Ակադեմիական քաղաքի համար նոր հնարավորություններ՝ ուսումնասիրվում են տեխնոլոգիական կամպուսները

Ակադեմիական քաղաքի տեխնոլոգիական կլաստերի նախագծման աշխատանքների շրջանակներում սույն թվականի հունվարի 8-11-ը հայկական պատվիրակությունը՝ ի դեմս «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի, ինչպես նաև ՀՀ քաղաքաշինության կոմիտեի, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ներկայացուցիչների, մեկնել է Գերմանիայի Դաշնություն՝ ուսումնասիրելու ոլորտում կայացած և առաջատար համարվող Բեռլինի և Մյունխենի համալսարանների փորձը։ Փորձի փոխանակման նպատակով կայացել են մի շարք հանդիպումներ և հաստատվել նոր համագործակցային հարաբերություններ։
Հայաստանում «Ակադեմիական քաղաք» նախագծի արդյունավետ զարգացման տեսանկյունից կարևոր է հունվարի 11-ին ՝ Մյունխենի տեխնիկական համալսարանի ՄՏՀ միջազգային ընկերության (TUM international GmbH) և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի միջև տիկին Ֆրիդերիկե Հեթինգերի և Սարգիս Հայոցյանի կողմից ստորագրված փոխըմբռնման հուշագիրը։
Ըստ այդմ, ամրագրել են առաջիկա համատեղ գործողությունների ուղղությունները։ ՀՀ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի հիմնական նպատակն է զարգացնել միջազգային համագործակցությունը «Ակադեմիական քաղաք» նախագծի իրականացման համար՝ Մյունխենի տեխնիկական համալսարանը համարելով Ակադեմիական քաղաքի տեխնոլոգիական կլաստերի զարգացման համար կարևոր գործընկեր:
Միջազգային վարկանիշային աղյուսակներում եվրոպական լավագույն համալսարանների շարքին դասված՝ Մյունխենի տեխնիկական համալսարանը, ներկայացված լինելով համալսարանի դուստր ձեռնարկության՝ ՄՏՀ միջազգայինի կողմից, նպատակ ունի մասնակցել Ակադեմիական քաղաք ծրագրի զարգացմանը։ Փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողությունն անցկացվել է Մյունխենի տեխնիկական համալսարանի պատվավոր նախագահ պրոֆեսոր Վոլֆգանգ Ա. Հերմանի հովանու ներքո։
Միջազգային գործընկերների հետ համագործակցությանն անդրադառնալով՝ «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի տնօրեն Արմեն Սիմոնյանը նշել է․ ««Ակադեմիական քաղաք» հիմնադրամը, բացի ֆիզիկական ենթակառուցվածքների նախագծումից և կառուցումից, ակտիվ ներգրավված է նաև բովանդակության մշակման աշխատանքներում։ Այս երկու աշխատանքները միաժամանակ և զուգահեռ անելը շատ կարևոր է, որպեսզի ապահովվի մշակվող բովանդակության պահանջները բավարարող և սպասարկող ֆիզիկական միջավայր։ Մենք բարձր ենք գնահատում մեր միջազգային գործընկերների ներգրավումը և համագործակցությունը։ Այս գործընթացին զուգահեռ, Հիմնադրամը հատուկ դեր է հատկացնում տեղական բոլոր շահառուների հետ աշխատանքին, և մենք բաց ենք համատեղ քննարկումների և կարծիքների փոխանակման համար։ Հիմնադրամն այսօր ակնկալում է տեղական մասնագետների, ուսումնական հաստատությունների, գիտական կազմակերպությունների ներգրավվածությունը ծրագրի բովանդակության մշակման աշխատանքներում։ Ծրագիրն իր բնույթով համապարփակ է և ծավալուն, և այս պարագայում համատեղ աշխատանքը և համագործակցությունն ավելի քան խրախուսվում է»։
Մյունխենի տեխնիկական համալսարան այցի շրջանակներում հայկական պատվիրակությունը ներկայացրել է Ակադեմիական քաղաքի հայեցակարգով նախատեսված աշխատանքների իրականացման ընթացքը։ Շրջայց է իրականացվել համալսարանի կամպուսի տարածքով՝ քննարկելով այդ տարածքի առանձնահատկությունները, ֆիզիկական տարածքի և համալսարանում ստեղծվող բովանդակության համահունչությունը, ինչպես նաև համալսարանի կողմից ուսանողների ստարտափներին այդ տարածքում տրամադրվող աջակցությունը։
Բեռլին այցի շրջանակներում պատվիրակության անդամներն այցելել են նաև Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը նախագծող «ջիէմփի ինթերնեյշնլ» ՋիէմբիԷյջ արքիթեքթս ընդ էնջինիերս (gmp International GmbH Architects and Engineers) ընկերության կենտրոնական գրասենյակ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հատակագծի մշակման առանձնահատկություններին առնչվող մի շարք նկատառումներ, հաշվի առնելով մշակվող բովանդակային պահանջները, մտքեր են փոխանակվել նորարարական ճարտարապետական լուծումներով Ակադեմիական քաղաքը ինտելեկտուալ ժամանցի կենտրոն դարձնելու վերաբերյալ։ Ընդգծվել է, որ նախագծման աշխատանքներն ընթանում են համաձայն ծրագրի ժամանակացույցի, իսկ հաջորդ փուլը կամփոփվի ընկերության՝ առաջիկայում Հայաստան կայանալիք այցի շրջանակներում։
Բեռլինում հետաքրքրական և օգտակար հանդիպումների շարքը շարունակվել է Բեռլինի Ադլերշոֆ (Adlershof) գիտատեխնիկական պարկ այցելությամբ։ Այն յուրահատուկ կամպուստարածք է, որը համատեղում է գիտությունն ու տեխնոլոգիա և համարվում է Գերմանիայում հաջողության հասած ուսանողական կամպուսներից մեկը։
Հանդիպում է կայացել տարածքով Ակադեմիական քաղաքին գրեթե համանման Բեռլին Թեգելի (Berlin TXL) ներկայացուցչության հետ։ Վերջինս համապարփակորեն զարգացող քաղաքային թաղամաս է։ Այն տարածք է ստեղծում գիտության և արդյունաբերության համար, այն գերժամանակակից և նորարար քաղաքի եզակի կոնցեպտ է՝ էկոլոգիապես ավելի մաքուր և սոցիալապես ինտեգրված:
Պատվիրակության անդամներն այցելել են նաև թվային ապագայի համար նախատեսված Այնշտայն կենտրոն՝ ծանոթացել դրա կիրառական գործունեությանը։ Փորձի փոխանակման տեսանկյունից առավել արդյունավետ են եղել նաև այցը Մյունխենում գտնվող Գաստեյգ (Gasteig HP8) համալիր, որտեղ տեղակայված է Իզար ֆիլհարմոնիկի սրահ, Մյունխենի քաղաքային Քոլաբ (Munich Urban Colab) և Գեյթ (Gate) տեխնիկական ուղղվածությամբ ինկուբատորների այցելությունները։
ՀՀ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանն, ամփոփելով հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները, նշել է ․
«Այցելության տեղեկատվական կոմպոնենտին զուգահեռ ձեռք են բերվել մի շարք գործնական պայմանավորվածություններ, մասնավորապես, գլխավոր հատակագծի մշակման ուղղությամբ, Ակադեմիական քաղաքի տարածքում նախատեսվող կառույցների պարամետրերի, դրանց խտության վերաբերյալ, ինչպես նաև որոշակի համագործակցային պայմանավորվածություններ են ձեռք բերվել ՎԻՍՏԱ և Թեգել կազմակերպությունների հետ` հետազոտական կլաստերների միջազգային կառույցների հարթակներում: Այնշտայն կենտրոնի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել միջգիտակարգային երկխոսությունը ապահովելու հարցում հնարավոր աջակցության վերաբերյալ` ի թիվս այլնի ադապտացնելով իրենց աշխատանքի մեխանիզմը:
Մյունխենի տեխնիկական համալսարանի ՄՏՀ միջազգային ընկերության հետ, որն ամբողջությամբ Մյունխենի տեխնիկական համալսարանի կողմից հիմնադրված միջազգային համագործակցության զարգացման համար նախատեսված կառույց է, կնքվել է համագործակցության հուշագիր, որի շրջանակներում նախատեսվում է ստանալ Մյունխենի տեխնիկական համալսարանի աջակցությունը` կամպուսի կառավարման, տեխնոլոգիական կլաստերի կառուցվածքի և կառավարման մոդելի մշակման, ինչպես նաև կառավարիչների վերապատրաստման ու կրթական ծրագրերի (բովանդակության) մշակման հարցերում: Մյունխենի տեխնիկական համալսարանը նաև աշխարհում առաջատար բուհերից մեկն է` դրանից ծնվող ստարտափների քանակով (տարեկան միջինում 100 ստարտափ) և այս համատեքստում պայմանավորվածություն կա նաև ստանալու աջակցություն համալսարանական ստարտափների ինկուբացման և դրանց աջակցության հարցում»:
Այցի արդյունքների, հետագա քայլերի և առաջիկա առարկայական աշխատանքների առնչությամբ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ճարտարապետության ֆակուլտետի դեկան Արմեն Շատվորյանը նշել է «Գերմանացի գործընկերների նպատակասլացության և հետևողականության արդյունքում ստացված փորձից շատ ասպեկտներ անհրաժեշտ է խորը ուսումնասիրել և համատեղ քննարկումներով հղկման արդյունքում՝ մեր իրականության մեջ համապատասխանեցնել և օգտագործել։
Նաև կարևոր եմ համարում ապագային միտված մոտեցման վրա խարսխված մտածելակերպի ձևավորումը, ինչի փաստացի արդյունքներին ականատես եղանք, օրինակ, Այնշտայն կենտրոնում և Մյունխենի քաղաքային Քոլաբ կենտրոնում։»
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Նունե Պետրոսյանի գնահատմամբ՝ քաղաքաշինական կազմակերպման առումով հատկանշական է առանձին, սակայն միմյանց հետ գործառնական առումով փոխկապակցված մասնաշենքերի միջև անարգել ու հարմարավետ շրջանառության կազմակերպումը, իսկ բովանդակային առումով՝ տարբեր դիսցիպլինների մեկ տեղ կենտրոնացմամբ դրանց միջև երկխոսության ստեղծումը և նորարարական արդյունքների ստացումը։
«Առանձնակի պետք է նշել պատմականորեն ձևավորված այլ գործառնական նշանակության շենքերի հարմարվողական վերաօգտագործման միջոցով պատմական ժառանգություն հանդիսացող շենքերի պահպանումը և դրանց կից նոր մոտեցումների համադրումը՝ ապահովելով հնի և նորի շարունակականությունը և տեղի ինքնությունը, հավելելով արդի մոտեցումներ՝ նյութերի, շրջապտույտային ջրի, կանաչ էներգիայի, հանրային տարածքների օգտագործման միջոցով»,-ասել է նա։
Հանդիպումներին մասնակցել է նաև Գերմանիայի Ճարտարապետական մշակույթի ակադեմիայի գործադիր տնօրեն Էննո Մաասը։ Ըստ նրա․ «Ակադեմիական քաղաքի ճիշտ նախագծումը կազդի ուսանողական կյանքի վրա, նրա վրա, թե ինչպես վերջիններս կցանկանան այն կազմակերպել ապագայում, աշխատել ապագայում և ապրել ապագայում, ուստի Ակադեմիական քաղաքի և նոր համալսարանի ճարտարապետության որակը պետք է արտացոլի ուսման և զարգացման խրախուսում, միավորում և գիտելիքների փոխանակում»:
Պարոն Մաասը նաև առաջարկել է որոշակի փուլում ուսանողներին ներգրավել ճարտարապետական պլանավորման գործում, քանի որ նրանք ավելի լավ գիտեն, թե իրականում ի՞նչ է անհրաժեշտ ուսանողական կյանքն առավել արդյունավետ և հետաքրքիր կազմակերպելու համար: Էննո Մաասը խոսել է համալսարաններում միջազգային ուսանողների ներգրավման իրենց փորձի մասին՝ ընդգծելով, «․․․․ քանի որ բոլոր ուսանողները տարբեր ծագում ունեն և սովորում են միմյանցից՝ արդյունքում ձևավորվում է մի ցանց, որը մնայուն է համատեղ աշխատած ժամանակից անդին և հնարավորություն է ընձեռում կապ պահպանել և ապագայում հարցերով դիմել միմյանց»։
Այցերի արդյունքում միջազգային փորձի փոխանակումը և ձեռք բերված օգտակար տեղեկատվությունը կնպաստեն Ակադեմիական քաղաքի` որպես Հայաստանում որակյալ կրթության և հետազոտության արդիական միջավայրի ձևավորմանը։ Ներկայիս փուլում Ակադեմիական քաղաքի նախագծման աշխատանքներն ընթանում են՝ համաձայն ծրագրի ժամանակացույցի։