Սուբվենցիոն ծրագրերի վերահսկողության մշտադիտարկման աշխատանքային խումբը մարզպետ Մուշեղ Մուրադյանի հանձնարարությամբ շարունակում է այցելությունները
Սուբվենցիոն ծրագրերի վերահսկողության մշտադիտարկման աշխատանքային խումբը Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի հանձնարարությամբ շարունակում է այցելությունները համայնքներ՝ իրականացված շինարարական աշխատանքների ընթացքին, որակին, առաջացած խնդիրներին տեղում ծանոթանալու և լուծումներ գտնելու նպատակով։
Մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանն աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր այցելել է Արթիկի Լեռնակերտ բնակավայր, որտեղ պետություն-համայնք համագործակցության արդյունքում հիմնանորոգվել է մանկապարտեզի շենքը։ 92 մլն 32 հազար դրամ արժողությամբ ծրագրի գումարի 75 տոկոսը պետությունն է տրամադրել, աշխատանքներն իրականացրել է «Գոհարիկ» ՍՊԸ-ն։ Մանկապարտեզը նախատեսված է 60 երեխայի համար։ Նախագծով տանիքի, ներքին աստիճանների նորոգման, միջնորմների, հատակների կառուցման աշխատանքներ են իրականացվել։
Ներքին և արտաքին հարդարման, ջրամատակարարման, ջրահեռացման, օդափոխության, ջեռուցման, հակահրդեհային համակարգեր են անցկացվել Արթիկի Փանիկ բնակավայրի մշակույթի տանը, սուբվենցիոն ծրագիրն իրականացվել է 2 փուլով։ Ընդհանուր արժեքը 165 մլն 640 հազար դրամ է, կառավարությունը գումարի 45 տոկոսը ֆինանսավորելու է։
Պատասխանատուներն այնուհետ եղել են Հոռոմի մանկապարտեզում, որը կառուցվում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցներով, այն նախատեսված է 75 սանի համար և ունենալու է 3 խումբ: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 190 մլն դրամ։
Բոլոր կառույցների շինարարների հետ զրույցում մարզպետի տեղակալն իրականացված աշխատանքներին կրկին հետևելուց հետո հորդորել է արձանագրված թերացումներն ամենակարճ ժամկետներում շտկել և անել հնարավորը դրանք բացառելու համար։