Վահան Քերոբյանը 2023 թվականի արդյունքներով աղքատության մակարդակի էական կրճատում է ակնկալում

Վահան Քերոբյանը 2023 թվականի արդյունքներով աղքատության մակարդակի էական կրճատում է ակնկալում

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ակնկալում է, որ 2023 թվականի արդյունքներով Հայաստանում կարձանագրվի աղքատության մակարդակի էական կրճատում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարարն այդ մասին հայտարարեց կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցում:

Նախարարը, հիմնավորելով իր տեսակետը, մասնավորապես, նշեց. «Մենք վերցնում ենք միջազգային և ազգային վիճակագրական տվյալները: Կարող եմ կրկնել այն, ինչ ասացի կառավարության նիստի ընթացքում: Նույնիսկ 2022 թվականին, երբ Համաշխարհային բանկը, միջազգային այլ խոշոր ֆինանսական կազմակերպություններ ահազանգում էին, որ Հայաստանում աղքատությունը հնարավոր է 26,5 տոկոսից աճի մինչև 39,6 տոկոս (որովհետև բարձր գնաճ է՝ անկախ նրանից, որ բարձր տնտեսական աճ է)՝ մեզ հաջողվեց նվազագույն աշխատավարձի և թոշակների ավելի արագ բարձրացման շնորհիվ, բազմաթիվ այլ գործիքների ավելի արագ կամ պլանավորված ներդրմամբ հասնել նրան, որ աղքատությունը ոչ միայն չբարձրացավ, այլ նույնիսկ կրճատվեց: Աննշան՝ 26,5-ը դարձավ 24,8, բայց կրճատվեց: 2023 թվականի համար, երբ, մեր հաշվարկով, այս պահին ունենք իրական աշխատավարձերի 13 տոկոս աճ, մեկ տարվա ընթացքում բացված 37 հազար նոր աշխատատեղ, բարձր տնտեսական աճ և ցածր գնաճ, կարող ենք խոսել այն մասին, որ աղքատությունը, մեր կարծիքով, էապես կրճատվելու է»,- նշեց Քերոբյանը: