Շիրակի մարզպետն ամփոփել է աշխատանքային մեկ տարին
Ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ Մուշեղ Մուրադյանը լրագրողներին ներկայացրել է բոլոր ոլորտներում իրականացված, ընթացքի մեջ գտնվող ծրագրերի մասին տեղեկատվություն, անդրադարձել՝ հիմնախնդիրներին՝ նշելով, որ ինչպես մարզպետի պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրն է նշել, հիմա էլ նույն սկզբունքով է շարունակում աշխատել՝ թափանցիկ, հրապարակային և հաշվետվողական։
«Տարին ամփոփել ենք վճռականությամբ, որ շարունակելու ենք աշխատել նույն պատրաստակամությամբ, անելու ենք հնարավորը մեր լիազորությունների և կարողությունների սահմաններում բազմաթիվ խնդիրների լուծման համար, քանի որ արված աշխատանք կա, բայց դեռ անելիքներ էլ կան»,- նշել է Շիրակի մարզպետը։
Անդրադառնալով քաղաքաշինության բնագավառում 2023-ին իրականացված աշխատանքներին՝ մարզպետը նշել է, որ 19 մլրդ 661 մլն դրամի կապիտալ ներդրում է եղել, որը 4,5 մլրդ դրամով ավել է 2022-ի համեմատ։
«Գումարային առումով բաշխվածությունը տեսնում եք, աճ կա թե բնակարանաշինությանն ուղղված գումարներում՝ շուրջ 1 մլրդ դրամ ավել, թե կրթական, մշակութային և մարզական օբյեկտների շինարարության մեջ՝ 1,2 մլրդ-ով։ Բոլոր աշխատանքներում գումարների աճի դրական դինամիկա կա։ Բնակարանաշինության մասով ասեմ՝ 4 բնակելի համալիրների կառուցման աշխատանքներ են մեկնարկել 507 բնակարաններով, 11 կրթական և 1 մարզական օբյեկտների կառուցման աշխատանքներին 2023-ին ուղղվել է 3 մլրդ 106 մլն դրամ։ Մեծամասշտաբ ծրագրերից կառանձնացնեմ «Արթուր Ալեքսանյանի անվան հունա-հռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոցի» շինարարությունը, որի համար հատկացվել է 6.4 մլրդ դրամ, (2023թ՝ 1.3 մլրդ դրամ), ավարտը նախատեսվում է 2026-ին։ Կապիտալ ներդրումների առյուծի բաժինը ճանապարհաշինական աշխատանքներինն է՝ 10 մլրդ 100 մլն-ից ավելի, որը 2022-ի համեմատ 29,5 տոկոսով ավելի է»։
Ըստ այդմ ներկայացվել է, որ 2022-ի 65.93 կմ-ի փոխարեն, 2023-ին կառուցվել ու դեռ ընթացքի մեջ է 73.4 կմ-ի ճանապարհաշինական աշխատանք։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պատվիրատվությամբ մարզում իրականացվում են ընդհանուր 7․3 մլրդ դրամի 8 ճանապարհաշինական ծրագրեր, որից 6-ը՝ 49.9 կմ երկարությամբ շուրջ 5 մլրդ դրամ գումարի շրջանակներում գտնվում են ավարտական փուլում։ Եվս 2 ճանապարհաշինական ծրագրերի՝ 15.9 կմ երկարությամբ, շուրջ 2.3 միլիարդ դրամ գումարի շրջանակներում, ավարտը նախատեսվում է 2024 թվականին: Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ մարզում իրականացվում է շուրջ 2.8 միլիարդ դրամի 6 ծրագիր՝ 7.6 կմ երկարությամբ։ Աշխատանքներն ընթացքի մեջ են:
«Չծանրաբեռնելու համար ծրագրերն առանձին չեմ թվարկի, սակայն նշեմ, մեկ-երկու կարևոր ծրագրեր։ Մ-1, Երևան - Գյումրի - Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Աշոցքից մինչև Բավրա ընկած 11.5 կմ հատվածի հիմնանորոգման համար պետական բյուջեից հատկացվելու է 2 մլրդ 325 մլն դրամ։ Ընթացքի մեջ են Նոր Կյանքից Մեծ Մանթաշ տեղական նշանակության ճանապարհի 12,8 կմ-ի հիմնանորոգման աշխատանքները, արժեքը՝ 1 մլրդ 543 մլն դրամ։ 810 մլն 967 հազար դրամ էլ ուղղվել է Հոռոմ - Արթիկ - Ալագյազ հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Փոքր Մանթաշ գյուղի 3,1 կմ հատվածի հիմնանորոգմանը»,- ընդգծել է Մուշեղ Մուրադյանը։
Մարզպետը կարևորել է անհետաձգելի համարվող կապիտալ բնույթի ծրագրերին, որոնց իրականացմանը ՀՀ կառավարությունը հատկացրել է 609 մլն 249 հազար դրամ՝ նշելով, որ այդ գումարների շնորհիվ կարողացել են անցած տարում լուծել անհետաձգելի լուծում պահանջող բազմաթիվ խնդիրներ։
Անդրադարձ է կատարվել նաև մարզի հիմնախնդիրներին, մասնավորապես, ոչ հիմնական շինություններին, վթարայիններին ու անօթևանությանը։ Մարզպետը նշել է, որ վարչապետի հանձնարարությամբ 2023 թվականի սեպտեմբեր ամսին համայնքների ղեկավարների կողմից տարվել են աշխատանքներ 2008 թվականի դրությամբ հաստատված երկրաշարժից անօթևան մնացած ընտանիքների հերթացուցակների ճշգրտման ուղղությամբ: 2023 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ ճշգրտված տվյալներով մարզում երկրաշարժից անօթևան մնացած ընտանիքների հերթացուցակներում դեռևս հաշվառված է 1227 ընտանիք, Գյումրիում՝ 1016 ընտանիք, այլ բնակավայրերում՝ 211 ընտանիք:
Շիրակի մարզպետը կարևորել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող 300 դպրոցի և 500 մանկապարտեզի նորոգման, կառուցման ծրագիրը՝ այն դիտարկելով ոչ միայն որպես կրթական ծրագիր, այլև ապագային միտված նախաձեռնություն․ «Ինչպես ելույթներից մեկում վարչապետը նշեց՝ պետք է նայենք մեր արմատին, իսկ արմատը դպրոցն է, արմատը նախակրթարանն է։ Ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված այս ծրագրի շրջանակներում կառուցվում են Արեգնադեմի, Կապսի, Բերդաշենի, Արթիկի, Ազատանի դպրոցները, Արևշատում և Արթիկում «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզներ են կառուցվում։ Մանկապարտեզներ են նորոգվում ու կառուցվում Գյումրիում, Հոռոմ, Նոր Կյանք բնակավայրերում, ևս 3 մանկապարտեզների շենքերի կառուցման աշխատանքները շարունակվում են Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ»։
Կապսի ջրամբարի և Ջրաձոր գյուղ կառուցման ծրագիրը ռազմավարական կարևոր նախաձեռնություն է համարել Շիրակի մարզպետը, որից հետո խոսել է սուբվենցիոն ծրագրերից՝ դրանք համարելով համայնքների բազմաթիվ խնդիրների լուծման լավագույն միջոցը․ «2023-ը սուբվենցիոն ծրագրերի իրականացման առումով Շիրակի մարզի համար բեկումնային կարելի է համարել․ իրականացվել է տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 28 սուբվենցիոն ծրագիր՝ 163 ենթածրագրերով։ Ծրագրերի ընդհանուր պայմանագրային արժեքը կազմում է 5 մլրդ 128 մլն դրամ, որից ՀՀ պետական բյուջեից համաֆինանսավորման չափաբաժինը՝ 2 մլրդ 698 մլն դրամ (52,6%)։ 2022 թվականի համեմատ այս ցուցանիշն աճել է 267 տոկոսով։ Չմտածեք այսքանը թվարկելով նկատի ունեմ, որ անելիքներ չունենք այլևս, բնականաբար անելիքներ կան ու շատ, հենց դրա համար էլ 2024-ին սուբվենցիոն ծրագրերի իրականացման առումով առավել հանգամանալից աշխատանք է տարվել։
2024 թվականի համար ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն է ներկայացվել 37 ամբողջական փաթեթ՝ 153 ենթածրագրերով, որոնց ընդհանուր նախահաշվային գումարը 9 մլրդ 270 մլն դրամ է կազմում, գումարի 54 տոկոսը ՀՀ կառավարությունն է հատկացնելու»։
Մուշեղ Մուրադյանը 2023-ի կարևոր ձեռքբերումներից մատնանշել է սեփական եկամուտների հավաքագրումը, անցած տարի մարզի համայնքները սեփական եկամուտները կատարել են 97.9%-ով․ «2023-ին թե պլանավորված գումարներն ենք ավելացրել, թե փաստացի հավաքագրման աճ է արձանագրվել 2022-ի նույն ժամանակահատվածի նկատմամբ, որը կազմում է 1 մլրդ 440 մլն դրամ, կամ՝ 43 տոկոս ավել։ Այս ամենին հնարավոր է եղել հասնել մարզպետի աշխատակազմի ու համայնքների տքնաջան աշխատանքի և որ ամենակարևորն է՝ համագործակցության շնորհիվ»։
Շիրակի մարզպետը բարձր է գնահատել միջազգային կառույցների հետ համագործակցությունն ու նշել, որ մարզի ներուժն ու առանձնահատկությունները, ապակենտրոնացված համագործակցության հեռանկարներն ու գործնական ծրագրերն անցած 1 տարում քննարկել են ՀՀ-ում ԱՄՆ, Ֆրանսիայի, Եվրոպական միության, Լեհաստանի, Ճապոնիայի, Ռուսաստանի Դաշնության, Մեծ Բրիտանիայի, Ավստրիայի արտակարգ և լիազոր դեսպանների, տարբեր կազմակերպությունների հետ՝ պաշտոնական, գործնական ու գործարար հանդիպումների ժամանակ։
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայրենակիցներին աջակցության ցուցաբերումը, նրանց կեցության ու կարիքների լուծումը 2023-ի աշխատանքային կարևոր ուղղություն է եղել, ըստ Շիրակի մարզպետի, արվել է հնարավորը նրանց հուզող հարցերին արագ լուծում տալու համար։
Համայնքների հետ համագործակցությունը մարզպետը բարձր է գնահատել՝ նշելով, որ համատեղ աշխատանքով փորձ է արվել լուծելու խնդիրները։
«2023 թվականի ընթացքում մարզում պաշտպանության բնագավառի աշխատանքների կազմակերպման ու իրականացման գործընթացն ապահովվել է պատշաճ մակարդակով։ Կառավարության համապատասխան որոշումներով հայտարարված վարժական հավաքների ընթացքում մարզին ներկայացված պահանջարկը կատարվել է 100 տոկոսով։ 2022 թվականի ձմեռային զորակոչի առաջադրանքը կատարվել է 102,6 տոկոսով, իսկ 2023 թվականի ամառային զորակոչի առաջադրանքը՝ 103.9 տոկոսով:
2023 թվականին մեկնարկած ձմեռային զորակոչը կատարվել է 111,5 տոկոսով։ Այս ցուցանիշը լավագույներից է հանրապետության մասշտաբով»։
Մուշեղ Մուրադյանը կարևորել է գյուղատնտեսության բնագավառում իրականացված և ընթացքի մեջ գտնվող պետական աջակցության ծրագրերը, անդրադարձել է նաև կրթական ձեռքբերումներին՝ նշելով, որ 2022-2023 ուստարում մարզն ունեցել է 36 մեդալակիր, օլիմպիադաների հանրապետական փուլերին մասնակցել է 123 աշակերտ, նրանցից 27-ը դիպլոմի է արժանացել, 29-ը՝ գովասանագրի։
«2023-ին պարտադիր ատեստավորման մասնակցել է 847 ուսուցիչ, զգալիորեն աճել է կամավոր ատեստավորման մասնակցող ուսուցիչների թիվը, եթե 2022-ին կամավոր ատեստավորման մասնակցել էր 65 ուսուցիչ, ապա 2023-ին այս թիվը համարյա հնգապատկվել է՝ հասնելով 299-ի»,- նշել է Շիրակի մարզպետը։
Առողջապահության բնագավառի կարևոր ձեռքբերումներից մարզպետը համարել է վճարովի ծառայությունների դիմաց ստացված եկամուտների ավելացումը շուրջ 230 մլն դրամով՝ անդրադառնալով նաև ՀՀ կառավարության կողմից բուժհաստատությունների նորոգման ու կառուցման բազմաթիվ ծրագրերին։
«Քաղաքացիների հետ շփումներն ու ընդունելությունները, աշխատել եմ կազմակերպել հնարավորինս հաճախ, ամեն ինչ արվել է, որ քաղաքացիները վստահ լինեն, որ եթե Շիրակի մարզպետի աշխատակազմ են դիմում, ապա իրենց անպատճառ կլսեն ու հնարավորությունների սահմաններում կաջակցեն։ Ամենօրյա հանդիպումներից զատ, որն իմ աշխատանքային կարևոր բաղադրիչներից է, ինձ մոտ տեղի է ունեցել քաղաքացիների պաշտոնական 35 ընդունելություն, որին մասնակցել է 274 քաղաքացի, ամեն շաբաթ ընդունելություններ են անցկացվել նաև մարզպետի տեղակալների մոտ»,- փաստել է մարզպետը։
Մուշեղ Մուրադյանը խոսել է աշխատակազմի կառուցվածքային փոփոխությունների, անցկացված մրցույթների, մարզական ձեռքբերումների և մշակութային միջոցառումների մասին, որից հետո պատասխանել է լրագրողներին հետաքրքրող բոլոր հարցերին։
Հարցերը հիմնականում առնչվել են մարզի քաղաքական իրավիճակին, համայնքներում իշխանության ձևավորմանը, տարբեր բնագավառներում առկա խնդիրների լուծման մարզպետի մոտեցումներին։