ՀՀ կառավարությունը ցանկանում է բացառել խտրականության դրսևորումները հանրապետության խոշոր առևտրային ցանցերում

ՀՀ կառավարությունը ցանկանում է բացառել խտրականության դրսևորումները հանրապետության խոշոր առևտրային ցանցերում

Հայաստանի կառավարությունը ցանկանում է բացառել խտրականության դրսևորումները հանրապետության խոշոր առևտրային ցանցերում։ Ազգային ժողովը հունվարի 15-ի նիստում քննարկում է "Առեւտրի եւ ծառայությունների մասին" եւ "Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին" օրենքներում փոփոխությունները:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի խոսքով ՝ վերջին շրջանում հանրապետությունում արագ տեմպերով աճում է խոշոր առևտրային ցանցերի թիվը: Չնայած դրանց դրական ազդեցությանը սպառողների իրավունքների պաշտպանության, այդ թվում՝ ապրանքների գների և լոգիստիկ շղթաների զարգացման վրա, այնուամենայնիվ, նկատվում է ապրանք մատակարարողների նկատմամբ խտրականությանն առնչվող խնդիր: Խոսքը, մասնավորապես, առևտրային ցանցերի կողմից մատակարարված ապրանքների դիմաց վճարման ժամկետների ձգձգման, նոր տնտեսվարող սուբյեկտների ցանց մուտք գործելու փորձերի սահմանափակումների մասին է։ Այս դեպքում տուժում են միջին և փոքր ձեռնարկությունները, որոնք, ելնելով իրենց դիրքից, հաճախ ստիպված են լինում ընդունել խոշոր առևտրային ցանցերի կողմից առաջ քաշված գնային պայմանները։ Հաճախ մատակարարված ապրանքների դիմաց վճարումը հետաձգվում է մինչև 1 տարի, ինչը հանգեցնում է մատակարարների լուրջ ֆինանսական խնդիրների:

Օրինագծերի փաթեթով սահմանվում են առևտրային ցանցերի և դրանց մատակարարների նկատմամբ ընդհանուր պահանջները: Մասնավորապես, առևտրային ցանցերի կայքերում պետք է առկա լինեն ապրանքների մատակարարների հետ հարաբերություններին առնչվող բոլոր տեղեկությունները, ներառյալ՝ աշխատանքային պայմանագրերի վերաբերյալ: Բացի այդ, փաթեթում ներկայացված են մատակարարի ապրանքի ընտրության չափանիշներն ու պայմանները, ինչը թույլ կտա կանոնակարգել նոր մատակարարների առևտրային ցանցեր մուտք գործելու գործընթացը: Սահմանվել են մատակարարին ցանցի վճարման առավելագույն ժամկետները. պարենային ապրանքների համար առավելագույն ժամկետը կկազմի մինչև 30 օր, իսկ ոչ պարենային ապրանքների համար՝ մինչև 60 օր: Օրինագծերի պահանջների խախտման դեպքում արտադրանք մատակարարողներն իրավունք ունեն դիմել Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողով՝ համապատասխան որոշումներ կայացնելու համար:

Ալեքսանդր Ավանեսով

Աղբյուրը՝    finport.am