Ամուլսարի հանքը շահագործող ընկերության 12,5 տոկոս բաժնետոմսը կանցնի կառավարությանը

Ամուլսարի հանքը շահագործող ընկերության 12,5 տոկոս բաժնետոմսը կանցնի կառավարությանը

Ամուլսարի հանքավայրը շահագործող «Լիդիան Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությունը Հայաստանի կառավարությանն է նվիրաբերել իր բաժնետոմսերի 12,5 տոկոսը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, կառավարության հունվարի 18-ի նիստում համապատասխան նախագիծը ներկայացրեց Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը։

Նա հիշեցրեց, որ 2023 թվականին կառավարության, Եվրասիական զարգացման բանկի և «Լիդիան Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությունը միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր։ Հուշագրով նախատեսված է դիտարկել Ամուլսարի հանքավայրի նախապատրաստական, շինարարական և հետագա շահագործման աշխատանքների շարունակման հնարավորությունը։

«Ծրագրի արդյունավետ իրագործման համար «Լիդիան Արմենիա» ընկերությունը պարտավորվել է ապահովել առնվազն 250 միլիոն դոլարի չափով ներդրումներ։ Շինարարության ընթացքում «Լիդիան Արմենիա» ընկերությունը պարտավորվել է վճարվող բնապահպանական հարկից ազդակիր համայնքներին բնապահպանական ծրագրերի իրականացման համար մասհանումներից բացի տրամադրել նաև 7 միլիոն դոլարի չափով տարեկան ֆինանսական աջակցություն յուրաքանչյուր 12 ամսյա ժամանակահատվածի համար։

Հուշագրի շրջանակներում ընկերությունը պարտավորվել է նաև կառավարությանը նվիրատվությամբ տրամադրել «Լիդիան Արմենիա» ընկերության կանոնադրական կապիտալի 12,5 տոկոս բաժնետոմսերը։

Նախագծով առաջարկվում է ընդունել հուշագրից բխող բաժնետոմսերի նվիրատվությունը»,- ասաց Իսպիրյանը։

Միաժամանակ, նախագծով նախատեսվում է բաժնետոմսերի կառավարման լիազորությունը վերապահել Էկոնոմիկայի նախարարությանը, և նշյալ նվիրատվությունն ընդունելու համար Էկոնոմիկայի նախարարությունը կկնքի համապատասխան պայմանագիր։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Ամուլսարի հանքի հետ կապված բոլոր հարցերի պատասխանները կառավարությունը ստացել է և հնարավոր է համարել այն շահագործել։ 

«Վերջին վեց տարում անընդհատ առնչվել ենք Ամուլսարի հանքի հետ կապված խնդիրներին։ Եվ, իհարկե, եղել են բազմաթիվ մտահոգություններ, և կառավարությունը հետևողական է եղել այդ բոլոր մտահոգությունների հետևից գնալու, հարցերի պատասխանները ստանալու առումով։ Այն ժամանակ, երբ այդ բոլոր հարցերի պատասխանները ստացանք, հնարավոր ենք համարել նախագծի շարունակումը։ Նաև շատ ողջունելի է, որ ներդրողները՝ մեկ օրինակի հետևելով ցանկացել են, որ ժողովուրդը՝ ի դեմս կառավարության, մասնակցություն ունենա և բաժնեմաս ունենա այդ նախագծի մեջ։ Եվ տվյալ դեպքում 12,5 տոկոսը պետք է անցնի Հայաստանի կառավարությանը, այսինքն՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդին։

Բացի օրենսդրությամբ սահմանված վճարումներից, ամեն ազդակիր համայնքի կվճարվի տարեկան 7 միլիոն դոլար։ Տվյալ դեպքում Ազդակիր համայնքներն են Ջերմուկ համայնքը, Սիսիան խոշորացված համայնքը և Վայք համայնքը»,- ընդգծեց վարչապետը։

Փաշինյանի խոսքով՝ Ամուլսարի հանքի շահագործումն այս մոդելով բազմաթիվ մտահոգությունները փարատում է, նաև լրացուցիչ խթան կլինի Հայաստանի տնտեսական աճի և տնտեսական զարգացման համար։

«Մենք հույս ունենք, որ Ամուլսարի հանքը կլինի հանքաարդյունաբերության ոլորտում նոր ստանդարտների ներդման հարթակ։ Եվ, իհարկե, կառավարությունը արդեն որպես բաժնետեր այս հարցում կլինի հետևողական»,-եզրափակեց վարչապետը։

Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման աշխատանքները դադարեցվել էին դեռևս 2018 թվականից, երբ հանքի շահագործման դեմ պայքարող բնապահպաններն ու հանքավայրի հարակից համայնքների որոշ բնակիչներ արգելափակել էին դեպի հանքավայր տանող բոլոր ճանապարհները։ Կառավարությունը հանքի շահագործման բնապահպանական ռիսկերն ու օրինականությունը գնահատելու հարցով միջազգային փորձաքննություն էր պատվիրել, նաև հանքի շահագործման հետ կապված քրեական գործ էր հարուցվել, որը հետագայում կարճվեց՝ նաև հիմնվելով միջազգային փորձաքննության արդյունքների վրա։