Հայաստանից ԵԱՏՄ արտահանումը գերազանցել է 3 մլրդ դոլարը. տնտեսագետը ավանդաբար արտահանվող ապրանքների աճ չի նկատում

Հայաստանից ԵԱՏՄ արտահանումը գերազանցել է 3 մլրդ դոլարը. տնտեսագետը ավանդաբար արտահանվող ապրանքների աճ չի նկատում

 Հայաստանից Եվրասիական տնտեսական միության երկրներ նախորդ տարվա 11 ամսում արտահանվել է 3 մլրդ 344 մլն 373 հազար դոլարի ապրանք. այս ցուցանիշը գերազանցել 2022-ի ամբողջ տարվա ցուցանիշը (2 մլրդ 510 մլն 271.6 հազար դոլար): Տնտեսագետ Արմեն Քթոյանը, սակայն, ԵԱՏՄ երկրներ և հիմնականում Ռուսաստան ավանդաբար արտահանվող ապրանքների աճ չի նկատում. Հայաստանից արտահանվող ապրանքների մեջ ավելացել են վերաարտահանման բաղադրիչ ունեցող ապրանքները, Հայաստանում չարտադրվող ապրանքները:

Տնտեսագետը նման դիրքորոշում հայտնեց «Արմենպրես»-ի հետ զրույցում:

Ըստ Վիճակագրական կոմիտեի հրապարակած վերջին տվյալների՝ ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը 2023-ի հունվարի-նոյեմբերին Հայաստանի ամբողջ առևտրաշրջանառության 36.9 տոկսն է կազմել՝ 6 մլրդ 605 մլն 963 հազար դոլար ծավալով: Դրա գերակշիռ մասը՝ 6 մլրդ 321 մլն 898 հազար դոլարը եղել է Ռուսաստանի հետ։

«Երբ ասում ենք ԵԱՏՄ-ի հետ, նկատի ունենք Ռուսաստանի հետ, որովհետև առևտրի 90 տոկոսից ավելին Ռուսաստանի հետ է: Մի կողմից Ռուսաստանը շուկա է, որտեղ ավելի ակտիվ գործունեություն ենք իրականացնում, մյուս կողմից պետք է նկատի ունենալ, որ այստեղ վերաարտահանման մասնաբաժինը բավականին նշանակալի է: Բացի այդ՝  կախվածությունը որևէ երկրից ավելացնելով՝ էական չէ, դա կլինի Ռուսաստանը, թե այլ երկիր, ըստ էության, սահմանափակում ենք արտաքին առևտրի դիվերսիֆիկացիայի հնարավորությունները: Այս պարագայում այնքան էլ նպաստավոր իրավիճակ չենք ստանում մեզ համար»,-ասաց Քթոյանը:

Ինչ վերաբերում է արտահանմանը, ապա ըստ վիճակագրության՝ 2023-ի 11 ամիսներին Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանումը 2022-ի նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 52 տոկոսով՝ կազմելով 3 մլրդ 344 մլն 373 հազար դոլար: Սա 11 ամսում Հայաստանից արտահանման ընդհանուր ծավալի գրեթե կեսն է․ հունվարի-նոյեմբերին Հայաստանից ընդհանուր արտահանվել է 6 մլրդ 946 մլն 382.5 հազար դոլարի ապրանք:  2022-ի հունվար-նոյեմբերին Հայաստանից արտահանումը հասել է 4 մլրդ 800 մլն 308.5 հազար դոլարի: ԵԱՏՄ շրջանակում կրկին գերակշիռ մասը՝ 3 մլրդ 167մլն 499.7 հազար դոլարն ուղղվել է դեպի Ռուսաստան՝ 2022-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 49.9 տոկոսով: Թեև Ռուսաստանի հետ համեմատած՝ ԵԱՏՄ մյուս երկրներ արտահանումն այդքան մեծ չի եղել, սակայն 2022-ի 11 ամիսների նկատմամբ ծավալն աճել է: Մասնավորապես, 2023-ի հունվար-նոյեմբերին Հայաստանից Բելառուս արտահանվել է 85 մլն 999.3 հազար դոլարի ապրանք, նախորդ տարվա նկատմամբ աճը 28.1 տոկոս է: Հայաաստանից Ղազախստան արտահանումն աճել է 4.2 անգամ՝ կազմելով 65 667.2 հազար դոլար, իսկ դեպի Ղրղզստան արտահանումն աճել է 4.5 անգամ՝ կազմելով 25 մլն 207.2 հազար դոլար:

Տնտեսագետը, անդրադառնալով բոլոր ուղղություններով Հայաստանի արտահանման ավելացմանը, նկատեց, որ արտահանումն ավելացել է մոտ 2 մլրդ դոլարով: «Մոտ 1.3 միլիարդով ավելացել է թանկարժեք քարերի ու մետաղների արտահանումը, մեքենաների, սարքավորումների արտահանումը՝ 500 միլիոն դոլարով, ավտոմեքենաների արտահանումը՝ 300 միլիոն դոլարով: Ըստ էության, այս երեքի հանրագումարով ստանում ենք հենց այդ 2 միլիարդը: Այսինքն՝ կարելի է ասել, որ Հայաստանի արտահանման աճն ամբողջությամբ կազմված է այն հատվածներում աճից, որոնք չեն արտացոլում հայաստանյան տնտեսության մրցունակցության աճը, այլ պարզապես ավելի շատ վերաարտահանման կամ ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված՝ շոկային իրողությունների մեջ տեղավորվելու դրսևորում են հանդիսանում»,-ասաց տնտեսագետը:

Քթոյանը նշեց՝ կան ապրանքներ, որոնք ավանդաբար արտահանվում են Ռուսաստան, և կան ապրանքներ, որոնք սկսել են վերջին 1 տարվա ընթացքում ավելի շատ արտահանվել: Ավանդաբար արտահանվող ապրանքներից են պատրաստի սննդի արտադրանքը, խմիչքները, գյուղմթերքը, ձկնամթերքը: Ավանդաբար հենց այս ապրանքներն են Հայաստանից Ռուսաստան արտահանման առանցքում: Տնտեսագետը, սակայն, նկատել է, որ այդ ապրանքների արտահանման մասով աճ չկա, կա անգամ նվազում, օրինակ՝ պատրաստի սննդի արտադրանքի արտահանումը նվազել է: Ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2023-ի հունվար-նոյեմբերին 2022-ի նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանից պատրաստի սննդի արտադրանքի արտահանումը նվազել է 0.4 տոկոսով՝ կազմելով 803 մլն 603.5 հազար դոլար: Կենդանի կենդանիների և կենդանական ծագման արտադրանքի արտահանումը 2023-ի 11 ամիսներին նվազել է 41.2 տոկոսով:

«Ավելացել է այն ապրանքների արտահանումը Ռուսաստան, որոնք ոչ թե Հայաստանում են արտադրվել, այլ վերաարտահանման բաղադրիչ ունեն իրենց մեջ՝ մեքենաներ, սարքավորումներ, գեներատորներ և այլն: Այո, այլ հավասար պայմաններում լավ է, որ շատ է արտահանվում, բայց դա չպետք է մեծ պատրանքներ ձևավորի, որ մեր տնտեսությունը շատ է հզորացել և կարողանում ենք նոր հորիզոններ նվաճել»,-ասաց տնտեսագետը:

Անդրադառնալով հարցին, թե տարվա ընթացքում Վերին Լարսի անցակետում առաջացած որոշակի խնդիրները որքանո՞վ են ազդել արտահանման ծավալների՝ վրա՝ Քթոյանը պատասխանեց, որ տևողութունը մեծ չի եղել, հետևաբար դժվար է ազդեցությունը գնահատել: «Համենայնդեպս, այն, որ Լարսը բացասական ներգործություն ունի, ակնհայտ է: Դա ամեն անգամ զգում ենք, երբ նույնիսկ կարճ ժամանակովբ Լարսը փակվում է»,-ասաց տնտեսագետը:

Ըստ նրա՝ եթե տնտեսավարողերը երկաթուղային բեռնափոխադրման այլընտրանք ունենային ավտոմոբիլային բեռնափոխադրումներին, ապա տրանսպորտային ծախսերի մինչև 50 տոկոս տնտեսման հնարավորություն կլիներ, ինչը լուրջ տնտեսման ներուժ է:

Աննա Գրիգորյան