2023 թվականին Հայաստանի և Ռուսաստանի առևտուրը գերազանցել է 7 մլրդ դոլարը

2023 թվականին Հայաստանի և Ռուսաստանի առևտուրը գերազանցել է 7 մլրդ դոլարը
2023 թվականին Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունն աճել է 43%-ով՝ գերազանցելով 7 մլրդ 306 մլն ԱՄՆ դոլարը։ Այս մասին են վկայում 2023 թվականին ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները։ 2022 թվականի համեմատ Հայաստանի ընդհանուր արտաքին առևտրում Ռուսաստանի տեսակարար կշիռը գրեթե նույն մակարդակում է մնացել (35,6%-ից նվազել է մինչև 35,3%)։ Հայաստանից արտահանումն աճել է շուրջ 39%-ով և կազմել 3 մլրդ 418 մլն։ Այսպիսով՝ ՌԴ-ի հետ առևտրում Հայաստանը գրեթե հավասարեցրել է արտահանումն ու ներմուծումը (47%/53%)։

Մոտ չորս անգամ աճել է առևտուրն ԱՄԷ-ի հետ՝ մինչև 2 մլրդ 298 մլն դոլար, որը գրեթե ամբողջությամբ բաժին է հասել ՀՀ-ից արտահանմանը։ Ինչպես Ռուսաստանի, այնպես էլ ԱՄԷ-ի հետ առևտրի զգալի մասը կազմում է ապրանքների վերավաճառքը՝ կապված ներկայիս աշխարհաքաղաքական իրադարձությունների հետ։ Այդ են մատնանշում 2022 թվականից ի վեր այդ երկու երկրների հետ առևտրի շատ մեծ աճը։
21%-ով աճել է Չինաստանի հետ առևտրի ծավալը՝ հասնելով 2 մլրդ 127 միլիոնի։ Հայաստանից ներմուծումն աճել է 15%-ով՝ հասնելով 425 մլն դոլարի (այն հիմնականում բաղկացած է հանքարդյունաբերությունից)։ Ներմուծման-արտահանման հարաբերակցությունը նույնն է մնացել` մոտ 80%/20% հօգուտ Չինաստանի:
 
45%-ով աճել է ԱՄՆ-ի հետ առևտրի ծավալը, սակայն Հայաստանից արտահանումը կրճատվել է միանգամից 40%-ով (մոտ $78-ից հասնելով $48 մլն-ի)։ Պատճառը բարձր մաքսատուրքերն են, որոնք ԱՄՆ կառավարությունը սահմանել էր Հայաստանից ալյումինե փայլաթիթեղի գնման համար: Հիմա Հայաստանի արտահանում–ներմուծում հարաբերակցությունը ԱՄՆ-ի հետ առևտրում ավելի թույլ է, քան Չինաստանի հետ առևտրում (7%/93%)։
 
Մոտ 2,5%-ով կրճատվել է Իրանի հետ առևտուրը Հայաստանից արտահանման մոտ 15%-ով (մինչև 95 մլն դոլար) նվազման հաշվին։ Արտահանման կրճատումը կարող է կապված լինել «էլեկտրաէներգիա գազի դիմաց» սխեմայով մատակարարումների տատանումների հետ, քանի որ, բացի էլեկտրականությունից, Հայաստանից արտահանումը դեպի Իրան խիստ սահմանափակ է: Հետևաբար, Իրանի հետ առևտրում արտահանումը դեռևս լրջորեն զիջում է ներմուծմանը (մոտ 15%/85%):
 
Ընդհանուր առմամբ, Եվրամիության երկրների հետ առևտուրն աճել է մոտ 17%-ով՝ հասնելով 2 միլիարդ 672 միլիոն դոլարի, բայց արտահանումը կրճատվել է 8%-ով՝ հասնելով մոտ 710 միլիոն դոլարի: ԵՄ-ի հետ առևտրում արտահանման մասնաբաժինը կազմում է մոտ 26%:
 
Ինչ վերաբերում է Հայաստանի արտաքին առևտրում տեսակարար կշռին, ապա Ռուսաստանի դեպքում այն, ինչպես նշեցինք, կազմել է 35,3%, այնուհետև ըստ երկրների. ԱՄԷ՝ 11,1%, Չինաստան՝ 10,3%, Իրան՝ 3,3%, ԱՄՆ՝ 3,2%, ԵՄ երկրներ՝ 12,9%, այդ թվում Գերմանիա՝ 3,1%, Իտալիա՝ 2,0%, Նիդեռլանդներ՝ 1,4%:
 
Աղբյուրը`   sputnikarmenia.am