Մարտին Գալստյանը նշել է Հայաստանի աշխատաշուկայում գերտաքացումը սառեցնող գործոնները

Մարտին Գալստյանը նշել է Հայաստանի աշխատաշուկայում գերտաքացումը սառեցնող գործոնները

Հայաստանի աշխատաշուկայում գերտաքացման որոշակի սառեցումը պայմանավորված է Արցախի բռնի տեղահանված բնակիչների, ինչպես նաև այլ երկրներից ժամանած աշխատանքային միգրանտների որոշ մասի աշխատանքի տեղավորմամբ:

Այդ մասին հունվարի 30-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։ "Սա այն է, ինչը մեզ թույլ տվեց ավելի համարձակ լինել վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ մեր որոշման մեջ", - ընդգծել է նա:

Նշենք, որ 2024թ. հունվարի 30 - ին ՀՀ ԿԲ խորհրդի նիստում որոշում է կայացվել իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով՝ 9.25% - ից մինչև 8.75%:

ԿԲ ղեկավարն անդրադարձել է նաև աշխատավարձերի աճին։ Մասնավորապես, նա նշել է, որ 2021 թվականից հետո մասնավոր հատվածում անվանական աշխատավարձի նկատվող աճը գագաթնակետին հասել է 30 տոկոսի, սակայն դրան հաջորդել է տեմպերի զգալի դանդաղում։ 2023թ. նոյեմբերի տվյալներով աճը կազմել է 10%։ Գալստյանն այս առնչությամբ նկատել է, որ կան ոլորտներ, որտեղ աշխատավարձերի աճի տեմպերը շարունակում են բարձր մնալ, բայց կան նաև ոլորտներ, որտեղ էական նվազում է արձանագրվում: "Արդյունքում՝ դա մեզ թույլ է տալիս չանհանգստանալ գնաճի հետագա զարգացման վրա այս երեւույթի ազդեցության մասին", - նշել է նա:

Հիշեցնենք, որ 2023թ. սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի լայնածավալ ռազմական ագրեսիայի հետևանքով, որին նախորդել էր 9 ամիսների համատարած շրջափակումը, Հայաստան բռնի տեղահանվել է Արցախի շուրջ 109 հազար քաղաքացի։

Ուկրաինայում պատերազմի սկսվելուց ի վեր (2022թ. փետրվարի 24) Ռուսաստանից Հայաստան է տեղափոխվել ՌԴ մոտ 110 հազար քաղաքացի, որից մոտ 60 հազարը ՝ հայկական ծագում ունեցող։

ԿԲ-ի տվյալներով՝ 2023 թվականի սկզբից Հնդկաստանից Հայաստան է ժամանել, ընդհանուր առմամբ, շուրջ 16 հազար աշխատանքային միգրանտ։

Ալինա Հովհաննիսյան

Աղբյուրը՝   finport.am