Կարևոր է չնվազեցնել ԵԱՏՄ գործընկերների հետ համագործակցության տեմպը. Միշուստին

Կարևոր է չնվազեցնել ԵԱՏՄ գործընկերների հետ համագործակցության տեմպը. Միշուստին
Կարևոր է չնվազեցնել Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) համագործակցության զարգացման տեմպերը և հետևել, թե որքանով են արդյունավետ իրականացվում «հնգյակի» գործընկերների հետ պայմանավորվածությունները, հայտարարել է ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը փոխվարչապետների հետ հանդիպման ժամանակ։
Միշուստինը ներկայացրել է անցած շաբաթ Ղազախստանում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի արդյունքները:
Ռուսաստանի կառավարության ղեկավարը նշել է, որ ԵԱՏՄ երկրները մտադիր են «ավելացնել փոխադրումները, անխափան անդրսահմանային լոգիստիկայի տեխնոլոգիաներ ներդնել», ընդ որում՝ ինչպես միության ներսում, այնպես էլ մոտակա հարևանների հետ: Նրա խոսքով՝ շարունակվելու է եղածի արդիականացումը և նոր ենթակառուցվածքների կառուցումը։ Նա ավելացրել է, որ ԵԱՏՄ կառավարությունների ղեկավարները Ալմաթիում կայացած նիստում ուշադրություն են դարձրել նաև «հնգյակում» էլեկտրոնային առևտրի զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծման թեմային:
«Մեր առջև խնդիր է դրված ձևավորել առցանց առևտրի շուկայի գործունեության միասնական կանոններ՝ ի շահ և՛ քաղաքացիների, և՛ ձեռնարկատերերի։ Ընդհանուր առմամբ, անդրադարձանք թվային օրակարգի հարցերին։ Պայմանավորվել ենք Միության երկրների ինտեգրված տեղեկատվական համակարգի կատարելագործման հետագա աշխատանքի ակտիվացման մասին», - ասել է Միշուստինը։
ԵԱՏՄ-ն տնտեսական ինտեգրման միջազգային կազմակերպություն է, որի կազմում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը: Դիտորդի կարգավիճակ ունեն Կուբան, Մոլդովան և Ուզբեկստանը։
Աղբյուրը`   armeniasputnik.am