ԵԱՏՄ միասնական ռեեստրում գրանցված է 4500 դեղամիջոց․ Նազարենկո

ԵԱՏՄ միասնական ռեեստրում գրանցված է 4500 դեղամիջոց․ Նազարենկո

Ավելի քան 4500 դեղամիջոց արդեն ներառված է ԵԱՏՄ միասնական գրանցամատյանում, ևս 10 հազարի հայտն էլ ընթացքի մեջ է։ Այս մասին հայտարարեց ԵՏՀ տեխնիկական կարգավորման հարցերով նախարար Վիկտոր Նազարենկոն Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնի միացմամբ Մոսկվա-Մինսկ-Բիշքեկ-Երևան-Աստանա-Տաշքենդ տեսակամրջի ժամանակ, որի ընթացքում ամփոփվել են ԵՏՀ 2020-2024 թվականների աշխատանքի հիմնական արդյունքները։

Նրա խոսքով՝ հայտերի ավելի քան 80 տոկոսը ստացվում է ՌԴ-ից, իսկ ԵԱՏՄ մյուս 4 երկրներն այնքան էլ պատրաստակամորեն չեն անցնում դեղամիջոցների և բժշկական ապրանքների գրանցման վերազգային համակարգին: Միաժամանակ ազգային գրանցումը պահպանելու փորձեր են արվում։ Սակայն Նազարենկոն կարծում է, որ դա սխալ է, քանի որ լրացուցիչ դժվարություններ է ստեղծում բիզնեսի համար։

«Դեղերի և բժշկական ապրանքների ընդհանուր շուկայի ստեղծումը կարգավորման շատ մեծ ոլորտ է։ Այն բաժանված է երկու մասի. առաջինը միասնական կարգավորող համակարգի ստեղծումն է։ Երկրորդ փուլը առաջարկի և պահանջարկի հավասարակշռումն է, որպեսզի զարգանա ԵԱՏՄ երկրներում արտադրությունը և համագործակցությունը», - նշեց Նազարենկոն։