Տեղի ունեցավ Արագածոտնի մարզխորհրդի՝ այս տարվա առաջին նիստը

Տեղի ունեցավ Արագածոտնի մարզխորհրդի՝ այս տարվա առաջին նիստը
Արագածոտնի մարզխորհրդի նախագահ, մարզպետ Սերգեյ Մովսիսյանի գլխավորությամբ, մարզխորհրդի անդամների և մարզպետարանի ու համայնքապետարանների ղեկավար կազմի, մարզպետի աշխատակազմի ենթակայության բժշկական կազմակերպությունների ղեկավարների և պաշտոնատար այլ անձանց մասնակցությամբ այսօր կայացավ մարզխորհրդի՝
2024 թ․ առաջին նիստը։
Ազդարարելով նիստի մեկնարկը՝ մարզպետ Սերգեյ Մովսիսյանը ներկայացրեց իր նոր խորհրդականին՝ Վահե Հարությունյանին, ով հիմնականում զբաղվելու է ԼՂ-ից բռնի տեղահանված և Արագածոտնի մարզում բնակություն հաստատած մեր հայրենակիցների հարցերով։
Այնուհետև մարզպետը տեղեկացրեց, որ քննարկման առանցքում վերջին եռամսյակի ընթացքում մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանների կողմից կատարված աշխատանքների մշտադիտարկումն է։
Օրակարգում ներառված էր 11 հիմնական հարց։ Առաջին երկուսը զեկուցեց մարզպետի աշխատակազմի ֆինանսական վարչության պետ Նորայր Գալստյանը՝ ցուցանիշներ ներկայացնելով «Մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրման աշխատանքների», ապա «Մարզի համայնքների բյուջեների կազմման գործընթացի վերաբերյալ»։ Զեկուցողն ընդգծեց, որ 2023 թ․ տվյալներով՝ սեփական եկամուտների հավաքագրման արդյունքները 100 %-ից ավելի են։ Երկրորդ զեկուցողը ՏԿ և ՏԻՀ վարչության պետ Հովհաննես Ասատրյանն էր, նա ներկայացրեց երկու զեկուցում, հետևյալ թեմաներով՝ «Մարզի համայնքներում 2023թ. ամենամյա չօգտագործված արձակուրդների վերաբերյալ» և «Համայնքային սեփականություն հանդիսացող գույքային միավորների նկատմամբ իրավունքների պետական գրանցման աշխատանքների վերաբերյալ»։
Անդրադառնալով օրակարգում ներառված մյուս 2 հարցերին՝ մարզպետի խորհրդական Արմեն Գրիգորյանը զեկուցեց «Մարզում իրականացվող դպրոցաշինական ծրագրերի մասին» և «Արագածոտնի մարզում էներգաարդյունավետությանը և էներգետիկ ազատականացմանն ուղղված «Արագածոտն-1» արևային այլընտրանքային ֆոտովոլտային կայանի հիմնման ծրագրի աշխատանքների վերաբերյալ»։ Տեղեկատվություն հաղորդվեց դպրոցաշինական 3 ուղղությամբ ընթացող աշխատանքների վերաբերյալ, մասնավորապես Կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի, «Անհետաձգելի համարվող կապիտալ ծախսային ծրագրի» շրջանակներում Արագածոտնի մարզում իրականացվող աշխատանքների ընթացքի վերաբերյալ, ինչպես նաև դպրոցների բյուջեների վերաբաշխմամբ իրականացված ծրագրերի մասին։ Արձանագրվեց, որ 2024 թ․ մարզում կառուցվելիք 15 դպրոցներից 6 դպրոցների կառուցման մրցույթները կայացել են, որոշվել են հաղթողները, ինչը նշանակում է, որ այդ դպրոցների կառուցման աշխատանքները շուտով կսկսվեն։
«Արագածոտն-1» արևային այլընտրանքային ֆոտովոլտային կայանի հիմնման ուղղությամբ կատարվող աշխատանքները ներկայացնելով՝ Արմեն Գրիգորյանը տեղեկացրեց, որ ծրագրի ամբողջական փաթեթը մշակվել և ուղարկվել է Վարչապետի աշխատակազմ։
«2022-2023թթ. սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքների և մարզում 2024թ. իրականացվելիք սուբվենցիոն ծրագրերի վերաբերյալ» զեկուցեց քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետ Հակոբ Ստեփանյանը։ Նրա եզրափակիչ զեկուցումը վերաբերում էր մարզի բնակավայրերի մուտքի և ելքի ցուցանակները թարմացնելու աշխատանքներին։
Նիստի վերջին զեկուցումը ներկայացրեց գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Յուրա Ազատյանը, թեման 2023թ. գյուղատնտեսական մթերքների արտադրությանն էր վերաբերում։ Ի ուրախություն բոլորի՝ վարչության պետն արձանագրեց՝ 2023 թ․ մարզում բերքն առատ է եղել, արձանագրվել են գոհացնող ցուցանիշներ։
Այլ հարցեր չեղան, նիստն ամփոփեց մարզպետ Սերգեյ Մովսիսյանը՝ հորդորելով շարունակել համագործակցային և հետևողական աշխատանքը։