Ոչ թե զբաղվածության խթանում, այլ որակավորման խնդրի լուծում․ էկոնոմիկայի փոխնախարարը՝ նոր ծրագրի մասին

Ոչ թե զբաղվածության խթանում, այլ որակավորման խնդրի լուծում․ էկոնոմիկայի փոխնախարարը՝ նոր ծրագրի մասին

Կառավարությունը հաստատել է մշակող արդյունաբերության ոլորտում աշխատողների ներգրավման միջոցառումը։ Ծրագրի շահառու են համարվում Հայաստանի Հանրապետությունում գրանցված և փաստացի գործունեություն իրականացնող այն առևտրային կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը, բացառությամբ դիմումը ներկայացնելու և (կամ) նախորդող օրացուցային տարվա (տարիների) ընթացքում միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսացող (հանդիսացած) տնտեսավարողների՝ որոնք դիմումի ներկայացման օրվան նախորդող օրվա դրությամբ չունեն հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների մասով հարկային պարտավորություններ։ Աջակցությունը վերաբերում է մշակող արդյունաբերության ոլորտին, նպատակը մասնագետներ պատրաստելն ու հետագայում նրանց ոլորտում աշխատանքի ընդունելն է։

Շահառուին աջակցությունը տրամադրվում է այն դեպքում, եթե շահառուի և աշխատողի միջև աշխատանքային հարաբերությունների հաստատման առաջին տասներկու ամիսները ներառված են 2024 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում։

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը «Ռադիոլուրին» պարզաբանել  է՝ նախարարությունը նմանատիպ ծրագիր չունի։ Այլ պետական մարմիններ ունեն նմանատիպ ծրագրեր, բայց որոշակի փոփոխություններ կան։

«Կան որոշակի առանձնահատկություններ, որոնք մեր ծրագիրն ավելի թիրախային են դարձնում, քանի որ մեր ծրագրի շրջանակներում չենք փորձում լուծել, օրինակ, զբաղվածության կամ գործազրկության քաղաքականության թիրախներին միտված հարցեր, այլ լուծում ենք որակավորման խնդիր։ Մեր թիրախը ոչ թե գործազուրկն է, այլ գործատուն, որը պետք է պատարստի ու իր կարիքները բավարարի»։

Ծրագիրը ավելի վաղ էր մշակվել, բայց սեպտեմբերյան դեպքերից հետո որոշակի փոփոխություններ են նախատեսել, ավելացնելով բռնի տեղահանվածների համար որոշակի արտոնություններ։

«Եթե մնացածի դեպքում ստուգում են ՊԵԿ համակարգի միջոցով աշխատանքային փորձը, ապա բռնի տեղահանվածների դեպքում նմանատիպ ստուգում չի իրականացվում։ Եվ ըստ էության բոլորը կարող են բավարարել ծրագրի պահանջին։ Մենք Արցախի բնակչության դեպքում զբաղվածության խնդիր ենք փորձում լուծել»։

Միջոցառման շրջանակներում աջակցությունը ստանալու նպատակով շահառուն ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգից ներկայացնում է սահմանված դիմում։ Ընդ որում՝ դիմումի ներկայացման վերջնաժամկետը 2027 թվականի մարտի 1-ն է։ Դիմումը ներկայացվելու պահին ՊԵԿ-ի կողմից ինքնաշխատ եղանակով ստուգվում են սույն միջոցառմամբ սահմանված պայմաններին բավարարման հիմքերը՝ հարկային մարմնի տեղեկատվական համակարգում առկա տեղեկատվության հիման վրա։ Եթե դիմողը չի բավարարում սույն միջոցառման 2-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված պայմաններին և (կամ) եթե դիմումում նշված անձը (անձինք) չի բավարարում (չեն բավարարում) սույն միջոցառման 2-րդ կետի 2-րդ ենթակետով կամ 3-րդ կետով սահմանված պայմաններին, ապա դիմումը հնարավոր չի լինում հանձնել և այդ մասին տեղեկացվում է դիմումը ներկայացնողին։

Միջոցառման շրջանակներում շահառուին աջակցությունը տրամադրվում է շահառուի և աշխատողի միջև աշխատանքային հարաբերությունների առաջին տասներկու ամիսների (այդ թվում՝ աշխատանքային հարաբերությունների սկիզբը ներառող ամսվա) համար աշխատողների մասով հաշվարկված աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների նկատմամբ հաշվարկված եկամտային հարկի չափով, բայց յուրաքանչյուր շահառուին մեկ աշխատողի մասով տասներկու ամիսների հաշվարկով ոչ ավելի, քան 500.000 դրամ։