Համայնքներում մեկնարկել է մասնակցային բյուջետավորման փորձնական ծրագրերի իրականացման գործընթացը

Համայնքներում մեկնարկել է մասնակցային բյուջետավորման փորձնական ծրագրերի իրականացման գործընթացը
Համայնքներում մասնակցային բյուջետավորմամբ ձևավորվող փորձնական ծրագրերի իրականացումն ապահովելու նպատակով` ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր, ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ, ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ և ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան համայնքներում 2023թ․ դեկտեմբերի 27-ին և 28-ին, ինչպես նաև 2024թ․ հունվարի 11-ին և 12-ին ՀՀ ՏԿԵՆ ֆինանսական, հաշվապահական հաշվառման և համայնքային բյուջեների վարչության համայնքային բյուջեների բաժնի պետ Լորիս Մուրադյանը և ՀՀ ֆինանսների նախարարության գործընկերները մասնակցել են նշյալ համայնքներում մասնակցային բյուջետավորման գործընթացի իրազեկման վերաբերյալ կազմակերպված հանդիպում-քննարկումներին:
Ըստ ՀՀ ՏԿԵ նախարարության հաղորդագրության՝ քննարկումներին ներգրավված էին նաև համայնքների ակտիվ բնակչությունը, համայնքապետարանների աշխատակիցները, մասնակցային բյուջետավորման գործընթացի կառավարումն ապահովող հանձնաժողովի կազմը, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները։
Հանդիպում-քննարկումներին ներկայացվել է համայնքներում մասնակցային բյուջետավորման փորձնական գործընթացի տարբեր փուլերում բնակչության ներգրավման, համագործակցության, նրանց կողմից առաջ քաշվող խնդիրների, ծրագրերի և առաջարկությունների իրականացման հնարավոր ուղիները, ընթացակարգերը, գործընթացի իրականացման հնարավոր խոչընդոտները, ինչպես նաև անհրաժեշտ փաստաթղթերի ձևանմուշները:
Ծրագերի իրականցումն ապահովելու վերաբերյալ տեղի են ունեցել բովանդակային քննարկումներ և խորհրդատվություններ։
Կարևորվել է ծրագրի վերաբերյալ սոցիալական հարթակներով բնակիչների իրազեկվածությունը բարձրացնելու հարցը, ինչպես նաև քննարկվել է առաջարկ-նախագծեր ներկայացնող քաղաքացիներին աջակցելու, էլեկտրոնային տարբերակով ծրագրերի ներայացումը դյուրացնելու հարցը:
Մասնակցային բյուջետավորման ներդրումը թույլ կտա խթանել բնակիչների անմիջական մասնակցությունը համայնքային որոշումների կայացմանը, բարձրացնել տեղական ինքնակառավարման մարմինների նկատմամբ վստահությունն ու բնակիչների քաղաքացիական պատասխանատվությունը:
Միևնույն ժամանակ համայնքապետարանները կապահովվեն համապատասխան գործիքակազմով և գիտելիքով՝ խթանելու քաղաքացիների մասնակցայնությունը, որն օգնում է համայնքային իշխանություններին լինել էլ ավելի տեղեկացված և կայացնել ավելի լավ որոշումներ, ինչպես նաև ստիպում է բնակիչներին գիտակցել, որ իրենց ձայնն ու տեսակետները կարևորվում են: