Տեղի է ունեցել հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի նիստը

Տեղի է ունեցել հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի նիստը
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի նախագահությամբ՝ տեղի է ունեցել հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի նիստ, որին մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների, ոլորտային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Այս մասին  տեղեկացնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։
Օրակարգում ներառված են եղել հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի և հավասար պայմաններ ապահովելու ուղղությամբ իրականացվող աշխատանքներն ու մարտահրավերները, ֆիզիկական միջավայրի և թվային ծառայությունների մատչելիության, օգտատերերի կարիքների գնահատման խնդիրները։
Նախարար Նարեկ Մկրտչյանը անդրադարձել է ոլորտում իրականացվող բարեփոխումներին և առաջնահերթություններին և նշել, որ օրենսդրական փոփոխություններին զուգահեռ՝ հաշմանդամություն ունեցող անձինք իրենց կենսագործունեության ընթացքում բախվում են ֆիզիկական միջավայրի և տեղեկատվական մատչելիության խոչընդոտների։ Վերջինիս խոսքով՝ հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման, նրանց վերաբերյալ կարծրատիպերի և խտրական վերաբերմունքի, մատչելի և հավասար պայմանների ապահովումը հնարավոր է իրականացնել պետական մարմինների սերտ համագործակցությամբ, գործառույթների լիարժեք իրականացմամբ։
Հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության հետ կապված խնդիրները գույքագրելու և իրավունքների իրացման խոչընդոտները վերլուծելու նպատակով իրականացվում է «disability extra cost» հետազոտություն։ Այն ենթադրում է ֆոկուս խմբեր, ուսումնասիրություններ, տեղեկատվության հավաքագրում և վերլուծություն՝ ըստ հաշմանդամություն ունեցող անձի կենսափուլերի և գործունեության ոլորտների։ Հետազոտության արդյունքները հնարավորություն կտան վեր հանել օրենսդրական և գործառնական բացերը, մշակել և իրականացնել հավասար հնարավորություններ և մատչելի պայմաններ ապահովելուն ուղղված առավել արդյունավետ և հասցեական միջոցառումներ, ծառայություններ, ներդնել ծառայությունների մատուցման կարիքահենք մեխանիզմներ։
Նիստի ընթացքում շահագրգիռ պետական մարմինների ներկայացուցիչները ներկայացրել են հաշմանդամություն ունեցող անձանց համար ֆիզիկական միջավայրի՝ շենքերի ու շինությունների բարելավման առանձին ծրագրերի մշակման նպատակահարմարությունը և դրանց իրագործելիության հնարավորությունը՝ տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից՝ պետական գերատեսչությունների օժանդակությամբ։ Խոսվել է նաև թվային ծառայությունների ներառականության ու մատչելիությանը վերաբերող գործոնների մասին, որոնք նպաստելու են հաշմանդամություն ունեցող անձանց առանձնահատուկ կարիքների բավարարման մակարդակի բարձրացմանը:
Նիստը շարունակվել է հարց ու պատասխանի ձևաչափով, որի ընթացքում մասնակիցները ներկայացրել են իրենց առաջարկներն ու դիտարկումները։