Վաղարշապատում միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն է բացվել
Միասնական սոցիալական ծառայության Վաղարշապատի տարածքային կենտրոնն այսուհետ նոր շենքային պայմաններում մեկ պատուհանի սկզբունքով կսպասարկի Վաղարշապատ, Խոյ, Արաքս, Փարաքար և Ֆերիկ համայնքները․ սպասարկման տարածքի բնակչության թիվը շուրջ 150,000 անձ է։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։
Ըստ նախարարության հաղորդագրության՝ կայացել է կենտրոնի պաշտոնական բացման արարողությունը, որին մասնակցել են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը, Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը, միասնական սոցիալական ծառայության պետ Էդուարդ Պետրոսյանը։
Ներկաները շրջել են կենտրոնում, ծանոթացել կառույցում իրականացված աշխատանքներին, ինչպես նաև քաղաքացիներին տրամադրվող սոցիալական ծառայությունների մատուցման հնարավորություններին։ Վերջիններս հույս են հայտնել, որ տարածքային նոր կենտրոնի հիմնմամբ հնարավոր կլինի իրականացնել բնակչության կարիքների առավել խորքային և հասցեական գնահատում, ինչպես նաև բարձրացնել սոցիալական ծառայությունների արդյունավետությունը։
Տարածքային կենտրոնը, որի հիմնանորոգման համար ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի համագործակցությամբ հատկացվել է ավելի քան 222 մլն դրամ, հնարավորություն կտա քաղաքացիներին մեկ հարկի ներքո օգտվել սոցիալական ապահովության, զբաղվածության, բժշկասոցիալական փորձաքննության և սոցիալական աջակցության ոլորտների ծառայություններից։