Հակակոռուպցիոն զեկույցի համաթվում նահանջը կանգնեցրել ենք և մի փոքր առաջընթաց գրանցել․ Փաշինյան

Հակակոռուպցիոն զեկույցի համաթվում նահանջը կանգնեցրել ենք և մի փոքր առաջընթաց գրանցել․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» միջազգային կազմակերպության կողմից օրեր առաջ հրապարակված «Կոռուպցիայի ընկալման ցուցիչ 2023» զեկույցին, համաձայն որի՝ Հայաստանի Հանրապետությունը հետընթացը կանգնեցրել է։

«Անցած տարի «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» միջազգային կազմակերպության կողմից հրապարակված Կոռուպցիայի ընկալման համաթվի մեջ նահանջ ունեինք։ Կառավարության նիստում այդ մասին հատուկ անդրադարձ ունեցանք և հիմա կարող ենք ասել, որ հետընթացը կանգնեցրել ենք և մի փոքր էլ առաջընթաց ունենք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության նիստում ասաց Փաշինյանը։

Վարչապետը «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» միջազգային կազմակերպության զեկույցի մեջ առանձնացրեց հետևյալ տողը․ «Չնայած նրան, որ Հայաստանը, ինչպես տարածաշրջանի շատ այլ երկրներ, դիմակայում է անվտանգության սպառնալիքներին, այն ունի բավարար ներուժ հաղթահարելու այդ դժվարությունները և կիրարկելու արդյունավետ քաղաքականություն ավելի կառավարելի դարձնելու համար կոռուպցիոն ռիսկերը»։

«Սա շատ օբյեկտիվ նախադասություն է։ Այն նշանակում է, որ նախորդ շրջանում անվտանգային մարտահրավերներին առերեսվելով՝ ձևավորվել է մի կոնտեքստ, որ սա ամենակարևոր հարցը չէ, պետք է զբաղվել անվտանգային հարցերով։ Բայց նաև ուզում եմ ձեզ հիշեցնել, որ երբ իրավիճակների շատ կոնկրետ ճգնաժամ էինք ունենում, մենք նաև հրապարակային պայմանավորվեցինք, որ մեր ճիշտ աշխատանքը մեր ռազմավարական օրակարգերից չշեղվելն է և այդ ուղղությամբ  աշխատանքը շարունակելն է։ Աներկբա է, որ այսօր շատ երկրներ և միջազգային կազմակերպություններ արձանագրում են մեր դիմակայունության արտասովոր դրսևորումները։ Դա միայն այն բանի շնորհիվ է, որ նույնիսկ 2020, 2021, 2022, 2023 թվականներին մեր բարեփոխումների օրակարգը ոչ մի րոպեով չի կանգնել։ Կատարված բարեփոխումների շնորհիվ է, որ մեր դիմակայունության մակարդակը բարձրացրել ենք և այս ճանապարհով պետք է գնանք»,- ասաց վարչապետը։

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» միջազգային ոչկառավարական կազմակերպությունը հրապարակել է կոռուպցիայի ընկալման 2023 թվականի համաթիվը, համաձայն որի՝  Հայաստանի կոռուպցիոն ընկալման համաթվի 2023 թ. արժեքը նախորդ տարվա համեմատ աճել է 1 միավորով և հավասար է 47-ի (2022 թվականին այն 46 միավոր էր)։