Ավստրիայի խորհրդարանականները հյուրընկալվել են Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում

Ավստրիայի խորհրդարանականները հյուրընկալվել են Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում

Երախտագիտություն եմ հայտնում Ավստրիայի խորհրդարանին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումը դատապարտող բանաձեւը հոկտեմբերին միաձայն ընդունելու համար: Բազմաթիվ պատգամավորներ հանդես են եկել Ադրբեջանին դատապարտող ելույթներով՝ կոչ անելով Ավստրիայի Դաշնային կառավարությանը սատարել Հայաստանին եւ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ժողովրդին: Հունվարի 17-ին Ավստրիայի Ազգային խորհրդի պատվիրակությանը խորհրդարանում հյուրընկալելիս այս մասին ընդգծել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը:

Բանաձեւն անդրադառնում է տարբեր միջազգային մարդասիրական կազմակերպությունների՝ ազատ եւ անխոչընդոտ, երկարատեւ մուտքը Լեռնային Ղարաբաղ ապահովելուն, ինչպես նաեւ ԼՂ մշակութային արժեքների եւ եկեղեցիների համապարփակ պաշտպանությանը: Այս համատեքստում պատգամավորը տեղեկացրել է, որ ընդամենը երկու օր առաջ ադրբեջանական յութուբյան ալիքներից մեկում հրապարակված տեսանյութում, որը նկարահանվել է ԼՂ Հաթերք գյուղում, երեւում է, որ գյուղի ինքնապաշտպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրը եւ շրջակա գերեզմանոցը ենթարկվել են վանդալիզմի:

Նա հավաստիացրել է, որ նման տեսանյութերը, ցավոք, բազմաթիվ են: Ռուստամ Բաքոյանը կարեւորել է եվրոպական երկրների, այդ թվում՝ Ավստրիայի կողմից Ադրբեջանի նկատմամբ ճնշումներ գործադրելը եւ պատժամիջոցներ կիրառելը, ինչի արդյունքում այդ պետությունը կհրաժարվի Հայաստանի նկատմամբ հարձակողական մտադրություններից եւ ագրեսիվ գործողություններից:

Ավստրիայի Ազգային խորհրդի «Կանաչներ» խմբակցության անդամ Էվա Էռնստ Ձիձիչը համոզմունք է հայտնել, որ վերոնշյալ բանաձեւն առաջինը չէր եւ վերջինը չի լինելու, քանի որ Հայաստանում իրավիճակը շարունակում է բարդ մնալ նաեւ մարդասիրական խնդիրների տեսանկյունից, որի շրջանակում Ավստրիան հետագայում ավելի շատ անելիք կունենա:

Վերը նշված բանաձեւը հանդես է գալիս նաեւ Հայաստանին անհրաժեշտ միջոցների տրամադրման օգտին՝ հումանիտար իրավիճակի հետագա կայունացման նպատակով: Այս առումով հանձնաժողովի փոխնախագահը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին օժանդակելու ծրագրերը, նշել, որ ՀՀ կառավարությունը կարճաժամկետ ծրագրերով խնդիրները լուծել է, սակայն միջնաժամկետ եւ երկարաժամկետ կտրվածքով ժողովրդավար երկրների աջակցության կարիքն ունի:

Հանձնաժողովի անդամներ Արթուր Հովհաննիսյանը, Մարինա Ղազարյանը եւ Տիգրան Պարսիլյանն անդրադարձել են տարածաշրջանային եւ անվտանգային խնդիրներին, երկկողմ մշակութային ու տնտեսական կապերի ակտիվացմանը: Կարեւորվել է Ավստրիայի աջակցությունը վիզաների ազատականացման գործընթացում:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն ընդգծել է, որ մեր երկիրը 2018 թվականից հետո ընտրել է ժողովրդավարության ճանապարհը, եւ այս իմաստով եվրոպական ինտեգրումն ու եվրոպական քաղաքակրթությունը Հայաստանում զարգացնելը մեզ համար կենսական նշանակություն ունի: Ըստ նրա՝ Հայաստանի համար ժողովրդավարությունը նաեւ անվտանգության գործոն է: Այս համատեքստում ընդգծվել է եվրոպական երկրների աջակցությունն անվտանգային, տնտեսական եւ ժողովրդավարության հարցերում:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ փոխադարձ այցերի ակտիվացմանը, ժողովրդավար երկրների լավագույն փորձի ուսումնասիրությանն ու  տեղայնացմանը: Կարեւորվել է երկու խորհրդարանների համանման հանձնաժողովների սերտ համագործակցությունը: