Մ.Գալստյան. Արտաքին հատվածից Հայաստանի տնտեսության վրա թույլ գնանկումային ազդեցություն է սպասվում

Մ.Գալստյան. Արտաքին հատվածից Հայաստանի տնտեսության վրա թույլ գնանկումային ազդեցություն է սպասվում

Արտաքին հատվածից Հայաստանի տնտեսության վրա թույլ գնանկումային ազդեցություն է սպասվում։ Այդ մասին հունվարի 30-ին հայտարարել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ մամուլի ասուլիսում ներկայացնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքի այսօրվա 0,5 տ.կ.-ով ՝ մինչեւ 8,75 տոկոս նվազեցման հիմնավորումը։

Նա, մասնավորապես, պարզաբանել է. "2023 թվականի չորրորդ եռամսյակում տնտեսական ակտիվությունն աշխարհում և Հայաստանի հիմնական գործընկեր երկրներում շարունակել է դանդաղել։ Միջազգային ապրանքահումքային շուկաներում գնաճային միջավայրը մեղմվում է, իսկ համաշխարհային գնաճը փոքր-ինչ դանդաղում է։ Սակայն, գործընկեր երկրներում աշխատաշուկայի դրական դինամիկան շարունակում է նպաստել պահանջարկի ընդլայնմանը։ 2024 թվականի սկզբին Մերձավոր Արևելքում աշխարհաքաղաքական իրադարձությունների սրմամբ պայմանավորված ՝ արձանագրվել է էներգակիրների գների որոշակի աճ և, ձևավորվել են մատակարարման շղթաների խախտման ռիսկեր։ Նման իրավիճակում առաջատար երկրների կենտրոնական բանկերը մոտ ժամանակներս աստիճանաբար կթուլացնեն սահմանափակող մոնետար պայմանները".

ԿԲ ղեկավարը նշել է, որ չորրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական բարձր ակտիվության պահպանմանը շարունակել են նպաստել շինարարության հատվածի և ծառայությունների ոլորտի աճի բարձր տեմպերը: Արտաքին պահանջարկը փոքր-ինչ դանդաղել է զբոսաշրջության աճի տեմպերի արգելակման պատճառով։ Միևնույն ժամանակ, ներքին պահանջարկը շարունակում է մնալ բարձր, ինչը, հիմնականում, արտացոլվում է մասնավոր սպառման աճի բարձր տեմպերում: Արտաքին հատվածից թույլ գնանկումային ազդեցության և նախորդ տարիներին իրականացված զսպող դրամավարկային քաղաքականության պայմաններում պահպանվում է ցածր գնաճի միջավայրը: Վերջինս շարունակում է արտացոլվել նաև աշխատաշուկայում՝ աշխատավարձերի աճի տեմպերի որոշակի դանդաղեցմամբ և գնաճային սպասումների նվազմամբ։

Ստեղծված իրավիճակում, ինչպես ընդգծել է Գալստյանը, ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտել հաշվարկային տոկոսադրույքը նվազեցնել 0,5 տոկոսային կետով՝ 9,25 տոկոսից մինչեւ 8,75 տոկոս: ԿԲ-ն այսուհետ ևս հետևողական է լինելու պահանջարկի ճշգրտման և գնաճային սպասումների կայունացման ուղղությամբ իրականացվող գործողություններում: Դրամավարկային քաղաքականությամբ նախատեսված սցենարում տարեկան գնաճը մոտ ապագայում կպահպանվի նպատակային շեմից ցածր մակարդակում, բայց հետո միջնաժամկետ հեռանկարում 4 տոկոս թիրախի մոտ կգրանցվի աստիճանական աճ և կայունացում: Նա նշել է, որ 2023թ. դեկտեմբերին 2022թ. դեկտեմբերի համեմատ Հայաստանում արձանագրվել է 0,6% գնանկում (ըստ վիճակագրական տվյալների), ընդ որում, այդ ժամանակահատվածում բազային ցուցանիշը (ԿԲ - ի կողմից հաշվարկվող) գնանկումային է եղել՝ 0,4% մակարդակում (2022թ. դեկտեմբերի եւ տարեկան, համապատասխանաբար, 8,3% և 9,5% գնաճային ցուցանիշների դիմաց-խմբ.)։

ԿԲ խորհրդի գնահատմամբ՝ ծրագրված հետագծից գնաճի շեղման ռիսկերը, հիմնականում, հավասարակշռված են: Իսկ ցանկացած ուղղվածության ռիսկերի ի հայտ գալու դեպքում ԿԲ-ը պատշաճ կերպով կարձագանքի՝ գների կայունություն ապահովելու նպատակով։

Նշենք, որ մեկ տարի առաջ՝ 2023 թվականի հունվարին, վերաֆինանսավորման տոկոսադրույքը պահպանվել էր պատմականորեն առավելագույն մակարդակում՝ 10,75 տոկոս ՝ այդ նշաձողի վրա մնալով մինչև հունիսի 13-ը, երբ  հաջորդեց առաջին նվազումը՝ երկու տարվա բազմակի բարձրացումից հետո։ Այսպես, 2023թ. հունիսի 13 - ին առանցքային դրույքաչափը նախ իջեցվել է 0,25 տ. կ. - ով, այնուհետև օգոստոսի 1-ին ՝ նույնքան, ապա սեպտեմբերի 12-ին իջեցումն ավելի նկատելի է եղել ՝ 0,5 տ. կ. - ով, որից հետո հոկտեմբերի 31-ին դրույքաչափը իջեցվել է 0,25 տ. կ. – ով, և նույնքան՝ դեկտեմբերի 12-ին։ Մինչ այդ 2 տարի տոկոսադրույքը բարձրանում էր՝ 2022 թվականի վերջին հասնելով ռեկորդային 10,75%-ի, մասնավորապես, 2021-2022թթ ․ ընթացքում առանցքային տոկոսադրույքը 12 անգամ վերանայվել է դեպի բարձրացում, իսկ 2023 թվականին հաջորդել է տոկոսադրույքի 5 վերանայում դեպի նվազում։ Այդուհանդերձ, առանցքային տոկոսադրույքի այսօրվա մակարդակը՝ 8,75%, նույնիսկ, վեց իջեցումից հետո (2023 թվականին և 2024 թվականի հունվարի 30-ին), զգալիորեն գերազանցում է նվազագույն նշաձողը՝ 4,25%, որն արձանագրվել է 2020 թվականի սեպտեմբերին՝ մինչև բարձրացումների ժամանակաշրջանի մեկնարկը (2020 թվականի դեկտեմբերից մինչև 2022 թվականի դեկտեմբեր)։

Աղբյուրը՝   finport.am