2023թ․-ին հարկերի 20 տոկոսը վճարել է խոշոր հարկատուների առաջին տասնյակը

2023թ․-ին  հարկերի 20 տոկոսը վճարել է խոշոր հարկատուների առաջին տասնյակը

Հայաստանի տնտեսական կառուցվածքի էական փոփոխություն տեղի չի ունեցել։ Այս մասին «Հայաստանի տնտեսական զարգացման միտումները՝  խոշոր հարկ վճարողների տնտեսական բաշխվածության համատեքստում» թեմայով Տնտեսական լրագրողների ակումբի հրավիրած ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը։ Նրա խոսքով՝ ներմուծման ու արտահանման կառուցվածքը գրեթե մնացել են նույնը։ Օրինակ՝ արտահանման ոլորտում թոփ 15 ոլորտներն են հանքարդյունաբերությունը, խմիչքները, ծխախոտը, հագուստեղենը, պահածոները և այլն։ Ըստ Մակարյանի՝ Հայաստանում պաշտոնապես կա 63 700 իրավաբանական անձ, նրանց թվում 56 000-ը միկրո ձեռնարկություններ են։ Նրանց 70 տոկոսն ուղղակի անհատներ են, այսինքն՝ նրանք էական տնտեսական ներդրում չունեն։

«Մենք ընդամենն ունենք մոտավորապես 7650 ընկերություններ, որոնք ստեղծում են տնտեսական կապիտալ և ունեն էական ազդեցություն մեր տնտեսության զարգացման ու նրա ուղղությունների վրա։ Ցավոք, պետք է ասեմ, որ խոշոր հարկատուների ցանկում մենք դարձյալ փոփոխություններ չունենք։ Հանքարդյունաբերությունն առաջին տեղում է, բնականաբար, առաջին տեղում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է»՝ մուծելով մոտավորապես 71 մլրդ դրամ հարկ։ Այնուհետև առաջին տասնյակում գերակշռում է ծխախոտը, ավելացել և առաջ են մղվել բանկերը։ Կառուցվածքի փոփոխություն չկա, ուղղակի վարկերի և տոկոսադրույքների ավելացման արդյունքում բանկերի ցուցանիշներն այնքան են լավացել, որ իրենք բոլորը համարյա դարձել են խոշոր հարկատուներ։ Այսքան շատ խոսում ենք շինարարության մասին, շինարարական ընկերություններ կան առաջին հարյուրյակում, բայց շինարարական ընկերությունները դեռևս այնքան շրջանառություն չունեն, որ գան առաջ, նույնիսկ առաջին հիսունյակում շինարարական ընկերություններ չունենք»,- ասաց նա։

Գագիկ Մակարյանը հավելեց, որ խոշոր հարկ վճարողների ցուցակում առաջին տասնյակը վճարում է բյուջեի հարկերի մոտավորապես 20 տոկոսը։ «Համեմատության համար նշեմ, որ Գերմանիայում առաջին տասնյակը վճարում է  բյուջեի հարկերի մոտ 2,5 տոկոսը։ Տեսեք, թե ինչ կտրուկ բևեռացում կա Հայաստանում։ Խոշոր հարկատուների ցուցակի 1010 տնտեսվարողները վճարում են բյուջեի հարկերի 82 տոկոսը։ Բոլորը միասին՝ 1010 տնտեսվարողները վճարում են 4 մլրդ դոլարի չափ հարկ։ Այսինքն՝ մնացած մոտ 900 մլն դոլարը վճարում են մնացած բոլոր ընկերությունները»,- նշեց Մակարյանը։

Նա նշեց, որ առաջին հարյուրյակում որոշ նոր ընկերություններ են հայտնվել, այստեղ ներառված է կենցաղային տեխնիկայի խանութ, որը ներմուծում է իրականացնում։ «Ինչո՞ւ է ինքը հայտնվել 5-րդ համարում, որովհետև սանկցիաների պատճառով Ռուսաստանի շատ քաղաքացիներ Հայաստանից կենցաղային ապրանքների են գնում ու ուղարկում դուրս, դրա համար էլ  այդ ապրանքների ծավալները Հայաստանում շեշտակի աճել են։ Ցանկում առաջատարներից են առցանց առեւտրով զբաղվող wildberries-ը, «Աջարաբեթը», կահույք ներմուծող և վաճառող «Դեկորա» խանութը, ալկոհոլային խմիչքների «Անդակո» խանութը, «Թել Սելլը»։ Ցանկում հայտնվել են ծխախոտ իրացնող նոր ընկերություններ, զարմանալի է, Հայաստանում այդքան ծխող կա՞ այսքան սահմանափակումներից հետո»,- ընդգծեց Մակարյանը։

Ըստ՝ Մակարյանի՝ պետք է տնտեսական նոր ճյուղերի զարգացման քաղաքականություն վարել, բարձր տեխնոլոգիական արդյունաբերությունն այստեղ ունի դերակատարություն։ Հետևաբար, Հայաստանի շուկաների դիվերսիֆիկացիան կապված է նոր ապրանքների ստեղծումից, որոնք էլ թույլ կտան նոր երկրներ գտնել։

«Հանքագործների և մետալուրգների միության» նախագահ Վարդան Ջհանյանն, անդրադառնալով հանքարդյունաբերության ոլորտի միտումներին, ասաց, որ երրորդ տարին անընդմեջ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» խոշոր հարկատուների ցանկում առաջատարն է։ «Ոչ միայն առաջատարն է, այլ նաև մեծ առավելությամբ է առաջատար։ Վերջին երեք տարիների ընթացքում նոր սեփականատիրոջ և նոր ղեկավարություն նշանակելու պարագայում անընդմեջ առաջատարն է։ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» գրանցում է և շահույթի աճ, և վճարված հարկերի աճ։ Բայց, երբ նայում ենք հանքարդյունաբերության ոլորտի մնացած կազմակերպություններին՝  վճարված հարկերի, և ընդհանրապես իրավիճակի առումով, համեմատելով 2023 թվականը 2022-ի հետ, տեսնում ենք, որ կա նահանջ, աճ չի գրանցվել։ 2023 թվականին առաջին 100 խոշոր հարկատուների ցանկում ընդամենը 4 հանքարդյունաբերական ձեռնարկություն կա, բացի «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից»։ Այս 4 կազմակերպությունները միասին վճարել են մոտ 30 մլրդ դրամի հարկ, իսկ 2022 թվականին առաջին 100 խոշոր հարկատուների ցանկում ունեինք հանքարդյունաբերական ոլորտի հետ կապված  8 կազմակերպություն, որոնք բոլորը միասին վճարել էին մոտ 90 մլրդ դրամի հարկ։ Այսինքն՝ զգալի նահանջ կա, դրա հետ կապված շատ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներ կան։ Հիմնական պատճառը՝ քանի որ հանքարդյունաբերության ոլորտն արտահանվող ոլորտ է, դրամի փոխարժեքը շատ մեծ ազդեցություն ունի ոլորտի վրա։ Վերջին մի քանի տարիներին մենք տեսնում ենք դրամի փոխարժեքի ամրապնդում, որը մեծ բացասական ազդեցություն ունի հանքարդյունահանող ձեռնարկությունների վրա»,- նշեց Ջհանյանը։

Վարդան Ջհանյանի խոսքով՝ ողջունելի է, որ կա տնտեսական աճ, բայց ցանկալի կլիներ, որ այդ տնտեսական աճն ունենար նաև որակական ավելի երկարաժամկետ հիմքեր, որը չենք տեսնում։ «Մեր տնտեսական աճը կարող է կարճաժամկետ լինել, եթե արտաքին իրավիճակը փոխվի, որովհետև բոլորս հասկանում ենք, որ տնտեսական աճի նպաստող գործոններն արտաքին են, մեզնից անկախ են»,- հավելեց նա։

Ջհանյանը նաև անդրադարձավ ադրբեջանական քարոզչությանը՝ կապված Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի հետ։ «Մեր հարեւան թշնամի երկիրը շատ է ակտիվացել մեր ոլորտի և ընդհանրապես Հայաստանի տնտեսության հետ կապված։ Մենք երեւի մի քանի օրից հայտարարություն կտարածենք Միության անունից՝ կապված Ադրբեջանի ակտիվության հետ։ Կարծես թե Ադրբեջանն ավելի լավ է հասկանում մեր տնտեսությունից, քան մենք, որովհետև թիրախավորում են այն տնտեսական ճյուղերը՝ հանքարդյունաբերությունը, էներգետիկան,  և այլ կարեւոր ճյուղերը, որոնք երկարաժամկետ կարեւորագույն նշանակություն ունեն ՀՀ տնտեսության համար։ Այսինքն՝ մենք կարող ենք շատ պարզ տեսնել՝ այն ճյուղերը, որոնք թիրախավորվում են Ադրբեջանի կողմից, ռազմավարական կարևորագույն ճյուղերն են։ Մենք բոլորս պետք է համատեղ քայլեր ձեռնարկենք, որ այդ ռիսկերը նվազեցնենք։ Ադրբեջանը թիրախավորում է  հենց տնտեսական աճ ապահովող ոլորտները։ Հանքարդյունաբերությունից սկսեցին, Լաչինի միջանցքի փակումը սկսվեց Կաշենի հանքավայրի վերաբերյալ հնարովի խնդրից, և իրենց թվում է, որ Արցախի հարցն արդեն լուծել են, հիմա անցնում են Հայաստանում գտնվող ձեռնարկություններին, Մեծամորի ատոմակայանին, ինչը ես կանխատեսել էի։ Մինչև 2020-2021 թվականն Ադրբեջանն այսքան ակտիվ չէր այս ասպարեզում, հիմա է ակտիվացել։ Իմ կարծիքով՝ պատճառն այն է, որ մենք ունեք շատ ավելի մեծ տնտեսական աճ, քան Ադրբեջանը։ Մենք տնտեսական աճով իրենց գերազանցում ենք, նույնիսկ մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ով արդեն գերազանցել ենք Ադրբեջանին։ Եվ նրանք հասկանում են, որ դա բերելու է նրան, որ նաև ռազմական առումով նոր բալանս կձեւավորվի, և Հայաստանի դեմ հիբրիդայի պատերազմ են վարում։ Որպեսզի հիբրիդային պատերազմում Հայաստանը չպարտվի, պետք է համատեղ քննարկել, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկել»,- հավելեց Ջհանյանը։

«Հանրային քաղաքականության  հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ի գործադիր տնօրեն Արմենուհի Բուռնազյանի խոսքով՝ 2023 թվականի արդյունաբերության ոլորտին աճը կազմել է ընդամենը 2 տոկոս, ինչն էլ արտացոլվել է հարկային մուտքերի մեջ։ Առեւտրի շրջանառության և ծառայությունների ոլորտում բավական մեծ աճ է գրանցվել՝ համապատասխանաբար 24 և 15 տոկոս աճ։ «Եվ այստեղ գործոններից մեկը եղել է ռուս-ուկրաինական կոնֆլիկտը։ Սակայն պետք է հաշվի առնել, որ այս աճի միտումները գնալով նվազելու են, քանի որ ռուսների հոսքն արդեն ավելի փոքր է լինելու։ Մյուս կարեւոր ոլորտներից մեկը եղել է շինարարության ոլորտը, որտեղ գրանցվել է 15 տոկոս աճ։ Այստեղ պետք է նշել, որ շինարարության ոլորտի աճի միտումը համաչափորեն չի արտացոլվել հարկային եկամուտների մեծության մասով։ Եթե այս ոլորտում տեսում ենք 15 տոկոս աճ, ապա հարկային մուտքերի առումով գրանցվել է ընդամենը 10 տոկոս աճ։ Այն դեպքում, երբ համարվում է, որ շինարարության ոլորտն ունի մուլտիպլիկատիվ էֆեկտ։ Եվ այստեղ պետք է արձանագրել, որ, երևի, առկա է հարկային վարչարարության որոշակի խնդիր։ Կարծում եմ՝ կառավարությունը ևս այս խնդիրը հասկանում է  խստացրել է ոլորտի հետ կապված վարչարարությունը»,- ասաց նա։

Արմենուհի Բուռնազյանի խոսքով՝ բանկային ոլորտի ընկերությունները բավական մեծ աճ են գրանցել։ Հայաստանում գործող 18 բանկերից 14-ն ընդգրկվել են հազար խոշոր հարկատուների առաջին հարյուրյակում։ Եվ նրանց գումարային հարկային վճարումները գերազանցել են 126 մլրդ դրամը, ինչը նախորդ տարվա համեմատ շուրջ 70 մլրդ դրամով ավելի է։ Ըստ մասնագետի՝ առաջիկայում եւս դրական տեղաշարժ է ակնկալվում բանկային ոլորտում, և ակնկալվում է, որ կաճեն նաև ոլորտի կողմից վճարվող հարկերը։

Ինչ վերաբերում է հանքարդյունաբերության ոլորտին՝ Բուռնազյանն ասաց, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» առաջատար է, բայց ոլորտի մյուս կազմակերպությունների մոտ կան որոշակի խնդիրներ, մասնավորապես, կապված նաև անվտանգության խնդիրների հետ։ Այս ոլորտի ընկերությունների մոտ գրանցվել է հարկային մուտքերի նվազում։ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» կողմից հարկային մուտքերը 2022թ․-ի համեմատ նվազել են 73 մլրդ դրամով, «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատինը»՝ 16,1 մլրդ, իսկ Թեղուտինը՝ 8 մլրդ դրամով։ Բանախոսը հիշեցրեց, որ Սոթքի հանքավայրում կան անվտանգության խնդիրներ, և, հաշվի առնելով նաև արտաքին գործոները, այս ոլորտի հարկային մուտքերը նվազման միտում կունենան։

«Ամեն դեպքում տեսնում ենք, որ խոշոր հարկատուների ցանկում կան նոր ընկերություններ՝ 237 նոր խաղացողներ են մտել այս ցուցակի մեջ։ Սա խոսում է այն մասին, որ բիզնես միջավայրում լճացման պրոցես չկա, բարելավման ցուցանիշներ կան»,- հավելեց նա։ Անդրադառնալով ՏՏ ոլորտին՝ Արմենուհի Բուռնազյանն ասաց, որ դա ռազմավարական նշանակություն ունի, պետությունը պետք է այնպես անի, որ ոլորտի ընկերություններն աճ գրանցեն, նաև հարկային մուտքերի մասով։ Անվտանգության տեսանկյունից, նրա խոսքով, երկու ոլորտներ կան, որ կարող են անվտանգային առումով քիչ ազդեցության տակ ընկնել՝ բանկային և ՏՏ ոլորտները։

Մասնագետը նաև լավ ցուցանիշ համարեց այն, որ ընդհանուր հարկային մուտքերի մեջ ուղղակի հարկերը՝ եկամտահարկն ու շահութահարկն աճել են։