Հայաստանը խելամիտ է վարվում. Օնիշչենկոն` բժշկական ապահովագրության ու վարակների մասին

Հայաստանը խելամիտ է վարվում. Օնիշչենկոն` բժշկական ապահովագրության ու վարակների մասին

ՌԴ ԳԱԱ ակադեմիկոս, Ռուսաստանի կրթության ակադեմիայի փոխնախագահ Գենադի Օնիշչենկոն խելամիտ է համարում Հայաստանի մոտեցումը, որ փուլային, առանց ավելորդ շտապողականության պարտադիր բժշկական ապահովագրության համակարգ է ներդնում։

«ԵԱՏՄ երկրների կենսանվտանգությունը» թեմայով Մոսկվա–Աստանա–Բիշքեկ–Երևան–Մինսկ տեսակամրջի ընթացքում (Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնի միացմամբ) նա հիշեցրեց նմանատիպ համակարգի ներդրման ռուսական փորձը, երբ առաջին փուլում վերացավ կանխարգելումը։ Ստացվում էր, որ պարտադիր բժշկական ապահովագրության համակարգը շահագրգռված է հիվանդների թվի աճով և նրանց հիվանդության ծանրությամբ։

Առողջության ապահովագրություն կամ պետական ֆինանսավորում

Միևնույն ժամանակ Ռուսաստանում այս համակարգը բարելավվում է, պետությունը մի շարք հարցերում հոգ է տանում քաղաքացիների առողջության մասին` վերարտադրողական առողջություն, պատվաստումներ և այլն:

«Դուք քաղաքական որոշում եք կայացրել, որ պետք է անցնել ապահովագրական բժշկության: Վիճելի հարց է: Միանշանակ չեմ կարող ասել, բայց երևի դրանից չես փախչի։ Կարևոր է, որ առողջապահության ֆինանսավորումը մեծանա։ Կա ԱՀԿ-ի սահմանումը` յուրաքանչյուր պետություն ՀՆԱ-ի 6-7%-ը պետք է ծախսի իր քաղաքացիների առողջության վրա: Պետք է հիշել ԱՀԿ-ի նաև մեկ այլ սահմանման մասին` մեր առողջության 20%-ն այն է, թե որքանով է բուժօգնությունն արդյունավետ, իսկ 80%-ը մենք ենք` ինչպես ենք մենք ապրում, մեր ապրելակերպը, սնունդը, մեր վերաբերմունքը սեփական առողջության նկատմամբ, արդյոք ծխում ենք, արդյոք աղոթում ենք հեթանոսական Բաքոսին` լինելով քրիստոնյաներ»,- ասաց Օնիշչենկոն։

Նա նաև անդրադարձավ ԵԱՏՄ շրջանակում առողջության ապահովագրության համակարգի ներդաշնակեցմանը` հիշեցնելով, որ ԵԱՏՄ երկրներում գործում է անհետաձգելի օգնություն ցուցաբերելու մասին պայմանագիրը, օրինակ` վթարից տուժածների կյանքը փրկելու անհրաժեշտության դեպքում։ Այնուամենայնիվ, հետագա բուժման, վիրահատությունների և այլնի վճարումը բուժառուների հաշվին է լինում։

«Մենք պետք է այնպես անենք, որ Գյումրու բնակիչը Ռուսաստանում կամ, օրինակ, Գյումրիում կարողանա բժշկական օգնություն ստանալ և չմտածի, թե ինչով է վճարելու, որպեսզի ապահովագրական ընկերությունները իրար մեջ փակեն հաշիվները»,- ընդգծեց ակադեմիկոսը:

X հիվանդությունն առասպե՞լ է

Օնիշչենկոյի կարծիքով` առաջիկա տարիներին աշխարհում կգերիշխեն օդակաթիլային վարակները։ Խոսքը գրիպի և կորոնավիրուսի մասին է։

«Այո՛, քաղաքակրթությունն այնպես է կառուցված, որ միջտեսակային պայքար է առաջանում։ Տարբեր վարակների համաճարակներ եղել են և կլինեն։ 19-20-րդ դարերում վարակները փոխանցվում էին սննդի միջոցով։ Հիմա մարդիկ սկսել են ավելի լավ ապրել, բայց սկսել են գերակշռել օդակաթիլային վարակները` գրիպը, կորոնավիրուսը», - ասաց Օնիշչենկոն։

«X հիվանդության» համավարակի ենթադրյալ սպառնալիքի մասին աշխարհում ակտիվորեն շրջանառվող խոսակցությունները մեկնաբանելու խնդրանքին ի պատասխան, ակադեմիկոսը հայտարարեց, որ դա ընդամենը քաղաքական «ֆրիկ» է, որը հորինել են այսպես կոչված «արդյունավետ մենեջերները»:

Հունվարի 17-ին Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովում հայտարարվեց, որ X հիվանդության համաճարակից մահանալու ցուցանիշը կարող է 20 անգամ գերազանցել Covid-19-ի մահացության վիճակագրությունը:

«Պատուհանից այն կողմ հետաքրքիր կյանք է, իսկ դուք անեկդոտներ եք հավաքում։ Ո՛չ, իհարկե, ոչ մի X հիվանդություն չկա։ Դա ձևակերպում է։ Բարձր մահացության մասին որևէ գիտական հիմնավորում չկա, նույն հաջողությամբ կարելի էր ասել, որ այն 60 կամ 200 անգամ շատ է լինելու։ «Նախապատրաստվենք X հիվանդությանը» բանավեճին մասնակցում էին լրագրողներ, «արդյունավետ մենեջերներ» և ոչ մի բժիշկ։ Ճիշտ է, այնտեղ ներկա էր ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեիսուսը։ Այնտեղ քաղաքական բաղադրիչը քննարկվում էր քաղաքական գործիչների ուղեղները վերակառուցելու համար», - նշեց Օնիշչենկոն։ Նրա խոսքով` ակնհայտորեն ոչ բժշկական ուժերը դոկտրին են առաջ քաշում, որը պարտադիր կլինի ԱՀԿ անդամ բոլոր երկրների համար։

Եթե նախկինում սանիտարահամաճարակային միջոցառումները ձեռնարկվում էին ազգային օրենսդրությունների մակարդակով,յուրաքանչյուր երկիր ինքն էր որոշում, թե ինչպես պետք է պայքարի վարակների դեմ, ապա միջազգային բժշկասանիտարական կանոնների նոր տարբերակը, որը Առողջապահության համաշխարհային ասամբլեայի հաստատմանը կներկայացվի այս տարվա մայիսին, մեխանիկորեն պարտադիր կդառնա, երբ ԱՀԿ-ի անդամ պետությունները վավերացնեն այն։

Համավարակների դեմ պայքարով կզբաղվի մասնագետների միջազգային խումբը, որն իր որոշումները կպարտադրի բոլոր երկրներին։ Ակադեմիկոսը դրանում տեսնում է ԿՀՎ-ի և «ոսկե միլիարդի» «ականջները»:

Աղբյուրը`   armeniasputnik.am