Արագածոտնի մարզպետը ստուգայցեր է կատարել համայնքներում պետբյուջեի միջոցով կառուցվող ու վերակառուցվող օբյեկտներում

Արագածոտնի մարզպետը ստուգայցեր է կատարել  համայնքներում պետբյուջեի միջոցով կառուցվող ու վերակառուցվող օբյեկտներում
Արագածոտնի մարզում պետական բյուջեի միջոցներով իրականացվող ծրագրերը հետևողականորեն մշտադիտարկվում են մարզպետ Սերգեյ Մովսիսյանի կողմից։ Այս մասին տեղեկացնում են Արագածոտնի մարզպետի աշխատակազմից։
 
Ըստ հաղորդագրության` համայնքներում նշված ծրագրերով ընթացող շինարարական աշխատանքների որակը դիտարկելու նպատակով փետրվարի 7–ին մարզպետը, աշխատանաքային ողջ օրվա ընթացքում, մարզպետի աշխատակազմի ղեկավար կազմի ներկայացուցիչների հետ, հերթական ստուգայցերն իրականացրեց։ Մարզի ղեկավարը զրուցեց շինարարների հետ, զննեց կատարված աշխատանքները, տեղում արձանագրեց թերություններն ու հանձնարարականներ տվեց դրանք վերացնելու ուղղությամբ։ Միաժամանակ, մարզպետը ընդգծեց, որ աշխատանքները բարձր որակով և սահմանված ժամկետներում կատարելը խիստ կարևոր են, դրվատեց իրենց գործը ջանադիր կերպով իրականացնող շինարարներին։
 
Աշխատանքային այցերի ընթացքում մի քանի բնակավայրերում մարզպետը հատուկ կանգառներ կատարեց՝ քաղաքացիների հետ զրուցելու, նրանց խնդիրները արձանագրելու նպատակով։
 
Ստուգայցի առաջին կանգառի ընթացքում մարզպետը ծանոթացավ եզդիական Մեծաձոր համայնքի համար ձեռք բերված տեխնիկային, որով կբարելավվեն խոշորացված համայնքի կոմունալ ծառայությունները։ Պետական միջոցներով՝ 20 մլն 700 հազ դրամով, մինչև 2026 թ․ համայնքը կոմունալ ծառայությունների իրականացման համար կունենա 3 միավոր նոր տեխնիկա, այս պահի դրությամբ գնվել է 1-ը՝ նոր տրակտոր։
 
Հաջորդիվ, մարզպետը, Թալինի համայնքապետ Տավրոս Սափեյանի հետ, ծանոթացավ համայնքի բնակավայրերում իրականացվող ծրագրերի նոր ընթացքին։
 
Առաջին այցելությունը դեպի Գառնահովիտ էր, որտեղ ՀՀ Կառավարության «300 դպրոց 500 մանկապարտեզ» ծրագրով կառուցվում է նոր դպրոց։ Ծրագրի արժեքը 771 մլն 684 հազ դրամ է, շինարարական աշխատանքները մեկնարկել են 2020 թ․ և կավարտվեն 2024 թ․։ Այս պահի դրությամբ կառուցման աշխատանքներն իրականացված են 65 %-ով։
 
Ստուգայցի հաջորդ ուղղությունը Թալինի բժշկական կենտրոնն էր։ 1 մլրդ 299 մլն 919 հազ դրամ պետական ներդրման շնորհիվ Թալինի բնակչությունը հաշված ամիսներ անց հնարավորություն կունենա օգտվել վերակառուցված, ժամանակակից սարքավորումներով հագեցած ու նոր ստանդարտներին համապատասխան բժշկական կենտրոնից։ Աշխատանքներն իրականացված են 95 %-ով։
 
Թալինի ավագ դպրոցի աշակերտները ևս Կառավարության ներդրման շնորհիվ շուտով կվայելեն դպրոցի նոր վերանորոգված ու կահավորված մարզադահլիճը։Կատարված աշխատանքներն այսօր դիտարկվեցին մարզպետ Սերգեյ Մովսիսյանի կողմից։ Մարզադահլիճի վերանորոգման համար Կառավարությունը 189 մլն 204 հազ դրամ է հատկացրել։ Ինչպես զեկուցվեց մարզպետին՝ աշխատանքներն այս պահի դրությամբ կատարված են 83 %-ով։
 
«300 դպրոց 500 մանկապարտեզ ծրագրով» կառուցվող ևս մեկ կրթօջախի՝ Լուսակնի միջնակարգ դպրոցի աշխատանքների նոր ընթացքը մարզպետը մանրակրկտորեն ուսումնասիրեց։
 
Դպրոցի կառուցման համար Կառավարության ներդրումը 661 մլն 425 հազ դրամ է, այս պահի դրությամբ աշխատանքների զգալի մասը՝ 62 %-ը կատարված է։ Ծրագիրը մեկնարկել է 2020 թ․ և նախատեսվում է ավարտել 2024 թ․։
 
Օրվա ստուգայցերն ամփոփվեցին Արագածավանում՝ նոր կառուցվող դպրոցի շինհրապարակում․ Արագածավանի թիվ 1 միջնակարգ դպրոցի նոր շենքի կառուցման համար Կառավարությունը հատկացրել է 2 մլրդ 327 մլն 316 հազ դրամ, ծրագիրը մեկնարկել է 2023 թ․ և նախատեսվում է ավարտել 2025 թ․, այս պահի դրությամբ կառուցման աշխատանքները կատարված են 25 %-ով։
 
Ստուգայցերը շարունակական են։