ՏՏ ոլորտի մրցունակ մասնագետներ պատրաստելու նպատակով Սինոփսիսն ու Ֆրանսիական համալսարանը հուշագիր կնքեցին

ՏՏ ոլորտի մրցունակ մասնագետներ պատրաստելու նպատակով Սինոփսիսն ու Ֆրանսիական համալսարանը հուշագիր կնքեցին

ՏՏ ոլորտի մրցունակ մասնագետների պատրաստման նպատակով՝ Սինոփսիս Արմենիա ընկերությունն ու Հայաստանում ֆրանսիական համալսարանը (ՀՖՀՀ) ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր՝ հայտարարելով կրթական համագործակցություն սկսելու իրենց մտադրության մասին։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համաձայն հուշագրի, որը ստորագրեցին Սինոփսիս Արմենիայի նախագահ, Սինոփսիս ընկերության առաջատար գիտնական և գլխավոր ճարտարագետ Երվանդ Զորյանը և Հայաստանում ֆրանսիական համալսարանի (ՀՖՀՀ) ռեկտոր Սալվա Նակուզին, կողմերը նպատակ ունեն համագործակցել Հայաստանում մասնագիտական ներուժի շարունակական վերապատրաստման ուղղությամբ։

«Այս համագործակցությունը ընկերության և համալսարանի միջև կարող է կամուրջ դառնալ՝ լրացնելով համալսարան-աշխատաշուկա բացը: Դրանից զատ, ոլորտի զարգացմանը զուգընթաց՝ Հայաստանում, դժբախտաբար, որակյալ մասնագետների բաց ունենք։ Այս համագործակցության շրջանակներում կլրացվի նաև այդ բացը»,- նշեց Զորյանը: 

Նրա խոսքով՝ համալսարանների հետ համագործակցությունն ընկերությունների համար նոր ու որակյալ մասնագետներ ներգրավելու հնարավորություններ է ստեղծում: Այսպիսով, Սինոփսիսը բաց չի թողել տեխնոլոգիական ոլորտի մեջ աճել ցանկացող Հայաստանում ֆրանսիական համալսարանի հետ համագործակցելու հնարավորությունը: 

«Սինոփսիսը շարունակաբար ընդլայնում է իր համագործակցությունը համալսարանների հետ՝ անընդհատ զարգացնելով նրանց հետ իրականացվող «Բուհ-Արդյունաբերություն» կրթական մոդելը, որը լավագույնս զուգակցում է ակադեմիական կրթության և բիզնեսի առավելությունները և հնարավորություն է տալիս պատրաստել միկրոէլեկտրոնիկայի ոլորտում բարձր որակավորում և գործնական հմտություններ ունեցող մասնագետներ: Այս ոլորտում որակյալ մասնագետ լինելու համար անհրաժեշտ է ստեղծարարություն և մասնագիտական խորը գիտելիքներ. համալսարանն ապահովելու է ստեղծարարությունը, մենք՝ նեղ մասնագիտական խորը գիտելիքները», - ասաց Երվանդ Զորյանը։ 

Նա նաև տեղեկացրեց, որ սա ընկերություն-համալսարան 5-րդ համագործակցությունն է, որը շարունակական է լինելու: 

Համագործակցության շրջանակներում կմշակվեն արդիական և մրցունակ կրթական ծրագրեր, դասընթացներ և ուսումնական նյութեր, կիրականացվեն Սինոփսիսի տեխնոլոգիական ուղղվածությամբ հետազոտական աշխատանքներ և ճարտարագիտական նախագծեր, կկազմակերպվեն աշխատարաններ, սեմինարներ և կոնֆերանսներ, որտեղ Սինոփսիսի և ՀՖՀՀ-ի փորձագետները կկիսվեն իրենց մասնագիտական գիտելիքներով ու փորձառությամբ, կքննարկեն ոլորտի զարգացման միտումներն ու կբացահայտեն երիտասարդների գիտական և հետազոտական աշխատանքներ կատարելու ներուժը։ 

«Սինոփսիս ընկերությունը ոլորտում առաջատարներից է: Ընկերության հետ համագործակցությունը մեզ համար շատ ոգևորիչ է: Այս համագործակցությունը կրթական նոր մոդել է առաջ բերում, որի շրջանակներում ուսանողներին հնարավորություն կտրվի դուրս գալ ուսումնական ավանդական մեթոդներից և աշխատել գերժամանակակից նախագծերի վրա, որոնց վրա այսօր աշխատում են Սինոփսիսի ճարտարագետները»,- նշեց ՀՖՀՀ ռեկտոր Սալվա Նակուզին։ 

Ուսանողների գործնական հմտությունների և կիրառական ձիրքերի զարգացման, հետազոտական կարողությունների հարստացման նպատակով կհիմնվեն նորարարական կենտրոններ կամ լաբորատորիաներ, որտեղ ուսանողներն ու դասախոսները կաշխատեն գերժամանակակից նախագծերի վրա։ 

Սինոփսիսը կապահովի էլեկտրոնային նախագծման ավտոմատացման իր ծրագրային գործիքների, ռեսուրսների և լիցենզիաների հասանելիությունը կրթական և հետազոտական նպատակներով՝ Հայաստանում ֆրանսիական համալսարանի ուսանողներին և դասախոսներին հնարավորություն տալով օգտվել ոլորտի առաջատար գերժամանակակից գործիքներից։

Հուշագրի ստորագրման պաշտոնական արարողությունից հետո կողմերը քնարկեցին կրթական համագործակցության շրջանակներում առաջիկա անելիքները և մանրամասները: