Փոփոխություններ են նախատեսվում եկամտային հարկի վերադարձի մասին համակարգում

Փոփոխություններ են նախատեսվում եկամտային հարկի վերադարձի մասին համակարգում

Նախագծով առաջարկվում է ըստ մարզերի եւ ըստ տարիների աստիճանաբար կրճատել հիպոտեկային վարկի սպասարկման համար վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի կողմից վճարված տոկոսների գումարների չափով եկամտային հարկի վերադարձման համակարգի կիրառության շրջանակը:

Ազգային ժողովը հունվարի 15-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է ՀՀ հարկային օրենսգրքում նախատեսվող լրացումները, որոնք ներկայացրել է Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը: Մասնավորապես, առաջարկվում է սահմանել, որ եկամտային հարկի վերադարձման համակարգը կիրառելի չի լինելու 2027 թվականի հունվարի 1-ից, եթե գույքը գտնվում է Երեւան քաղաքին հարակից` Արագածոտնի, Արարատի, Արմավիրի եւ Կոտայքի մարզերում, ինչպես նաեւ 2029 թվականի հունվարի 1-ից հետո, եթե գույքը գտնվում է այլ մարզերում, բացառությամբ` Կառավարության հաստատած ցանկում ներառված սահմանամերձ բնակավայրերում գտնվող կամ կառուցվող անշարժ գույքի: 

Օրենքի նախագծով բացառություն է նախատեսված սահմանամերձ բնակավայրերի համար, որոնց ցանկը սահմանված է Կառավարության  որոշմամբ: Նախատեսվում է, որ ընդունվելուց հետո օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարի 1-ից: Առաջարկվում է նաեւ սահմանել, որ ՀՀ ռեզիդենտ ֆինանսական կազմակերպությունից 2025 թվականի հունվարի 1-ից հետո ստացված եւ կառուցապատողից, պետությունից կամ համայնքից փաստացի բնակարան ձեռք բերելուն կամ կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող կառուցապատողից անհատական բնակելի տուն ձեռք բերելուն կամ անհատական բնակելի տուն կառուցելուն փաստացի ուղղված հիպոտեկային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների չափով հիպոտեկային վարկի վարկառուին եւ առկայության դեպքում համավարկառուներին վերադարձման ենթակա եկամտային հարկի ընդհանուր գումարը յուրաքանչյուր եռամսյակի համար չի կարող գերազանցել 750 հազար դրամը:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Ծովինար Վարդանյանը: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության տեսակետը ներկայացրել է Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը: Նա անդրադարձել է գործընկերների ելույթներին` նշելով, որ եկամտային հարկի վերադարձի վերաբերյալ կարգավորումը սոցիալական խնդիրներ լուծելու նպատակ չի հետապնդել, այն նպատակ է ունեցել խթանել շինարարությունը: Պատգամավորը գործընկերներին հորդորել է կողմ քվեարկել նախագծին: