Ճապոնական նավագնացային ընկերությունները ամբողջությամբ դադարեցնում են փոխադրումները Կարմիր ծովով

Ճապոնական խոշորագույն նավագնացային ընկերություններն ամբողջությամբ դադարեցնում են փոխադրումները Կարմիր ծովով՝ տարածաշրջանում իրավիճակի վատթարացման պատճառով։ Այս մասին հայտնում է NHK հեռուստաալիքը։
Ինչպես նշվում է, համապատասխան որոշումը կայացրել են NYK Line-ը, Mitsui OSK Lines-ը և Kawasaki Kisen Kaisha-ն։ Մինչ այժմ նրանք սահմանափակել էին փոխադրումները միայն Իսրայելի հետ կապված նավերի համար:
Այլընտրանքային երթուղին կլինի Հարավային Աֆրիկայում գտնվող Բարի Հույս հրվանդանով, ինչը կբերի ավելի երկար առաքման ժամանակի և ավելի բարձր առաքման ծախսերի:
Հիշեցնենք՝ ավելի վաղ ճապոնական Suzuki ընկերությունը հայտարարել էր, որ մեկ շաբաթով կդադարեցնի Հունգարիայում իր հավաքման գործարանի աշխատանքը՝ Կարմիր ծովում ստեղծված իրավիճակի պատճառով Ճապոնիայից բաղադրիչների, այդ թվում՝ շարժիչների մատակարարման խափանման պատճառով։
Աղբյուրը՝ b24.am