Հայաստանում Չինաստանի դեսպան Ֆան Յունն այցելել է Հայաստանի ատոմակայան

Հայաստանում Չինաստանի դեսպան Ֆան Յունն այցելել է Հայաստանի ատոմակայան

Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յունի գլխավորած պատվիրակությունը  ճանաչողական նպատակով այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան։

Ըստ Հայկական ատոմային էլեկտրակայանի հաղորդագրության՝ կայանի արտադրական տարածքում կազմակերպված տեխնիկական շրջայցի ընթացքում պատվիրակությունը ծանոթացել է էլեկտրաէներգիայի արտադրության տեխնոլոգիական շղթայում ներառված հիմնական և օժանդակ համակարգերի ու սարքավորումների աշխատանքին:

Շրջայցից հետո «ՀԱԷԿ» ՓԲԸ ղեկավարության հետ կայացած խորհրդակցության ընթացքում դիտարկվել են երկու երկրների միջև ատոմային էներգիայի բնագավառում համագործակցության հնարավորությունները:

«ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը տեղեկացրել է, որ մեկնարկել են թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարացման նախագծի շուրջ աշխատանքները, որոնց համար հայտարարվող մրցույթներին կարող են մասնակցել նաև ոլորտում ընդգրկված չինական ընկերությունները:

Բացի այդ, անդրադարձ է եղել նաև Հայաստանի Հանրապետությունում նոր էներգաբլոկի կառուցման նախագծին. ըստ այդմ՝ նախանշվել են դիվանագիտական գերատեսչության միջնորդությամբ չինական ոլորտային կազմակերպությունների հետ փոխգործակցությունն առավել առարկայական դարձնելու եղանակները:

Փոխադարձ քննարկումների արդյունքում կողմերը ողջունել են համագործակցության պատրաստակամությունն ու դրական են գնահատել այդ ուղղությամբ տեսանելի նախադրյալները: