Վահան Քերոբյանը հանդիպում է ունեցել Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության ներկայացուցիչների հետ
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը փետրվարի 9-ին հանդիպել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության ներկայացուցիչների հետ։
Ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարարության լրատվության վարչության հաղորդագրության` հանդիպման ընթացքում նախարարը ներկայացրել է Էկոնոմիկայի նախարարության 2023թ. գործունեության հաշվետվությունը, մակրոտնտեսական ցուցանիշները, տնտեսության զարգացման հիմնական միտումները, ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունը, ընթացիկ ու մշակման փուլում գտնվող խոշոր նախագծերը։
Վահան Քերոբյանն անդրադարձել է ընկերությունների արտադրողականության բարձրացմանն ուղղված աջակցության գործիքակազմին, այդ թվում՝ տնտեսության արդիականացման միջոցառման բաղադրիչներին, տնտեսապես բարդ ապրանքների արտադրության խթանման, ինչպես նաև թողարկման և վարկանիշավորման պետական աջակցության ծրագրերին։
Նախարարը ներկայացրել է նաև Հայաստանում զբոսաշրջության ոլորտի օրենսդրական փոփոխությունները։ Նա նաև նշել է, որ պետությունը խոշոր ներդրումներ է իրականացնում զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ, և առաջիկայում նախատեսվում է ստեղծել 20 զբոսաշրջային կլաստեր։
Հանդիպման ընթացքում Վահան Քերոբյանը պատասխանել է միության անդամների հարցերին ու լսել նրանց առաջարկները։