Մարգարայի անցակետը պատրա՞ստ է Թուրքիայից գյուղմթերք և մսամթերք ներկրելուն

Հայ-թուրքական սահմանի «Մարգարա» անցակետը պատրաստ է շահագործման: Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից: Բացի այդ, վերջին տարիներին Հայաստանը և Թուրքիան պայմանավորվել են բացել ցամաքային սահմանը, սակայն դեռևս անցակետը չի գործում: Հիշեցնենք, որ Հայաստանի և Թուրքիայի միջև ցամաքային սահմանը փակ է 1993 թվականից:
Հավելենք, որ անցակետը, բացի մարդկանց տեղաշարժն ապահովելուց նաև ապրանքների փոխանակում է ենթադրում, և այս առումով անցակետը պետք է նաև պատրաստ լինի թե՛ գյուղմթերքի, թե՛ կենդանական ծագման մսամթերքի և կենդանիների տեղաշարժի համար: Պատրա՞ստ է արդյոք Մարգարայի անցակետն այս առումով և ինչպե՞ս են գործելու բուսասանիտարիայի և անասնապահական անվտանգության առումով: Խնդրի բուսասանիտարական և անասնապահական իրավիճակը` Սննդի անվտանգության տեսչական մարմնի համապատասխան կառույցների մեկնաբանմամբ ստորև.
ՀՀ Սննդի անվտանգության տեսչական մարմնի բուսասանիտարիայի վարչության պետ Արթուր Նիկոյանը նշեց, որ Թուրքիայում բուսասանիտարական իրավիճակի հետ կապված տիրապետում են այն ինֆորմացիային, որը միջազգային հարթակներում կա, ողջ տեղեկատվության չեն տիրապետում, սակայն երբ սահմանը բացվի նաև այդ հարաբերությունները կհստակեցվեն` կուսումնասիրեն դաշտը` հնարավոր ռիսկերից խուսափելու համար:
-Սահմանը բացվելուց հետո պետք է գույքագրենք, թե ո՞ր պտուղ-բանջարեղենը և ո՞ր մշակաբույսերն են հետաքրքրություն ներկայացնում Թուրքիայից Հայաստան ներկրելու համար, և մենք ի՞նչ կարող ենք արտահանել Թուրքիա,- ասաց նա և հավելեց, որ անհանգստությունը հիմնականում կապված է ներկրման հետ, քանի որ խնդիր կա նաև պաշտպանելու երկրի բուսասանիտարական իրավիճակը:
Նաև նշեց, որ մինչև ներկրումը պահանջելու են տվյալ ապրանքների համար սերտիֆիկատները, որը միջազգային կոնվենցիան թույլ է տալիս, փաստաթղթեր՝ տվյալ պրոդուկտի մշակության գոտիների, բուսասանիտարական իրավիճակի, իրականացվող միջոցառումների վերաբերյալ, որից հետո իրականացվելու է վիճակի վերլուծություն:
Հարցին, թե նախնական աշխատանք տարվո՞ւմ է, թե՞ անցակետի բացելուց հետո է նախատեսվում, Նիկոյանն ասաց, որ պետք է սահմանը բացվի, որից հետո ձեռքի տակ կլինելի անհրաժեշտ գյուղմթերքի ցանկը և ըստ այդմ, կսկսվեն համապատասխան աշխատանքները, որից հետո նոր հնարավոր կլինի գյուղմթերքի ներկրումներ իրականացնել:
Ինչ վերաբերում է գյուղոլորտի վնասատուների հետ կապված Թուրքիայի իրավիճակին, Ա. Նիկոյանը նշեց, որ Թուրքիան այդ առումով տաք և բարենպաստ տարածաշրջան է, նաև գյուղատնտեսական երկիր է, որտեղ տարբեր վնասատուների զարգացման համար պայմաններ կան, սակայն շատ վնասատուներ, որոնք կենսունակ են տաք կլիմային ավելի ցուրտ գոտում պարզապես ոչնչանում են: Նա օրինակ բերեց աֆրիկյան որոշ վնասատուների, որոնք Հայաստանի համար կարանտին չեն համարվում:
Արդյո՞ք Մարգարայի անցակետը բուսասանիտարիայի մասով պատրա՞ստ է հարցին, պատասխանեց, որ ցանկալի է լաբորատորիա տեղադրել և համապատասխան մասնագետներ աշխատեն:
-Առաջին անգամ ենք այդ երկրի հետ ուղիղ առևտուր անելու, մեծ ծավալներով առևտրի հավանականությունը մեծ է և անհրաժեշտ է խիստ հսկողություն սահմանել: Թուրքիան գյուղատնտեսական երկիր է, բույսերի հիվանդությունները շատ ավելի են, վնասատուները շատ են, պետք է զգուշանանք, և պետք է հսկողությունը խիստ լինի, որպեսզի կարատին օրգանիզմներ չթափանցեն Հայաստան,- ասաց նա:
Ըստ Արթուր Նիկոյանի տվյալների, Թուրքիայում տարածված են մորմազգիների ցեցը, արևելյան պտղակերը և այլ, սակայն կան նաև այնպիսի հիվանդություններ, որոնք Հայաստանում չեն հանդիպում: Պետք է ուսումնասիրել, թե դրանք ո՞ր մշակաբույսներն են վարակում և նման այլ հարակից հարցեր:
Անցակետը բացվելուց, իհարկե, անհրաժեշտ կլինեն մասնագետներ, որոնց պակասն այսօր էլ ոլորտում զգացվում է: Նիկոյանի փոխանցմամբ, սկզբնական շրջանում կարող են առկա մասնագետներով աշխատել, սակայն համալրելու կարիք կլինի:
Ինչ վերաբերում է անասնապահությանը և կենդանական ծագման մթերքին, ապա ՀՀ Սննդի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Սոնա Ծառուկյանը նշեց, որ Հայաստանի` որպես ԵԱՏՄ երկրի համար Թուրքիան երրորդ երկիր է և բոլոր երրորդ երկրներից եկած կենդանիների և կենդանական ծագման մթերքի համար ՍԱՏՄ-ն տալիս է թույլտվություն. Կենդանիների համար դիտարկվում է տվյալ պահին անասնահամաճարակային վիճակը. և եթե այնտեղ կա հիվանդություն և հայտարարված է պաշտոնապես, ապա այդ դեպքում թույլտվությունը մերժվում է, եթե տրվում է թույլատվություն և գալիս է, ապա սահմանային անցակետի հսկիչ կետում զննություն է անցնում:
Նաև նշեց, որ անցակետը գործելուց հետո, անկախ ամեն ինչից, կենդանիները Հայաստան ներկրվելուց 30-օրյա կարանտին են անցնելու, նաև մարզային տեսուչն է հսկողություն սահմանելու, և դրանով իսկ Հայաստանն ապահովելու է անասնահամաճարակային անվտանգությունը:
Ըստ նրա, նաև տեղեկություններ կան, որ արդեն բավական ժամանակ է Թուրքիայում դաբաղ է տարածված, որի առկայության դեպքում նախատեսվում է արգելել տվյալ երկրից անասնագլխաքանակի և կենդանական ծագման մթերքի ներկրումը, որն արվել է 2023թ-ի մայիսից. Կենդանական ծագման մթերք Թուրքիայից անգամ երրորդ երկրի միջոցով չի ներկրվում Հայաստան:
Դաբաղ հիվանդության վերաբերյալ մանրամասնեց, որ այդ հիվանդությունը 300 մետր կարող է օդային ճանապարհով տարածվել, նաև այդ առումով Թուրքիայի հետ սահմանակից տարածքներում անվտանգությունն ապահովել են` պաշտպանիչ միջոցառումներ են իրականացրել:
Պարզաբանեց, որ միջազգային հարթակում` Կենդանիների առողջության միջազգային կազմակերպության կայքում գրանցվում են նաև տարբեր երկրների անասնապահական իրավիճակը և Հայաստանը տեղյակ է թե ինչ է կատարվում այդ առումով Թուրքիայում:
-Չի բացառվում, որ Թուրքիայում բրուցելյոզ, լեյկոզ լինի: Չի բացառվում նաև, որ այնպիսի հիվանդություններ կան, որ մենք չունենք: Իրենք բլութանք հիվանդությունը կարող է ունենան, որը վտանգավոր է կենդանու համար, սակայն մարդու չի փոխանցվում և կենդանիների շրջանում անկում է գրանցվում` առաջացնելով տնտեսական կորուստներ,- ասաց Ս. Ծառուկյանը և հավելեց, որ Թուրքիայի անասնահամաճարակային իրավիճակին հետևում են անկախ սահմանի փակ լինելուց:
Ինչ վերաբերում է տնային կենդանիների` շուն, կատու տեղափոխմանը Թուրքիայից, նշեց, որ համապատասխան վկայականի դեպքում խնդիր չկա, թեև որոշ երկրներ, բացի վկայագրից նաև կատաղության դեմ անալիզի պատասխաններ են պահանջում, սակայն, ըստ ամենայնի, Հայաստանը նման պահանջ չի դնի: