դիտարկելու և նվազագույն կորուստների մոտեցմամբ քաղաքականություն իրականացնելու համար: Նոր շրջանակն ընդգծում է թափանցիկության բարձրացումը՝ թույլ տալով ավելի հստակ պատկերացում կազմել որոշումների կայացման գործընթացի վերաբերյալ: Դրամավարկային քաղաքականությունը դիտարկելով որպես ռիսկերի կառավարման վարժություն՝ ԿՔՎՀ II-ը թույլ է տալիս ռազմավարական առումով ավելի ճիշտ և համակարգված որոշումներ կայացնել:
Այս միջոցառման կապակցությամբ 2024 թ. հունվարի 11-12-ին ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում  տեղի ունեցավ բարձր մակարդակի գիտաժողով (առցանց)՝ նվիրված դրամավարկային քաղաքականության նոր համակարգի հայեցակարգային և գործառնական տարրերին: Գիտաժողովին մասնակցեցին մի շարք աշխարհահռչակ տնտեսագետներ, այդ թվում՝ Լոուրենս Սամերսը, Չարլզ Գուդհարթը և Աթանասիոս Օրֆանիդեսը: Մասնակիցները քննարկեցին ԿՔՎՀ II-ը և սպասվող մարտահրավերները: Գիտաժողովի ընթացքում տեղի ունեցան նաև քննարկումներ կենտրոնական բանկերի ղեկավար կազմի ներկայացուցիչների մասնակցությամբ:
Գիտաժողովի մանրամասներին կարող եք ծանոթանալ ԿՔՎՀ-ին նվիրված պաշտոնական կայքում՝ https://rmaps.cba.am/​: