Վրաստանը 2023 թվականին զբոսաշրջությունից ռեկորդային 4,1 միլիարդ դոլար է վաստակել

Վրաստանը 2023 թվականին զբոսաշրջությունից ռեկորդային 4,1 միլիարդ դոլար է վաստակել

Միջազգային զբոսաշրջությունից Վրաստանի եկամուտներն անցյալ տարի հասել են ռեկորդային 4,1 միլիարդ դոլարի, ինչը 17,3 տոկոսով գերազանցում է 2022 թ. տվյալները։ 

 «2023 թվականին միջազգային զբոսաշրջությունից ստացված եկամուտը 26,2 %-ով (856,7 մլն դոլար) գերազանցել է 2019 թվականի (նախահամավարակային) մակարդակը, իսկ 2022 թվականի մակարդակը՝ 17,3 %-ով (608,7 մլն դոլար): Վրաստանը  4,1 մլրդ դոլարի ռեկորդային շահույթ է ստացել», - հաղորդում է Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչակազմը։

Գերատեսչության տվյալներով՝ անցյալ տարի զբոսաշրջության նպատակով Վրաստան են ժամանել 4 միլիոն 669 հազար 467 օտարերկրյա քաղաքացիներ, ինչը 27,8 տոկոսով գերազանցում է 2022 թ. տվյալները: Ընդհանուր առմամբ, անցյալ տարի Վրաստանի ոչ ռեզիդենտները երկիր են այցելել ավելի քան 7 միլիոն անգամ։ Այս ցուցանիշը մեկ տարվա ընթացքում աճել է 30,3 %-ով։ 2023 թ. ամենաշատ ուղևորությունները Վրաստան կատարել են Ռուսաստանի քաղաքացիները՝ ավելի քան 1,4 միլիոն, ինչը 30,5 տոկոսով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից: Երկրորդ տեղում Թուրքիայի քաղաքացիներն են (ավելի քան 1,3 մլն), որին հաջորդում են Հայաստանի քաղաքացիները (ավելի քան 962 հազար) և Իսրայելի քաղաքացիները (ավելի քան 217 հազար)։

Աղբյուրը՝      armenpress.am