2022 թ.-ի հուլիսի 1-ին ուժի մեջ է մտնելու ՀՀ նոր քրեական օրենսգիրքը. ի՞նչ փոփոխություններ են սպասվում
Մեր զրուցակիցն է ՀՀ նոր քրեական օրենսգրքի նախագծի մշակման աշխատանքային խմբի անդամ, ԵՊՀ Քրեական իրավունքի ամբիոնի պրոֆեսոր, ի.գ.դ. Աննա Մարգարյանը
-2021 թ.-ի մայիսի 5-ին ընդունվեց ՀՀ նոր քրեական օրենսգիրքը, որը ուժի մեջ է մտնելու արդեն մի քանի ամիս անց՝ 2022 թ.-ի հուլիսի 1-ից: Դուք, որպես ՀՀ նոր քրեական օրենսգրքի նախագծի մշակման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի անդամ, կպարզաբանեք՝ ի՞նչ առանցքային փոփոխություններ եւ նորամուծություններ են տեղ գտել նոր քրեական օրենսգրքում:
-Առաջին փոփոխությունը, որը տեղ է գտել է ՀՀ նոր քրեական օրենսգրքում, պատժողական քաղաքականության ամբողջական վերանայումն է: Եթե գործող քրեական օրենսգրքում շեշտադրումն ավելի շատ դրվում է ազատությունից զրկելու հետ կապված պատժատեսակների վրա, նոր քրեական օրենսգրքի տրամաբանությունը հիմնված է անձանց քրեակատարողական հիմնարկներից հնարավորինս զերծ պահելու, այլընտրանքային միջոցների առավել լայնորեն կիրառման վրա: Պարտադիր չէ, որ այլընտրանքային միջոցները նույնանան պատիժների հետ, դրանք կարող են լինել նաեւ այլ տարբերակներ, օրինակ՝ պատժից կամ քրեական պատասխանատվությունից ազատվելու մեխանիզմներ, որոնք թույլ կտան անձանց հեռու պահել քրեակատարողական հիմնարկներից: Բացի պատժողական քաղաքականության փոփոխությունիցմ նոր քրեական օրենսգրքում տեղի է ունեցել նաեւ արարքների քրեականացում եւ ապաքրեականացում. դա նշանակում է, որ եղել են արարքներ, որոնք ապաքրեականացվել են, եղել են արարքներ, որոնք նախատեսվել են քրեական օրենսգրքում: Հաջորդ փոփոխությունն ավելի շատ հայեցակարգային է. եթե նախկինում քրեական օրենսգրքի հիմքում դրվում էր միայն արարքի վրա հիմնված պատասխանատվության գործոնը, այսինքն՝ «արարքի հայեցակարգը», ապա նոր օրենսգրքով նաեւ շատ կարեւորվում է սուբյեկտի հարցը, այսինքն՝ ով է կատարել, ինչ առանձնահատկություններ ունի: Փոփոխություններից է այն, որ նոր քրեական օրենսգրքով հանցավոր արարքները գնահատելիս շեշտադրումը դրվում է առավել չափելի, կոնկրետ, ոչ թե վերացական չափանիշների վրա: Օրինակ՝ գործող քրեական օրենսգիրքը, հանցագործությունը բնորոշելիս սահմանում է՝ «հանցագործություն է համարվում մեղավորությամբ կատարված հանրորեն վտանգավոր արարքը, որը նախատեսված է քրեական օրենսգրքով», բայց հանրային վտանգավորության ընկալումը, գնահատումը, շատ սուբյեկտիվ է, եւ, ըստ էության օբյեկտիվ չափանիշներից զերծ, վերացական կատեգորիա է, որի գնահատման առումով միշտ խնդիրներ են առաջանում: Մեկ անձ այդ արարքը կարող է համարի հանրորեն վտանգավոր, մեկ այլ անձ՝ ոչ: Այդ պատճառով նոր քրեական օրենսգրքում շեշտադրումն ավելի գործնական եւ չափելի չափանիշի վրա է դրվել՝ հակաիրավականության: Եթե օրենսդիրը նախատեսել է, որ որևէ արարք քրերորեն պատժելի է, ապա գործ ունենք հանցագործության հետ: Առանցքային փոփոխություններից են սկզբունքների կիրառման հարցերը: Օրինակ, գործող քրեական օրենսգիրքը կատեգորիկ բացառում է անալոգիայի կիրառումը: Նոր քրեական օրենսգիրքը թույլ է տալիս անալոգիա կիրառել, բայց՝ պայմանով: Այն կիրառելի է միայն քրեական օրենսգրքի ընդհանուր մասի դրույթների հետ կապված եւ միայն այն դեպքում, երբ չի վատթարացնում անձի վիճակը: Սկզբունքային փոփոխություններից մեկը վերաբերում է կրկին դատապարտման արգելքին: Գործող քրեական օրենսգիրքը կատեգորիկ ասում է՝ նույն անձին չի կարելի կրկին դատապարտել նույն հանցանքի համար, մինչդեռ նոր քրեական օրենսգիրքը նման հնարավորություն ընձեռում է, եթե, օրինակ, կատարվել է այլ պետությունում և այդ պետությունում անձը անհիմն ազատվել է քրեական պատասխանատվությունից կամ անարդարացիորեն դատապարտվել է մեղմ պատժի: Օրինակ՝ եթե վերջին հակամարտության ընթացքում կատարված հանցավոր արարքների համար մեր հարեւան պետությունը հանցավոր վարքագիծ դրսևորած իր քաղաքացիներին դատապարտի շատ մեղմ պատժի, դրանով իսկ, մեր գործող քրեական օրենսգրքի համաձայն, կփակի այդ անձանց հետագայում պատասխանատվության կանչելու իրավական բոլոր հնարավոր ուղիները: Դա հաշվի առնելով, նոր քրեական օրենսգրքում, նախատեսվում է, որ կրկին դատապարտման հնարավորություն կա, բայց, եթե մենք գործ ունենք այլ իրավազորության հետ: Եվ երկրորդ չափանիշը, եթե ակնհայտ անարդարացիորեն մեղմ է: Սրանք սկզբունքային այն հիմնական փոփոխություններն են, որոնց նպատակը ոլորտը հնարավորինս կանոնակարգելն է: Քրեական օրենսգրքում փոփոխությունները բազմաթիվ են՝ կապված իրավաբանական անձանց պատասխանատվության ենթարկելու, արարքի հանցավորությունը բացառող նոր հիմքեր նախատեսլու, անվտանգության միջոցներ սահմանելու եւ մի շարք այլ նորամուծությունների հետ, որոնց, թերեւվս կարիք կլինի առանձին անդրադառնալ:
-Դեռեւս քրեական նոր օրենսգրքի մշակման ընթացքում բարձրաձայնվում էր ՀՀ նոր քրեական օրենսգրքում մի շարք արարքներ չնախատեսելու՝ ապաքրեականացման, ինչպես նաեւ նոր արարքների քրեականացման մասին: Կմանրամասնեք՝ ի՞նչ նոր հանցակազմեր են նախատեսվել եւ ո՞ր արարքներն այլեւս հանցագործություն չեն համարվում:
-Քրեականացումը նշանակում է՝ արարքը, որը քրեական օրենսգրքով նախատեսված չէր, հիմա նախատեսվում է եւ դառնում է հանցավոր արարք: Օրինակ՝ ինքնասպանության օժանդակելը: Գործող քրեական օրենսգրքում նման արարք գոյություն չունի, ունենք ինքնասպանության հասցնել, հակել, բայց ինքնասպանության օժանդակելը, որպես այդպիսին, նախատեսված չէ: Նոր քրեական օրենսգրքով դա նախատեսվել է՝ անվանվելով ինքնասպանության նպաստել: Ապաքրեականացում նշանակում է այն արարքները, որոնք քրեական օրենսգրքով դիտարկվում են որպես հանցագործություն, նոր քրեական օրենսգրքում արդեն հանցագործություն չեն դիտարկվում, օրինակ՝ վաշխառությունը, գույքն անզգուշությամբ ոչնչացնելը, վնասելը:
-Եթե տեղի է ունենում ապաքրեականացում, արդյո՞ք դա նշանակում է, որ պետությունը նման արարքները այլեւ օրենքով պատժելի չի դիտարկում եւ յուրաքանչյուր քաղաքացի ազատ է նման վարքագիծ դրսեւորել: Ի՞նչ ճակատագիր են ունենում նման դեպքերում այն անձինք, որոնք ապաքրեականացված հանցանքների համար դատապարտվել են կամ դեռեւս չեն դատապարտվել, բայց նրանց կողմից կատարված արարքները գտնվում են նախնական կամ դատական քննության փուլում:
-Արարքների ապաքրեականացումը չի նշանակում, որ այդ արարքները դառնում են խրախուսելի արարքներ: Դրանց համար կարող է նախատեսվել քաղաքացիական կամ վարչական պատասխանատվություն, թեև հնարավոր է՝ լինեն այնպիսիք, որ որևէ պատասխանատվություն չհետևի: Ինչ վերաբերում է այն անձանց ճակատագրին, ովքեր պատասխանատվության են ենթարկվել ապաքրեականացված արարքների համար, ապա հարցի լուծումը կախված է նրանից, թե որ փուլում է գործի քննությունը: Եթե անձն արդեն իսկ հանցանքը կատարել է, դատապարտվել է, պատիժը կրել է, դատվածությունն էլ մարվել է՝ դրանից հետո նա չի կարող գալ, ասել՝ ես ռեաբիլիտացիայի հարց եմ բարձրացնում: Նույն՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ունի այդ դիրքորոշումը. եթե արարքի կատարման պահին դա համարվել է հանցագործություն եւ դուք դա կատարել եք, ուրեմն դուք դրսեւորել եք հնացավոր վարքագիծ: Հետեւաբար, ռեաբիլիտացիայի, փոխհատուցման խնդիր այդ պարագայում չի առաջանում: Եթե անձինք հանցանք են կատարել մինչեւ 2022 թվականի հուլիսի 1-ը, եւ նոր քրեական օրենսգիրքը մտնում է ուժի մեջ, այդ պարագայում նրանք ազատ են արձակվում եւ համարվում դատվածություն չունեցող, լինի դա նախնական քննության փուլում, դատական քննության փուլում, դատավճռի կայացումից հետո, թե պատժի կրման փուլում: Ով պատիժը կրել՝ վերջացրել է, բայց դատվածություն ունի, միակ բանը, որը կարող ենք ասել՝ վե՛րջ դու դատվածություն չունես:Ասեմ նաեւ, որ օրենքի՝ հետադարձ ուժի հետ կապված առանցքային փոփոխություն է տեղի ունեցել: Գործող քրեական օրենսգրքի մոտեցումը հետեւյալն է՝ եթե ընդունվել է նոր քրեկան օրենսգիրք, որն ուժի մեջ է մտել, անկախ նրանից, թե մինչ այդ կատարված արարքն ինչ փուլում է եւ անկախ նրանից այդ հանցանքի հետ կապված դատավճիռ կա թե չկա, պատասխանատվությունը մեղմացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն ունի հետադարձ ուժ: ՀՀ գործող քրեական օրենսգիրքը սահմանում է, որ արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքն ունի հետադարձ ուժ, այսինքն՝ տարածվում է մինչեւ դրա ուժի մեջ մտնելը կատարված հանցանքների վրա, ընդհուպ նաեւ այն անձանց վրա, որոնք կրել են պատիժը, բայց ունեն դատվածություն: Նոր քրեական օրենսգիքը լրիվ ուրիշ տրամաբանությամբ է. եթե ունենք արարքի ապաքրեականացում, այո, այն տարածվում է նախկինում կատարվածների վրա՝ անկախ նրանից, թե որ փուլում է գտնվում՝ դատավճիռ կա, չկա, գործի կարճում կա, չկա, այսինքն՝ հետադարձ ուժ ունի: Եթե ունենք պատժի մեղմացում, ապա դրա պարագայում արդեն, օրենքին հետադարձ ուժ տալը, կապվում է վերջնական դատավարական ակտի առկայության կամ բացակայության հետ: Այսինքն՝ եթե կա եզրափակիչ դատավարական ակտ, այդ պարագայում, որպես կանոն, նոր քրեական օրենսգիրքը հետադարձ ուժ չի ունենալու՝ բացառությամբ այն դեպքերի, երբ նոր օրենսգրքով կարգավորումները նախատեսում են անձի նկատմամբ կիրառելի պատժամիջոցից ավելի մեղմ պատժամիջոց: Եթե, օրինակ՝ անձին դատապարտել են ազատազրկման, տվել են 7 տարի, որովհետեւ հոդվածի սանկցիան նախատեսում էր 5-7 տարի, իսկ հիմա նոր օրենսգրքով այդ արարքի համար նախատեսվում է օրինակ 3-6 տարի, այս պարագայում պատիժը միանշանակ վերանայվելու է, որովհետեւ ակնհայտ մեղմացում է գնացել:
-Պատժողական քաղաքականության տեսանկյունից՝ ի՞նչ փոփոխություններ են սպասվում: Արդյո՞ք նոր օրենսգիրքը թույլ կտա կիրառել ազատազրկմանն այլընտրանք հանդիսացող միջոցներ եւ արդյո՞ք դրանք թույլ կտան արդյունավետորեն վերահսկել հանցավորությունը:
-Նոր քրեկան օրենսգրքում պատժողական քաղաքականության տեսակետից ամենակարեւորն այն է, որ նախատեսվում են ազատազրկման այլընտրանք հանդիսացող միջոցներ՝ այդ թվում նոր պատժատեսակներ: Բացի այդ, փոխվում են եղածների կիրառման մեխանիզմները: Եթե անձն առաջին անգամ կատարել է ոչ մեծ ծանրության հանցանք, ապա ազատազրկում պատժատեսակ կիրառելի չի: Անչափահասների պարագայում ազատազրկում պատժատեսակի կիրառումը դառնում է որպես ծայրահեղ դրսեւորում եւ լրացուցիչ նախապայմաններ ունի: Օրինակ՝ ոչ մեծ ծանրության հանցանքի պարագայում ազատազրկումը կիրառվել չի կարող: Եթե անչափահասն առաջին անգամ կատարում է միջին ծանրության հանցանք, բայց դա զուգորդված չէ բռնության հետ, նշված պարագայում եւս ազատազրկման հնարավորությունն առկա չէ: Նախատեսվել են նոր պատժատեսակներ, օրինակ՝ ազատության սահմանափակումը: Շատերը մտածում են, որ սա տնային կալանքն է, բայց տնային կալանքը քրեադատավարական խափանման միջոցի դրսեւորում է, իսկ մենք խոսում ենք պատժատեսակի մասին: Այսինքն՝ այս պատժատեսակի պարագայում դատապարտված անձը գտնվում է իր ընտանիքի հետ, իր տանը, բայց սահմանափակվում են տանից բացակայելու ժամերը: Բնականաբար, հաշվի է առնվում՝ եթե անձը սովորում է ուսմանը չխանգարի, եթե աշխատում է՝ աշխատանքին չխանգարի: Բայց սահմանափակման հետ կապված կարող են խնդիրներ ծագել, մասնավորապես՝ վերահսկման գործընթացում: Մեզ մոտ վերահսկողության մեխանիզմը դեռեւս խնդրահարույց է, եւ, երեւի դա է նաեւ պատճառը, որ այս պատժատեսակի կիրառումը ուժի մեջ կմտնի մեկ տարի ավելի ուշ: Եթե ամբողջ օրենսգիրքն ուժի մեջ է մտնում 2022 թ.-ի հուլիսի 1-ից, իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության մասով ուժի մեջ կմտնի ավելի ուշ՝ 2023-ի հունվարի 1-ից: Իսկ երկու պատժատեսակի՝ ազատությունը սահմանափակումն ու կարգապահական գումարտակում պահելն էլ ուժի մեջ կմտնեն մինչեւ 2023 թվականի հուլիսի 1-ը:
-ՀՀ նոր քրեական օրենսգրքի դեռեւս մշակման փուլում քննարկվում էր տուգանք պատժատեսակը նոր սկզբունքով հաշվարկելու հարցը, այն է՝ հիմքում դնելով անձի եկամուտը, ունեցվածքը: Այս դրույթը իր տեղը գտե՞լ է նոր քրեական օրենսգրքում: եթե այո, արդյո՞ք սա չի հանգեցնի այնպիսի իրավիճակի, որ իրականում ապահովված, սակայն իրենց եկամուտները թաքցնող անձինք շատ ավելի մեղմ կպատժվեն, քան ավելի քիչ վաստակող, սակայն իրենց եկամուտները չթաքցնող անձինք: Արդյո՞ք սա չի հանգեցնի օրենքի առջև հավասարության սկզբունքի խախտման:
-ՀՀ գործող քրեական օրենսգրքով տուգանքի չափը սահմանված է ըստ նվազագույն աշխատավարձի, եւ տարբերակում չի դրվում՝ անձն ապահովված է թե՝ ոչ: Հայաստանում նվազագույն աշխատավարձը տարեց տարի փոխվում է, բայց քրեաիրավական հաշվարկի ժամանակ,որպես չափման միավոր, ընդունված է 1000 դրամը: Դա կանոնակարգված է Պետական տուրքի մասին օրենքով: Քրեաիրավական տուգանքի շեմն այսօր նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից երեքհազարապատիկն է եւ, մենք դա հաշվարկում ենք 1000 դրամի կտրվածքով: Այսինքն՝ սկսում է 30 հազարից՝ բարձրանում է մինչեւ 3 միլիոն: Նոր քրեական օրենսգրքով տուգանքը պետք է լինի ըստ եկամտի: Այսինքն՝ ամսական եկամուտը որոշելու համար նայելու են, թե հանցանքը ավարտվելուն նախորդ 12 ամիսների ընթացքում անձը որքան եկամուտ է ունեցել, սահմանվելու է դրա 35 տոկոսը: Եկամուտը միայն աշխատավարձը չէ, նաեւ դրան հավասարեցված վճարումներ են: Իսկ տնտեսվարողների պարագայում՝ տուգանքի չափը չի կարող գերազանցել հանցանք ավարտելուն նախորդած 1 տարված ընթացքում իրավաբանական անձի համախառն եկամտի 20 տոկոսը: Ընդ որում, մանր ու միջին բիզնեսն ու խոշոր բիզնեսն այս դեպքում արդեն տարբեր չափի տուգանք են վճարում՝ ամեն մեկն զրկանքը կրում է ըստ իր եկամտի: Տուգանքը չպետք է խառնենք պատճառված վնասի հետ, տուգանքի վճարումը անձին չի ազատում պատճառված վնասը հատուցելու պարտականությունից:
-Որքանով տեղյակ եմ, ՀՀ նոր քրեական օրենսգրքում նախատեսված է նաև իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության հարցը: Որքանո՞վ է հիմնավորված նման փոփոխությունը, արդյո՞ք վտանգ չկա, որ իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության սահմանումը կհանգեցնի ՀՀ տնտեսության կաթվածահարմանը: Միաժամանակ, եթե նկատի ունենանք այն, որ խոշոր ձեռնարկատերերը, ի տարբերություն մանր եւ միջին ձեռնարկատերերի, ունեն իրենց սպասարկող իրավաբաններ, կարող ենք փաստել, որ սա կարող է հանգեցնել մի իրավիճակի, որի պայմաններում մանր ու միջին բիզնեսը ի վիճակի չի լինի գոյատեւել, ինչն էլ կհանգեցնի խոշոր բիզնեսի մենաշնորհի: Արդյո՞ք այս մարտահրավերները հաշվի առնվել են, սա եղել է աշխատանքային խմբի անդամների առաջարկությունը, թե քաղաքական որոշում է կայացվել:
-Իրավաբանական անձանց քրեական պատասխանատվությունը նախատեսված է նոր քրեական օրենսգրքով: Գործող քրեական օրենսգրքով պատասխանատվության ենթարկվում է իրավաբանական անձի ղեկավար հանդիսացող ֆիզիկական անձը, դա կարող է լինել ընկերության տնօրները, հաշվապահը, բայց ոչ թե ամբողջ կառույցը: Իսկ նոր քրեական օրենսգրքով կառույցն է ենթարկվելու պատասխանատվության: Այս փոփոխությունը մի քանի խնդիր է լուծում. նախ՝ դաշտը դարձնում է ավելի թափանցիկ, այն առումով, որ բոլորը գալիս են նույն հարթություն: Իհարկե, Ձեր հարցում մատնանշած ռիսկը ևս կա. խոշոր ձեռնարկությունները, որպես կանոն, ունեն կադրային բավականին լավ ապարատ, որտեղ տեղ ունեն իրավաբանները: Նրանք ի սկզբանե աշխատանքի են ընդունում կոորպորատիվ իրավաբանի, որը պետք է կանխարգելի հնարավոր խախտումները կամ վիճահարույց դեպքերում՝ ապահովի իր պաշտպանությունը: Մանր, միջին բիզնեսի ներկայցուցիչները ոչ միշտ է, որ ունեն հասանելիություն իրավական գիտելիքներին, կամ ոչ միշտ է, որ կարող իրենց թույլ տալ իրավաբան վարձել, եւ այս պարագայում հնարավոր է՝ ստեղծվի իրավիճակ, որ մանր ու միջին բիզնեսի ներկայացուցիչները դառնան շատ խոցելի, չկարողանան ճիշտ կողնորոշվել կարգավորումների ոլորտում: Եթե այսօր վարչաիրավական տուգանքի մակարդակով հարցը լուծվում է, նոր կանոնակարգումների պարագայում տնտեսվարողները գալիս են քրեաիրավական դաշտ: Ինչ վերաբերում է՝ արդյո՞ք այս մարտահրավերները հաշվի առնվել են, սա եղել է աշխատանքային խմբի անդամների առաջարկությունը, թե քաղաքական որոշում է կայացվել, այս առումով հստակեցնեմ, որ հարցը քննարկվել է մոտ տասը տարուց ավել: Այսինքն՝ սա չի եղել ոչ աշխատանքային խմբի անդամների նախաձեռնությունը, ոչ էլ, եղել է րոպեի ազդեցության տակ: Երկար ժամանակ քննարկվում էր իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության նախատեսելու հարցը: Մի քանի հիմնավորումներ կան, մեկն այն էր, որ ճիշտ չէր, որ նույն արարքը, եթե կատարում է ֆիզիկական անձը հանգեցնի քրեական պատասխանատվության, եթե կատարում է իրավաբանական անձը՝ վարչական պատասխանատվության: Իրավունքի տեսանկյունից դա նորմալ չէ եւ, եթե արարքը հանցագործություն է, ուրեմն՝ հանցագործություն է: Այս պարագայում իրավաբանական անձանց քրեական պատասխանատվություն նախատեսելը ճիշտ էր: Երկրորդ՝ մեր պայմաններում քրեադատավարական ընթացակարգով անձի իրավունքների պաշտպանությունն ավելի լավ է երաշխավորվում, քան վարչաիրավականում: Իհարկե, դժվարություններ էլ կան. մենք իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու փորձ ընդհանրապես չունենք. ե՛ւ տեսական մակարդակում է դա մեզ խորթ թվում, ե՛ւ պրակտիկայի առումով բավականին խնդիրներ է առաջացնում: Օրինակ՝ սպասելո՞ւ ենք ֆիզիկական անձի մեղքն ապացուցվի՝ նոր իրավաբանական անձին բերենք պատասխանատվության, թե՞ միաժամանակյա գործի քննություն է իրականացվելու: Արդյոք այն դեպքերում, երբ ֆիզիկական անձը մահացել է, կամ չեն կարողանում գտնել, բայց իրավաբանական անձի կողմից խախտումն արձանագրել ենք, կարո՞ղ ենք բերել պատասխանատվության թե՝ ոչ: Հարցերն այնքան շատ են, որ քրեադատավարական օրենսգրքում փոփոխությունների կարիք առաջացրեց: Բայց կարեւոր մեկ ուրիշ գործոն կար՝ Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություննորը: Միջազգային պարտավորությունները հիմնականում վերաբերում են ոչ միայն կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիաների, այլ՝ վերաբերում են ահաբեկչության ֆինասվորմանը, փողերի լվացմանը եւ այլն: Այդ բոլոր կոնվենցիաներում շեշտվում է, որ իրավաբանական անձանց համար պետք է ապահովվի արդյունավետ քաղաքացիական, վարչական կամ քրեական պատասխանատվություն:
-Ինչպես եւ ցանկացած երկրում, այնպես էլ ՀՀ-ում, եղել են դեպքեր, երբ օրենսդրական փոփոխությունները ծառայել են քաղաքական շահը սպասարկելուն: Այդ առումով, որքանո՞վ է ՀՀ նոր քրեական օրենսգիրքը զերծ մնացել քաղաքականացումից: Գուցե փոքր-ինչ նուրբ հարցի եմ անդրադառնում, սակայն մոտ երկու տարի առաջ Դուք ՔՊ-ի կողմից էիք առաջադրվել որպես ԲԴԽ անդամի թեկնածու, ու թեև 2020 թ.-ի դեկտեմբերին ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի կողմից տարածված հայտարարությանը միացած գիտնականներից էիք, սակայն Քրեական օրենսգրքի մշակման գործընթացում շարունակել եք ակտիվորեն մասնակցել:
-Այս հարցի վերաբերյալ ասեմ, որ երբեւէ, որեւէ կուսակցության անդամ կամ համակիր չեմ եղել, քաղաքական իրադարձությունների ժամանակ որևէ կուսակցության չեմ աջակցել: Միշտ աշխատել եմ պահել քաղաքական չեզոքություն: 2020 թ.-ի դեկտեմբերին եղել եմ Ձեր նշած հայտարարությանը միացած գիտնականներից, քանի որ դա ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի կողմից կոլեկտիվ դիրքորոշում էր, բայց, իմ կողմից որեւէ քաղաքական նախապատվություն դա չի ենթադրում: Մոտեցումս միշտ եղել է չեզոք եւ դա արտացոլվել է նաեւ իմ հետագա գործունեությունում, եւ, ոչ մի կերպ չի անդրադարձել քրեական օրենսգրքի մշակման գործընթացի վրա: Ակտիվորեն ներգրավված եղել եմ օրենսգրքի մշակման գործընթացում, եւ օրենսգրքում տեղ գտած լուծումները միշտ սպասարկել են պետության շահը, իսկ իմ մոտեցումը միշտ եղել է զուտ մասնագիտական, իրավական ոլորտում:
-Քրեական օրենսգրքում տեղ գտած փոփոխությունները արդյո՞ք խնդրահարույց չեն լինի պրակտիկայում կիրառման տեսանկյունից: Կարող ենք փաստել, որ մեր իրավակիրառողները ՀՀ նոր քրեական օրենսգիրքն ուժի մեջ մտնելիս կունենան բավարար գիտելիքներ, հմտություններ՝ նոր օրենսգիրքը կիրառելու առումով: Ընդ որում, եթե չեմ սխալվում, փոխվել է նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը և վերջինս էլ նորամուծություններ է պարունակում:
Պետք է ակնկալել, որ ՀՀ նոր քրեական օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո պրակտիկայում որոշակի խնդիրներ ծագելու են: Հիմնովին փոփոխվել են քրեական և քրեական դատավարության օրենսգրքերը, եւ հասկանալի է, որ իրավակիրառողները, իրենց գերծանրաբեռնվածության պարագայում, օբյեկտիվորեն չեն կարող ծանոթանալ նոր իրավակարգավորումների կիրառման բոլոր նրբություններին: Թեև ներկայումս իրավակիրառողների առանձին խմբերի համար վերապատրաստումներ իրականացվում են, սակայն մտավախություն ունեմ, որ մինչ նոր օրենսգրքերի ուժի մեջ մտնելը այդ գործընթացը իրավակիրառողների բոլոր խմբերի համար դեռևս լիովին ավարտված չի լինի:
-Արդյո՞ք ՀՀ նոր քրեական օրենսգրքում տեղ գտած բոլոր նորամուծությունների իրականացման մեխանիզմները ապահովված են, մասնավորապես՝ ՀՀ նոր քրեական օրենսգրքում նախատեսված է ազատության սահմանափակում պատժատեսակը, արդյոք դրա վերահսկողության մեխանիզմն առկա է: Կամ, օրինակ, որպես անվտանգության միջոց նախատեսված է հոգեբանական օգնություն ստանալու պարտականություն դնելը, ո՞վ կամ ի՞նչ եղանակով պետք է ապահովի այդ պարտականության կատարումը, ու՞մ ֆինանսական միջոցներով պետք է դա կյանքի կոչվի՝ դատապարտյալի թե պետության:
Բարձրաձայնված հարցը չափազանց կարևոր է. ՀՀ նոր քրեական օրենսգրքում կան առանձին կարգավորումներ, որոնց կյանքի կոչումը ենթադրում է նաև տեխնիկական կամ կադրային ռեսուրսի պատրաստում: Օրինակ՝ Ձեր կողմից մատնանշված հոգեբանական օգնություն ստանալու պարտականություն դնելը: Ցավոք, այսօր դեռևս հստակ չէ, թե ինչպես է դա իրականացվելու, հատկապես երբ խոսքը վերաբերում է մարզերում այդ ծառայությունն ապահովելուն: Հստակ չէ, թե արդյոք մարզերում կան բավարար թվով որակյալ մասնագետներ, ովքեր կարող են ապահովել հոգեբանական օգնության տրամադրումը: Կամ, օրինակ, ազատության սահմանափակում պատժատեսակի իրագործումը. ենթադրվում է, որ դա պետք է իրականացվի ՀՀ Պրոբացիոն ծառայության կողմից, սակայն այստեղ ևս ծագում է հիշյալ կառույցի աշխատակիցների քանակի վերանայման, ծանրաբեռնվածության փոփոխության հարցը: Բացի այդ, քննարկվում է ազատության սահմանափակում պատժատեսակի նկատմամբ վերահսկողությունը դատապարտյալի ձեռքին կամ ոտքին ամրացվող ապարանջանների միջոցով իրականացնելու հարցը, ինչը առավել մանրամասն պետք է կարգավորվի ՀՀ Քրեակատարողական օրենսգրքում: Ի դեպ, ՀՀ-ում մշակվում է նաև ՀՀ նոր Քրեակատարողական օրենսգրքի նախագիծը, որի ընդունման պարագայում միայն հնարավոր կլինի լիարժեք ապահովել ՀՀ քրեական օրենսգրքում տեղ գտած պատժատեսակների արդյունավետ կիրարկումը: