Սահմանվել է չժանգոտվող պողպատի արտահանման սահմանափակում

Սահմանվել է չժանգոտվող պողպատի արտահանման սահմանափակում

Կառավարությունն ընդունել է որոշում՝ սև և գունավոր մետաղների ջարդոնի և թափոնի արտահանումը կանոնակարգելու, տեղական արտադրությունը զարգացնելու և հումքային բազայով ապահովելու, ինչպես նաև նոր ներդրումների միջոցով՝ Հայաստանի մշակող արդյունաբերության ոլորտի գործունեությունը խթանելու նպատակով:

Հայաստանում սև մետաղների արդյունավետ հանքավայրերի (ինչպես նաև՝ մետաղական պղնձի արտադրության) բացակայության պարագայում հայկական մետաղամշակման ընկերությունները որպես հումք օգտագործում են մետաղի տեղական ջարդոնն ու թափոնը։

Ըստ հիմնավորման՝ 2 տարի առաջ մետաղի ջարդոնի արտահանումը կառավարության որոշմամբ արգելվել է՝ տեղական վերամշակող ընկերությունների համար հումքի դեֆիցիտ չառաջացնելու և արտադրական շղթան խորացնելու նպատակով։

Սակայն կան մետաղների տեսակներ, որոնք Հայաստանում փաստացի չեն վերամշակվում։ Մասնավորապես, չժանգոտվող պողպատը։ Ընկերությունները նշել են, որ դեռ մինչև արգելքը իրենք հավաքել և գնել են ընդհանուր մոտ 4 հազար տոննա չժանգոտվող պողպատի ջարդոն։ Ընկերությունները խնդրել են թույլ տալ իրենց ֆիքսված ժամանակահատվածում արտահանել հավաքված ջարդոնը՝ վճարելով համապատասխան տուրքը։ Ստացված գումարն էլ ուղղել իրենց բիզնեսի ընդլայնմանը։

Այսպիսով՝ առաջարկվում է ընդունել այնպիսի որոշում, որը հնարավորություն կտա բոլոր տնտեսվարող սուբյեկտներին օգտվել բացառության հնարավորությունից։ Միաժամանակ սահմանվել է չժանգոտվող պողպատի արտահանման քանակական և ժամկետային սահմանափակում, և այդ ապրանքների արտահանման գործընթացի նկատմամբ պատշաճ հսկողություն։