Կկառուցվի Իսակով-Արշակունյաց ճանապարհահատվածը

Կկառուցվի Իսակով-Արշակունյաց ճանապարհահատվածը

Գործադիրը հավանություն է տվել 2023 թ. նոյեմբերի 27-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Երևանի քաղաքային զարգացման ներդրումային ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Համաձայնագրով նախատեսված գումարը կազմում է 60,090,000 եվրոյի չափով վարկ: Ակնկալվում է, որ համաձայնագրով նախատեսված ծրագիրը կավարտվի 2027թ. սեպտեմբերի 30-ին։ Այն կիրականացնի Երևանի քաղաքապետարանը:

Համաձայնագրի շրջանակում կառուցվելու է Իսակով-Արշակունյաց ճանապարհահատվածը, որը միմյանց կկապի Երևան քաղաքի մի քանի վարչական շրջաններ՝ իր վրա վերցնելով տրանսպորտային մեծ հոսքեր և նվազեցնելով խցանումները: Իսակով-Արշակունյաց ճանապարհահատվածը հանդիսանում է Մոնթե Մելքոնյան փողոցի տրամաբանական շարունակությունը: Նախատեսված աշխատանքները ներառում է՝ Իսակով պողոտայի վրա առկա ճանապարհային հանգույցի անհրաժեշտ թևերի կառուցում, որն ապահովվելու է մուտք դեպի Նորագյուղ թաղամաս, Հրազդան գետի վրա կառուցվելու է 269 մ երկարությամբ երկաթբետոնե հեծաններով կամուրջ, Արշակունյաց պողոտայում կառուցվելու է թունելային անցմամբ և շրջանաձև երթևեկությամբ ճանապարհային հանգույց: Հիմնական ճանապարհի երկարությունը 1,9 կմ է: Ճանապարհը հիմնականում բաղկացած է 6 երթևեկելի գոտուց, որտեղ ճանապարհի երթևեկելի հատվածի լայնությունը կազմում է 24,5 մ:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այն քաղաքային ենթակառուցվածքային զարգացման և երթևեկության կանոնակարգման առումով որոշակի առավելություններ կբերի:

Ծրագրի մասին մանրամասներ է ներկայացնել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Իսակով-Արշակունյաց ճանապարհի կառուցումը բավականին երկար ժամանակ քննարկված, բոլոր ուսումնասիրություններն անցած նախագիծ է, որն էականորեն կբեռնաթափի ավտոճանապարհային երթևեկությունը տվյալ հատվածում։ Մասնավորապես՝ Հաղթանակի կամուրջը որոշակիորեն կբեռնաթափվի և Մոնթե Մելքոնյան ճանապարհն ուղիղ կկապվի Արշակունյաց պողոտայի հետ։ Ուզում եմ շեշտել, որ այս ճանապարհի կառուցումը շատ կարևոր է մեկ այլ՝ ավելի մեծ նախագծի տեսանկյունից։ Դա Նորագյուղի և հարակից տարածքների նոր թաղամասի կառուցման նախագիծն է, որի վերաբերյալ արդեն մի քանի օտարերկրյա հայտնի ճարտարապետների հետ քննարկումներ ենք իրականացնում և նախագծի նախապատրաստման աշխատանքն ենք իրականացնում:

Այս ճանապարհի կառուցումը շատ կարևոր է, որ իրականացնում ենք հենց կառավարության աջակցությամբ, և հետագայում արդեն հնարավորություն է ստեղծվում որոշակի արդեն նախնական ենթակառուցվածք ունենալու այդ թաղամասում, որը տալու է հնարավորություն ներդրողներին արդեն դիտարկել Նորագյուղը որպես նոր ներդրումային հնարավորություն: Վստահաբար, ճանապարհի կառուցմանը զուգահեռ մենք ունենալու ենք Նորագյուղ թաղամասի կառուցման հայեցակարգ, որն անպայմանորեն կներկայացնենք և՛ ՀՀ կառավարությանը, և՛ հանրությանը: Այսինքն՝ բացի բեռնաթափումից այս ճանապարհը նաև որոշակի հնարավորություններ է ստեղծում արդեն Նորագյուղի նոր հայեցակարգի քննարկման համար»,-ասել է Տիգրան Ավինյանը: