Շիրակի մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանի գլխավորությամբ շարունակում է հետևել մարզում իրականացված շինարարական աշխատանքների ընթացքին
Սուբվենցիոն ծրագրերի վերահսկողության մշտադիտարկման աշխատանքային խումբը Շիրակի մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանի գլխավորությամբ շարունակում է հետևել մարզում իրականացված շինարարական աշխատանքների ընթացքին, որակին։
Հերթական շրջայցի ժամանակ պատասխանատուներն այցելել են Ախուրյան համայնքի Առափի բնակավայր, որտեղ պետություն-համայնք համագործակցության արդյունքում ընթանում են Առափի բնակավայրի հին թաղամասի գազաֆիկացման աշխատանքները։ Սուբվենցիոն այս ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 127 մլն 661 հազար դրամ, որից կառավարության համամասնությունը 55 տոկոս է։
Աշխատանքային խումբը հետևել է նաև «Ախուրյան համայնքի Երազգավորս բնակավայրի գազաֆիկացման աշխատանքներ» սուբվենցիոն ծրագրով նախատեսված աշխատանքներին, որի ընդհանուր արժեքը 120 մլն 622 հազար դրամ է։ Կառավարությունը տրամադրելու է գումարի 65 տոկոսը։
Դիտարկվել են նաև «Գյումրի համայնքի թվով 10 մանկապարտեզների վերանորոգում» սուբվենցիոն ծրագրով իրականացված աշխատանքները, ծրագրի ընդհանուր արժեքը 126 մլն 901 հազար դրամ է, որից կառավարության համամասնությունը կազմում է 70 տոկոս։ Շրջայցի ընթացքում արձանագրված թերացումներն ու բացթողումները անհապաղ վերացնելու հանձնարարական է տրվել շինարարներին։ Աննա Մարտիկյանը նշել է, որ մարզպետի անմիջական հանձնարարականն է անել հնարավորը սուբվենցիոն ծրագրերում անգամ ամենափոքր թերություն չունենալու, եղածներն առանց ժամանակ կորցնելու վերացնելու համար։