Հայաստանում արտադրվում են 4-րդ, 5-րդ սերնդի գերժամանակակից զինատեսակներ

Հայաստանում արտադրվում են 4-րդ, 5-րդ սերնդի գերժամանակակից զինատեսակներ

Ռազմաարդյունաբերության ոլորտում մենք ունենք շրջադարձային  փոփոխություններ, այսօր ունենք զինատեսակներ, որոնք արտադրվում են ՀՀ-ում: Այս մասին  «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասել է  ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը:

«Այդ զինատեսակները գուցե 4-րդ, 5-րդ սերնդի զինատեսակներ են, եւ կան զարգացած երկրներ, որոնք չեն էլ արտադրում այդ զինատեսակներ: Այս տեմպերը պահպանելու դեպքում մենք 1-2 տարի հետո կունենանք բարձրտեխնոլոգիական ձեռքբերումներ, որոնք աշխարհում հայտնի կլինեն որպես հայկական ձեռքբերումներ, իհարկե, ռազմական, զինտեխնիկայի ոլորտում, եթե այս տեմպերով շարունակվի:

Իհարկե, Հայաստանը փոքր երկիր է, ամեն ինչ չի կարող արտադրել, մենք հակված ենք արտադրել այնպիսի տեխնիկա, որը գերժամանակակից է, ավելի շատ խնդիր է լուծում եւ բարձր տեխնոլոգիաների կիրառման միջոցով է այդ զինտեխնիկան արտադրվում: Իհարկե, այդ ամենը երկար քողարկել չի լինում, բայց այս պահի դրությամբ ճիշտը շատ գործ անելն է եւ քիչ խոսելը»,- ասաց նա՝ հավելելով, որ նոր թափ է հաղորդվել ռազմաարդյունաբերական ոլորտին: