Սուեզի ջրանցքով առևտրի ծավալը նվազել է 42 %-ով. ՄԱԿ

Սուեզի ջրանցքով առևտրի ծավալը նվազել է 42 %-ով. ՄԱԿ

Եմենի հութիների հարձակումները Կարմիր ծովում նավերի վրա հսկայական ազդեցություն են ունեցել Սուեզի ջրանցքով իրականացվող առևտրի վրա: Ջրանցքով առևտրի ծավալը վերջին երկու ամսվա ընթացքում նվազել է 42 %-ով: Այս մասին հունվարի 25-ին հայտարարել է ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման խորհրդաժողովի (UNCTAD) փորձագետ Յան Հոֆմանը:

«Մենք շատ անհանգստացած ենք Կարմիր ծովում նավագնացության վրա հարձակումներից», - նրա խոսքերն է փոխանցում Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:

ՄԱԿ-ի փորձագետի տվյալներով՝ Սուեզի ջրանցքով ամեն շաբաթ անցնող բեռնարկղանավերի թվաքանակը 67 %-ով կրճատվել է նախորդ տարվա համեմատությամբ, իսկ նավթի տարանցումն ընկել է 18 %-ով:

Կարմիր ծովը և Սուեզի ջրանցքը կենտրոնական առևտրային ուղիներն են համաշխարհային առևտրի համար: Սուեզի ջրանցքով տարեկան անցնում է մոտավորապես 20 հազար նավ։ Եմենի հութի ապստամբների հարձակումների պատճառով բազմաթիվ խոշոր նավագնացային ընկերություններ որոշել են խուսափել այս երթուղուց: Ասիայի և Եվրոպայի միջև ընկած ճանապարհին բեռնարկղանավերն ստիպված են շրջանցել Աֆրիկայի հարավային ծայրը, ինչը ենթադրում է ժամանակի զգալի կորուստ և հարյուր հազարավոր եվրոյի վառելիքի լրացուցիչ ծախսեր:

Աղբյուրը՝    armenpress.am