ՏԿԵ փոխնախարար Նարեկ Մանուկյանը դիտարկել է Արագածոտնի մարզի երեք համայնքում պետական և սուբվենցիոն ծրագրերի իրականացման ընթացքը

ՏԿԵ փոխնախարար Նարեկ Մանուկյանը դիտարկել է  Արագածոտնի մարզի երեք համայնքում պետական և սուբվենցիոն ծրագրերի իրականացման ընթացքը
ՀՀ ՏԿԵ փոխնախարար Նարեկ Մանուկյանն Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի, համայնքապետերի հետ դիտարկել է Ծաղկահովիտ, Ալագյազ և Աշտարակ համայնքներում պետական և սուբվենցիոն ծրագրերի իրականացման ընթացքը և արդյունքները։
Ըստ  ՀՀ ՏԿԵ նախարարության հաղորդագրության՝ առաջին կանգառը պետական ծրագրով կառուցվող Ծաղկահովիտի առողջության կենտրոնն էր։ Ծրագրի ընդհանուր արժեքը շուրջ 615 մլն դրամ է, շինաշխատանքները մեկնարկել են 2021թ․, ավարտը նախատեսվում է 2024 թ․։
Հաջորդիվ, պաշտոնատար անձինք այցելել են պետական ծրագրով կառուցվող «Ալագյազի համայնքային կենտրոն»։ 2023 թ․ մեկնարկած ծրագրի ընդհանուր արժեքը շուրջ 350 մլն դրամ է, ավարտը նախատեսվում է 2024թ․։
Փոխնախարարը դիտարկել է նաև նույն համայնքում պետական ծրագրով կառուցվող 144 տեղ հզորությամբ մոդուլային տիպի մանկապարտեզի շինարարական աշխատանքները։
Ծրագրի արժեքը շուրջ 837 մլն դրամ է, ծրագրի ավարտը նախատեսվում է 2024 թ․։
Հաջորդ համայնքում՝ Ապարանում, դիտարկվել է սուբվենցիոն 2 ծրագիր։
Առաջինը Եղիպատրուշ բնակավայրում 2023 թ․ իրականացված գազաֆիկացման աշխատանքներն էին, որոնք ամբողջությամբ ավարտված են։ Ծրագրի արժեքը 138 մլն 915 հազար դրամ էր, որի 60 տոկոսը տրամադրվել է պետական բյուջեից, 40-ը՝ համայնքից։
Փոխնախարարն ու մարզպետը եղել են Ապարան համայնքի Շենավան բնակավայրում` 2022 թ․ սուբվենցիոն ծրագրով նոր կառուցվող մանկապարտեզում։
Ծրագրի արժեքը 282 մլն 993 հազար դրամ է, որի 70 տոկոսը վճարվում է պետական բյուջեից, 30 տոկոսը՝ համայնքային բյուջեից։
Շրջայցի վերջին կանգառը Աշտարակ համայնքի տարբեր բնակավայրերում 2022 թ․ սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում հիմնանորոգվող մանկապարտեզներն էին։
Մասնավորապես, դիտարկվել են Արտաշավան բնակավայրի «Կակաչ» մանկապարտեզ ՀՈԱԿ-ի շենքի հիմնանորոգման և բակային տարածքների բարեկարգման աշխատանքները։ Ծրագիրն ամբողջությամբ ավարտված է, արժեքը 190 մլն 550 հազար դրամ է, որից 70 տոկոսը տրամադրվել է պետբյուջեից, 30-ը՝ համայնքային բյուջեից։
Աշտարակ քաղաքի թիվ 4 Հասմիկ մանկապարտեզ ՀՈԱԿ-ի շենքի հիմնանորոգման և բակային տարածքների բարեկարգման աշխատանքներն էլ ընթացքի մեջ են, ծրագիրը կատարված է շուրջ 60 տոկոսով, ընդհանուր արժեքը 299 մլն 910 հազար դրամ է, որից 70 տոկոսը տրամադրվել է պետբյուջեից, 30-ը՝ համայնքային բյուջեից։
Կառուցվող ու վերակառուցվող բոլոր օբյեկտներում շինարարների հետ զրույցում փոխնախարար Նարեկ Մանուկյանը խիստ կարևորել է աշխատանքները բարձր որակով կատարելու անհրաժեշտությունը։
Մարզպետը համայնքապետերին հորդորել է իրենց հերթին հետևողական լինել` պետական և սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինարարական աշխատանքներում լավագույն արդյունք ապահովելու հարցում։