«Ռազմավարական զարգացման գործակալություն»-ը սահմանամերձ բնակավայրերում անասնապահության զարգացման ծրագրեր է իրականացնում

«Ռազմավարական զարգացման գործակալություն»-ը սահմանամերձ բնակավայրերում անասնապահության զարգացման ծրագրեր է իրականացնում

Հայաստանի անասնապահությամբ զբաղվող համայնքների ներառական և կայուն գյուղատնտեսական աճին ներքին և արտահանման շուկաներում մասնավոր հատվածի արտադրողականության և մրցունակության բարձրացման միջոցով նպաստելու նպատակով սահմանամերձ շուրջ 70 բնակավայրում «Ռազմավարական զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպության կողմից իրականացվում է «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս 2» ծրագիրը։

Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց  ծրագրի ղեկավար Վահե Հովհաննիսյանը՝ նշելով, որ ծրագիրն իրականացվում է Ավստրիայի զարգացման գործակալության ֆինանսավորմամբ՝ Շիրակի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում։ 

Այն մշակվել է՝ հաշվի առնելով «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից վերջին 14 տարիների ընթացքում Սյունիքի, Գեղարքունիքի և Շիրակի մարզերում իրականացված անասնապահության զարգացման ծրագրերի արդյունքներն ու ձեռքբերումները։

«Ծրագրի շահառու են հանդիսանում 14 կաթ վերամշակողներ, 6 սպանդանոց, 10 առաջատար ֆերմաների տնտեսվարողներ, արոտների ենթակառուցվածքների բարելավման աշխատանքներում ընդգրկված 70 համայնք։ Այս ընթացքում  կազմակերպության կողմից  տարբեր  ծրագրերով Հայաստանում շուրջ 106 անասնաբուժական կետեր են հիմնվել»,-մանրամասնեց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ կազմակերպության ծրագրերի անուղղակի շահառուների թիվը հասնում է 20 հազարի։

Ծրագիրը հիմնված է ներառական շուկայական համակարգերի զարգացման (IMSD) սկզբունքների վրա, այն է՝ անասնապահության ոլորտում ներգրավված ուղղակի շահառուների կարողությունների զարգացման շնորհիվ իրականացնել ծառայությունների կայուն մատուցում և համակարգային փոփոխություններ:

Նպատակը 140 տեղական դերակատարների (մասնավոր և հանրային) կարողությունների զարգացմանը, շուկայի մասնակիցների և շահագրգիռ կողմերի միջև համագործակցության ու կապերի ամրապնդմանը նպաստելն է՝ կայուն և ներառական ծառայությունների մատուցման ու համակարգային փոփոխության միջոցով:

Ըստ Հովհաննիսյանի՝ շահառու դառնալու համար կարող են դիմել ծրագրի թիրախային մարզերի վերամշակողները, սպանդանոցները, ֆերմերները, մասնավոր անասնաբուժական ծառայություններ մատուցել ցանկացող անասնաբույժները,  ինչպես նաև համայնքները, որոնք արոտների ենթակառուցվածքներ են ցանկանում հիմնել։

Մասնավորապես՝ ֆերմերների դեպքում դասընթացների միջոցով սկզբում աջակցություն է ցուցաբերվում կարողությունների զարգացման գործում, այնուհետև նաև ունեցած կենդանիներն ավելի բարձր մթերատու հատկանիշներով կենդանու փոխարինելու հարցում։  Այս պարագայում՝ սուբսիդավորվում է ձեռք բերվող կենդանիների արժեքի մի մասը։

Սահմանամերձ բնակավայրերում արոտավայրերի օգտագործման անվտանգության հետ կապված խնդիրներով պայմանավորված մեկ այլ ենթածրագրով ֆերմերներին աջակցում են բարձրարժեք անասնակերի արտադրությամբ զբաղվելու գործում։

Պանրի գործարանների տնտեսվարողները ծրագրի շահառու դառնալու դեպքում կարող են օգտվել արտադրանքի ավելացմանը միտված՝ անձնակազմի կարողությունների զարգացման դասընթացների ու տեխնիկական վերազինման, սարքավորումների տրամադրման հնարավորությունից։

«Մեր ծրագրերը կարճաժամկետ չեն։ Օրինակ, մեր «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս 2» ծրագիրը մինչև 2025 թվականն է։ Մեր կառույցի կողմից իրականացվում են նաև այլ ծրագրեր՝ ուղղված միջին մասնագիտական կրթությանը,  կայուն տուրիզմի զարգացմանը և ոլորտների  թվայնացմանը»,-ասաց Վահե Հովհաննիսյանը։

Ծրագրերի իրականացման համար ՌԶԳ-ն համագործակցում է ՀՀ էկոնոմիկայի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների, իսկ կրթական ծրագրերի իրականացման համար՝ ԿԳՄՍ նախարարության հետ։ Համագործակցում են նաև  Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ։

«Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ն հիմնադրվել է 2002 թվականին` նպատակ ունենալով նպաստել Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացմանը: Նրա հիմնական նպատակն է` իրականացնել նորարարական մասնակցային գործառնական ծրագրեր, բարձրակարգ մասնագիտական հետազոտություններ և ուսումնասիրություններ, անցկացնել դասընթացներ, սեմինարներ, գործարար և իրավաբանական խորհրդատվություն, համագործակցություն/ փորձի փոխանակում և այլն: Կազմակերպությունը գյուղատնտեսության և համայնքների զարգացման ծրագրեր է իրականացնում 2003 թվականից Տավուշի, Շիրակի, Լոռու, Սյունիքի և Վայոց Ձորի մարզերի ավելի քան 200 բնակավայրերում: