Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2023 թվականին դանդաղել է՝ 14,2%-ից մինչեւ 9,4%

Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2023 թվականին դանդաղել է՝ 14,2%-ից մինչեւ 9,4%

Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2023 թվականի հունվար-դեկտեմբերին դանդաղել է մինչև տարեկան 9,4% (2022 թվականի 14,2%-ից)՝ ուղեկցվելով արտահանման և ներմուծման բարձր դինամիկայի խիստ նկատելի արգելակմամբ։ Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի վերջնական տվյալները։

Վիճակագրության համաձայն,  2023 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին տնտեսական ակտիվության աճը մեծապես պայմանավորել են առևտրի հատվածը՝ տարեկան տեմպերի 17% - ից մինչև 25,7% արագացմամբ, և մի փոքր ավելի պակաս՝ շինարարության ոլորտը ՝ տեմպերի 12,5% - ից մինչև 14,8% արագացմամբ, և ծառայությունների ոլորտը՝ տեմպերի 28,2% - ից մինչև 10,3% արգելակմամբ, որոնց ֆոնին արդյունաբերական հատվածի աճը համեստ է եղել՝ դանդաղելով 7,8% - ից մինչև 4,1%։ Իսկ ագրոհատվածի դինամիկան 0,4 տոկոս աճից վատթարացել է մինչեւ 0,3 տոկոս անկում։ Էներգահամալիրում տարեկան դինամիկան չի նշվում՝ հաշվի առնելով 2023 թվականից հաշվարկի մեթոդաբանության փոփոխությունը, սակայն, որպես համեմատություն նշենք, որ 2022 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին էներգահամալիրը 16,1 տոկոս աճ է գրանցել։

2023թ. հունվար-դեկտեմբեր ամիսների վիճակագրական տվյալների համաձայն, բացարձակ մեծությամբ առաջատարն առևտրի հատվածն է՝ 5.5 տրլն  դրամ (14 մլրդ դոլար) ծավալով։ Երկրորդ տեղն զբաղեցնում է ծառայությունների ոլորտը ՝ 3.03 տրլն դրամ (7.7 մլրդ դոլար), երրորդ տեղում արդյունաբերական հատվածն է՝ 2.8 տրլն դրամ (7.1 մլրդ դոլար), չորրորդ տեղում՝ ագրոհատվածը՝ 948.04 մլրդ դրամ (2.4 մլրդ դոլար), իսկ հինգերորդ տեղն զբաղեցնում է շինարարության ոլորտը՝ 619.7 մլրդ դրամ (1.6 մլրդ դոլար)։ Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը 2023թ. հունվար-դեկտեմբեր ամմիսներին կազմել է 8845,1 մլն կվտ/ժամ, որից միայն դեկտեմբերին՝ 823,2 մլն կվտ/ժամ:

Ալինա Հովհաննիսյան

Աղբյուրը`  finport.am