Օտարերկրյա քաղաքացիների կողմից Հայաստանում անշարժ գույքի ձեռքբերման հարցը

Օտարերկրյա քաղաքացիների կողմից Հայաստանում անշարժ գույքի ձեռքբերման հարցը

Հայաստանում օտարերկրյա քաղաքացիների համար անշարժ գույքի ձեռքբերման հարցում որևէ սահմանափակում չկա՝ բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողերին առնչվող գործարքների: Այդ մասին հունվարի 25-ին ճեպազրույցի ժամանակ հաղորդել է Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանը՝ պատասխանելով Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքացիների կողմից Հայաստանում անշարժ գույքի հնարավոր ձեռքբերման մասին հարցին։

Հարցին, թե արդյոք տեղեկություններ կան Ադրբեջանի և Թուրքիայի բնակիչների կողմից Հայաստանում ձեռք բերված անշարժ գույքի քանակի մասին, Թովմասյանը պատասխանել է, որ այժմ ամփոփվում են տարվա արդյունքները, և Կադաստրի կոմիտեն կհրապարակի հաշվետվություն օտարերկրացիների հետ գործարքների մասին: Սակայն, եթե ԶԼՄ-ներին հետաքրքրում են կոնկրետ երկրների քաղաքացիները, ապա, կոմիտեի ղեկավարի հավաստմամբ, վերջիններս կարող են պաշտոնական գրավոր հարցմամբ դիմել գերատեսչություն եւ ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն:

Նշենք, որ կադաստրային տվյալների համաձայն,  2023 թվականին օտարերկրացիները Հայաստանում կատարել են անշարժ գույքի առքուվաճառքի 4 479 գործարք, ինչը 9,3% - ով զիջում է մեկ տարվա վաղեմության ցուցանիշին։ Արդյունքում՝ վերջիններիս կողմից ձեռք է բերվել 1 645 միավոր անշարժ գույք (տարեկան անկումը' 15,6%), և վաճառվել է 2 987 միավոր անշարժ գույք (տարեկան անկումը ' 5,9%):

Առքուվաճառքի գործարքների հիմնական մասնակիցների ցուցակում են ՌԴ (66,6%), ԱՄՆ (9,4%), Իրանի (3,8%) քաղաքացիները, ԵՄ-ի երկրների քաղաքացիներին բաժին է ընկնում 12,1%, ԱՊՀ երկրների քաղաքացիներին (բացառությամբ ՌԴ-ի)՝ 3,3% - ը, մնացած երկրների քաղաքացիներին՝ 4,6%։

Հայաստանում անշարժ գույք առավել ակտիվ վաճառել են  ՌԴ քաղաքացիները՝ 74,2%, ԱՄՆ-ի՝ 7,3%, Իրանի՝ 2,4%, Սիրիայի՝ 0,1%, ԵՄ երկրների՝ 7,2% , ԱՊՀ երկրների՝ 5,6%, և այլ երկրների՝ 3,1% քաղաքացիները:

Ալինա Հովհաննիսյան

Աղբյուրը`   finport.am