Արդիականացման ծրագրեր՝ Երևանի մետրոպոլիտենում

Արդիականացման ծրագրեր՝ Երևանի մետրոպոլիտենում

Երևանի մետրոպոլիտենում շարունակվում են արդիականացման ծրագրերը. իրականացվում է շարժասանդուղքների փոխարինում, շարժակազմերի ավելացում, ներքին և արտաքին լուսավորության ցանցի նորացում: «Հանրապետության հրապարակ» կայարանում արդեն իսկ շահագործման են հանձնվել նոր շարժասանդուղքները:

Ըստ Երևանի քաղաքապետարանի հաղորդագրության` Մետրոպոլիտենի շարժակազմում արդեն գործում է 32 վագոն: Քաղաքացիների շրջանում իրականացված դիտարկմամբ պարզվել է, որ ծանրաբեռնվածության վերաբերյալ բողոքներ այլևս չկան:

«Գործարանային» կայարանում լուսավորության ցանցն արդեն իսկ  արդիականացված և ամբողջությամբ վերականգնված է: 

Երևանի մետրոպոլիտենը մոտ ապագայում ևս մեկ կայարան կունենա. պատրաստ է «Աջափնյակ» կայարանի նախագիծը, և շուտով կմեկնարկի շինարարությունը:

Մետրոպոլիտենում նախաձեռնված բարեփոխումները շարունակական են, լուծումները՝ համակարգային: Ավելի քան 3 տասնամյակ անց Երևանում իրականություն կդառնա նաև մետրոպոլիտենի նոր կայարան ունենալու գաղափարը: