ԼՂ-ից բռնի տեղահանված և Ախուրյանում վերաբնակեցված 90-ից ավելի ընտանիքի տեխնիկական սարքավորումներ են տրամադրվել
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքները, որոնք բնակություն են հաստատել Շիրակի մարզի Ախուրյան համայնքում, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից՝ «CapSLoc. Կարողունակ և կայուն համայնքահեն զարգացում» ծրագրի միջոցով, որպես աջակցություն՝ ստացել են էլեկտրատեխնիկա:
Ծրագիրն իրականացնում է ՀԿ Կենտրոնը՝ գործընկեր 4 կառույցների համատեղ ջանքերով։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ տվյալ աջակցությունից օգտվում է ավելի քան 90 ընտանիք՝ 380 անձ:
«Այս պահի դրությամբ տեխնիկական սարքավորումների տեսքով մոտ 18 մլն դրամի աջակցություն է տրամադրվել ընտանիքներին՝ սառնարաններ, լվացքի մեքենաներ, տաքացուցիչներ, միկրոալիքային վառարաններ, կարի մեքենաներ, արդուկներ և այլն: Բոլոր սարքավորումները գնվել են ընտանիքների կարիքների գնահատումից հետո»,-«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց ծրագրի ղեկավար Արփինե Հակոբյանը՝ հույս հայտնելով, որ ծրագրի շրջանակներում ձևավորված տեղական առաջնորդների ակտիվ խմբերում կընդգրկվեն նաև Լեռնային Ղարաբաղից տեղահանված և Ախուրյան համայնքում բնակվող անձիք:
Համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանի խոսքով՝ այս պահին Ախուրյան խոշորացված համայնքի տարբեր բնակավայրերում վերաբնակեցված է ԼՂ-ից տեղահանված մոտ 100 ընտանիք: Այս ընտանիքները, հիմնականում, ցանկություն են հայտնում մնալու համայնքում: Նրանցից ոմանք արդեն աշխատանքի են անցել և՛ մասնավոր, և՛ պետական համակարգերում:
Արմենուհի Մխոյան