Թանկանում է, բայց ոչ այդքան. Երևանի փոխքաղաքապետը` տրանսպորտի ուղեվարձի մասին
Երևանի հանրային տրանսպորտի ուղեվարձը կթանկանա, բայց ոչ շատ։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտնեց Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։
Նշենք, որ «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը փետրվարի 5-ին գրել էր, որ ՀՀ իշխանությունը որոշել է Երևանում թանկացնել տրանսպորտի գինը մինչև 260 դրամ։
«Ավագանու որոշ անդամների գրած թվերը սուտ են և մանիպուլյատիվ։ Իրականության հետ կապ չունեն։ Թանկանում է, բայց ոչ այդքան, այսինքն չի նշանակում, թե տրանսպորտի գինն առհասարակ չի թանկանա»,– նշեց Սուրեն Գրիգորյանը։
Նրա խոսքով` պետք է նայել ամսական, եռամսյակային կամ տարեկան փաթեթի տրամաբանությամբ, Tellcell-ի տարբերակով տրանսպորտի ուղեվարձը 180 դրամի շրջանում է լինելու։ Փոխաղաքապետը վստահեցրեց` հատուկ խոցելի խմբերի համար կլինեն շատ ավելի ցածր գներ։
«Շատ–շատ համեստ հաշվարկներով` հիմա տրանսպորտի 1 ուղևորի ինքնարժեքը 200-230 դրամ է։ Սա այն հաշվարկն է, որի դեպքում մեզ ոչ ոք չի կարող մեղադրել, թե մի բան հօգուտ մեզ ենք հաշվել։ Այսօր վճարվում է այդ 200 դրամը, ուղղակի 100 դրամն ուղևորի գրպանից, իսկ մյուս 100-ը` բյուջեից, որը կրկին ձևավորվում է քաղաքացու վճարներից»,– ասաց Գրիգորյանը։
Հիշեցնենք, որ ներկայում Երևանում ավտոբուսների և միկրոավտոբուսների ուղևորավճարը 100 դրամ է, իսկ տրոլեյբուսներինը` 50 դրամ։ Դեռ 2013 թվականին այդ ժամանակվա իշխանություններն առաջարկել էին տրանսպորտի գինը դարձնել 150 դրամ, ու այդ ժամանակ սկսվեցին զանգվածային բողոքի ակցիաներ։ Մասնակիցները «Չենք վճարելու 150 դրամ» և «Վարորդ, միացի՛ր պայքարին» պաստառներով բոյկոտի կոչ էին անում և բացատրություններ պահանջում։
Ի դեպ, այդ ակցիայի մասնակիցների մեջ էր նաև ներկայիս փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։
Աղբյուրը` armeniasputnik.am