ԱՌՖԻ-ն պատրաստ է ընդունել ներդրումներ. ընկերության հարթակում տեղ են գտել առաջին երկու բիզնես նախագծերը

ԱՌՖԻ-ն պատրաստ է ընդունել ներդրումներ. ընկերության հարթակում տեղ են գտել առաջին երկու բիզնես նախագծերը

 Հայաստանում ներդրումային քրաուդֆանդինգի առաջին հարթակը՝ ԱՌՖԻ-ն, արդեն պատրաստ է  ընդունել ներդրումներ. ընկերության հարթակում տեղ են գտել առաջին երկու բիզնես նախագծերը, որոնցով հետաքրքրվածները կարող են կատարել իրենց ներդրումները։ Բիզնես նախագծերի ցանկը գնալով ընդլայնվում է:

ԱՌՖԻ ներդրումային ընկերության  տնօրեն էդգար Էվոյանի խոսքով՝  հարթակն էլեկտրոնային միջավայրում ներդրումներ ներգրավելու գործիք է, որն այժմ լայն հնարավորություն է ստեղծել լոկալ բիզնեսներին ֆինանսավորում գտնելու համար։ Պոտենցիալ ունեցող հայկական նախագծերում մասնակցություն կարող են ունենալ ներդրողներ ամբողջ աշխարհից։

«Արմենպրես»-ի հետ զրույցում Էվոյանն ընդգծեց, որ  արդեն ստացել են մեծաքանակ հայտեր հարթակում ընդգրկվել ցանկացող ընկերություններից: Դրան զուգահեռ ԱՌՖԻ-ի թիմն աշխատում է պոտենցիալ ներդրողների շրջանակը ընդլայնելու համար։

«Մենք այժմ աշխատում ենք ճիշտ թիրախները ընտրելու ուղղությամբ: Այժմ նաև հավաքում ենք  կարծիքներ, թե ինչ դժվարություններ կան կայքից օգտվելու առումով և, դրանից ելնելով, ամեն ինչ անում ենք, որպեսզի հաղթահարենք եղած  տեխնիկական խնդիրները»,- ասաց Էվոյանը:

Հարթակում արդեն իսկ ընդգրկված ընկերություններից մեկը հեռահաղորդակցության ոլորտի նորարար ապրանքների մատակարար «Պլանետ Ֆայբեր»-ն է։ Ընկերությունը համարում է, որ ԱՌՖԻ հարթակը ընդլայնվելու և զարգանալու լավ  հնարավորություններ ունի:

Ընկերության տնօրեն Արմեն Հայրապետյանի խոսքով՝ հարթակը նաև մեծ լսարան ձեռք բերելու հնարավորություն կտա:

Հարթակում ներգրավված լոգիստիկ ընկերություններից մեկը՝ «Բարեկամ»-ը, շուկայում է արդեն ավելի քան  7 տարի:

«Ամբողջ աշխարհում մեր ծառայությունների պահանջարկի մեծացման արդյունքում որոշեցինք  դիմել ԱՌՖԻ-ին, որպեսզի կարողանաք ընդլայնվել և ավելի որակյալ ծառայություններ մատուցել»,- նշեց  «Բարեկամ» լոգիստիկ ընկերություն հիմնադիր Նարեկ Մկրտչյանը:

Ընկերությունների ներկայացուցիչներն ընդգծեցին՝ սա նաև լավ հնարավորություն է թեկուզ փոքր ներդրում անելով՝ դառնալ սիրելի բիզնեսի մի մասը:

Գայանե Գաբոյան