Զբոսավարներ, ուղեկցորդներ, զբոսաշրջային ավտոբուսներ՝ որակավորումը պարտադիր է

Զբոսավարներ, ուղեկցորդներ, զբոսաշրջային ավտոբուսներ՝  որակավորումը պարտադիր է
Ովքե՞ր և ինչպե՞ս են ներկայացնում երկիրը զբոսաշրջիկներին, ովքե՞ր և  ի՞նչ հոլովակներ են նկարահանում Հայաստանի ու մեր երկրի մշակութային ժառանգության մասին։ Ինչպե՞ս է արտերկրում ներկայացվում Հայաստանն ու ոչ միայն։  Այս տարի ոլորտում մի շարք փոփոխություններ են նախատեսվում։ «Զբոսաշրջության մասին» նոր օրենքը հարցերի պատասխանների մի մասն արդեն տալիս է։
Նոր օրենքով զբոսավարների, ուղեկցորդների, զբոսաշրջային ավտոբուսների որակավորումը դառնում է պարտադիր: Oրենքի նախագիծը իրականում շատ երկար տարիներ մշակումների բազմաթիվ փուլեր է անցել։  Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը ejc.am–ի թղթակցի հետ զրույցում ընդգծում է՝ փոփոխությունների կարիք կար, ավելին, տարիներ շարունակ պայքարում էին,  հետևողականորեն աշխատում, բանակցում, որպեսզի օրենքն ընդունվի։
Համաշխարհային զբոսաշրջային արդյունաբերության,նոր զարգացումների պայմաններում կառուցվածքային բարեփոխումները  խիստ անհրաժեշտ են՝ ասում է ու նշում՝  հիմքը հենց  նոր օրենքն է։  Գործող օրենքն ընդունվել էր  2003 թվականին, այն ոլորտում աշխատեց, լավ աշխատեց, բայց փոփոխությունների անհրաժեշտությունն ակնհայտ էր․
Ապրեսյանն ասում է, որ պարտադիր որակավորման ենթակա է  նաև զբոսաշրջային տրանսպորտը։ Սա  նույնպես շատ կարևոր է՝ հատկապես շուկան, բարեխիղճ մրցակցային ու  բարենպաստ գործարար ներդրումային միջավայրը պահպանելու, տեղեկատվության, մշակութային անվտանգության  պահպանման տեսանկյունից։
Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահն ընդգծում է՝ այժմ  ցանկացած անձ երկիր է ներկայացնում և  մեղմ ասած՝ ոչ պատշաճ։  Օրենսդրական փաթեթում, իհարկե, թերություններ կան, թվարկում է․
Հանրային սննդի օբյեկտների որակավորմանը վերաբերող կարգավորումները նույնպես դուրս են մնացել օրենքից։ Սա, ըստ Մեխակ Ապրեսյանի՝ անթույլատրելի է։  Օրենքը քաղաքական  հայտարարություն է  ոլորտում, նաև  հայտարարություն՝  ոլորտի  քաղաքականության վերաբերյալ։  Փաթեթում շեշտադրված է  ուղևորափոխադրումը, անգամ ավտովարձույթի ծառայությունն է որպես ծառայություն հատուկ տեսակ ընդգծվում, բայց նույն օրենքում հանրային սնունդը, խոհանոցը ներառված չէ, ինչը նշանակում է,  որ քաղաքական հայտարարության մեջ կարևոր բացթողում կա։  Բաց են  մնացել նաև օրավարձով բնակարանները։ Փորձագետը կարծում է, որ պահը հասունացել է, և օրավարձով բնակարանները նույնպես պետք է համարվեն  հյուրանոցային օբյեկտներ, ներառվեն  հյուրանոցային ծառայությունների մեջ

Զբոսաշրջությունը հզոր ուժ ու պլատֆորմ է՝  պետական քաղաքականության ․ քաղաքական, տնտեսական, սոցիալական մի շարք խնդիրներ լուծելու համար։  Տեղեկատվության և մշակութային անվտանգության խնդիրներից ելնելով՝ օրենսդրորեն պետք է ապահովվի նաև Հայաստանը և Հայաստանի պատմամշակութային ժառանգությունը, հայ ժողովրդին ներկայացնելու գործընթացը։ Ավելին, Հայաստանի քաղաքացին իրավունք ունի և պարտավոր է մասնակից լինել, պետությունն էլ պարտավոր է ապահովել այդ իրավունքի և պարտականության իրացումը։ «Այժմ այդպես չէ,– ասում է Մեխակ Ապրեսյանը՝ նշելով, որ ցանկացած անձ կարող է մեր երկիրը ներկայացնել։ Շատ կարևոր է, որ զբոսավարները Հայաստանը ներկայացնեն՝ երկրի մասին ճիշտ տեղեկատվություն տալով և որակյալ ծառայություններ մատուցելով: